Հասարակություն

«Հրապարակ». Մարտունու ծննդատունը՝ ԲԿ տանիքի տակ

«Հրապարակ». Մարտունու ծննդատունը՝ ԲԿ տանիքի տակ

2025 թվականի նոյեմբերի 28-ին առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել էր Մարտունու բժշկական կենտրոն, անգամ ԲԿ-ի տանիքն էր բարձրացել եւ Գեղարքունիքի մարզպետի հետ համատեղ «Մարտունի» ԲԿ-ի շինաշխատանքների հետ կապված աշխատանքային քննարկում ունեցել, որին մասնակցել էր նաեւ ԲԿ-ի տնօրեն Անդրանիկ Հարությունյանը, որը, չգիտես ինչու, մեր հարցերին կցկտուր պատասխաններ տվեց, երբ հետաքրքրվեցինք, թե նախարարի հետ ինչ քննարկում է եղել, կրկին խնդիրներ կա՞ն ԲԿ-ում շինարարության հետ կապված։ «Ոչ մի խնդիր չունենք, ես չեմ հիշում, որ նման բան լինի, չգիտեմ, թե ինչ նկատի ունեք»: Նախարարն անգամ տանիք էր բարձրացել եւ տեսանյութ հրապարակել։ «Տանիքի հիմնանորոգում չէ, էնտեղ նոր ծննդատուն է նախատեսվում, ծննդատան հետ կապված՝ որոշակի խնդիրներ, քննարկումներ են, որը որ շինարարներն ասում են, եւ նախագծով դա նախատեսված չէ: Կոնկրետ դրանով զբաղվում են համապատասխան մարմինները՝ ստուգելու, թե արդյո՞ք այդ փոփոխությունները պետք է արվեին, նախագծում կա՞ն, թե՞ չկան»:

Իսկ կարո՞ղ եք ավելի հստակ ասել՝ ինչ փոփոխությունների մասին է խոսքը, ԲԿ-ն կառուցող շինարարներն ինչ-որ հատված չե՞ն կառուցել, թե՞ այլ շինարարության մասին է խոսքը։ «Փոփոխություններ պետք է արվեն, որն ինչի համար է, չեմ կարող ասել, դա ճշտման փուլում է: Շինարարների հետ կապված՝ կա քրեական գործ, թող ճշտեն, քրեական գործով կպարզաբանվի՝ եթե թերություններ են եղել, կշտկեն»։ ԲԿ տնօրենից հետաքրքրվեցինք՝ եթե թերացել էին կամ գործը ավարտին չէին հասցրել, ինչպե՞ս է շենքի ավարտական ակտը ստորագրվել։ «Ինչի համար որ ավարտական ակտը տրվել է, դրա համար ամեն ինչ նորմալ է»: Դուք ԲԿ-ի տնօրենն եք, այդ ժամանակ թերություններ չե՞ք նկատել։ «Ես չգիտեմ, ես մասնագետ չեմ, չէի կարող տեսնել»: Իսկ ավարտական ակտը մարզպե՞տն է ստորագրել։ «Ոչ միայն մարզպետը»: Փաստորեն, ԲԿ-ի վերջին հարկն ուզում եք ծննդատո՞ւն դարձնել։ «Չգիտեմ, դա նախարարությունից պետք է որոշեն»: Դուք անձամբ եք մասնակցել այդ քննարկմանը, չգիտե՞ք, թե ինչ է նախարարությունն ուզում անել։ «Ես ընդամենը կազմակերպում եմ հիվանդանոցի աշխատանքը, ես չեմ կարող ասել՝ կորպուս կավելանա, ծննդատունը որտեղ կսարքվի, դրա որոշողը ես չեմ: Եթե իմ կարծիքը հաշվի առնեն, եթե կարիքը լինի, ես կասեմ՝ ոնց անեն, մնացածը՝ մասնագիտական խումբ է աշխատում, իրենք էլ կորոշեն: Ես դրա ո՛չ իրավասությունն ունեմ, ո՛չ էլ՝ իրավունքը: Ես մասնագետ չեմ, որ ասեմ՝ որտեղ կամ ինչ կոնստրուկցիաներով պետք է սարքվի»:

«Առողջության իրավունք» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրեն անհասկանալի է, թե ինչու են որոշել նոր ծննդատուն կառուցել, քանի որ, ըստ նրա, Մարտունու ծննդատունը մարզային առողջապահության ամենակայացած, ամենաճիշտ չափորոշիչներով աշխատող կլինիկան է, ունի հստակ ռազմավարություն եւ տարին տարվա վրա զարգանում է: «Վերջերս պետության կողմից ներդրում կատարվեց, եւ Մարտունու ծննդատանը բացվեց արհեստական բեղմնավորման հետ կապված բաժանմունք, եւ հիմա թե նորից որտեղ են փորձում այդ ծննդատունը տեղավորել, ես չեմ կարող ասել, բայց հստակ գիտեմ, որ Մարտունու ԲԿ-ի շենքային պայմանները թույլ չեն տալիս այդտեղ ավել բաժանմունք ծավալել, քանի որ արդեն իսկ ստեղծված ծառայութունների համար այդ հիվանդանոցը փոքր է: Բացի դա, կան շինարարական խնդիրներ, որի մասին բազմաթիվ անգամներ խոսվել է, ինչքանով ես տիրապետում եմ, կա նաեւ հարուցված քրեական գործ՝ չարաշահումների հետ կապված, եւ ինձ համար հասկանալի չէ՝ ինչու են Մարտունու ծննդատունը տեղափոխում: Ի՞նչ են անելու գործող ծննդատան շենքի հետ, ինչո՞ւ են այդ ռիսկը վերցնում՝ ծննդատունը մտցնում հիվանդանոցի մեջ եւ ծննդկաններին տարբեր վարակների թիրախ դարձնում»։

Հիշեցնենք, որ 2023 թվականին մեծ շուքով բացվեց Գեղարքունիքի մարզի Մարտունու բժշկական կենտրոնը: Կարճ ժամանակ անց պարզվեց, որ շինարարությունն անորակ է, վարչապետի մասնակցությամբ բացված ԲԿ-ն ենթակա չէ շահագործման։ Դրա հետեւանքով նույնիսկ առողջապահության նախարարության պաշտոնյաներ ազատվեցին աշխատանքից՝ փոխնախարարը եւ ԾԻԳ-ի պետը։ Իսկ ԲԿ տնօրեն Անդրանիկ Հարությունյանը տնօրենի պաշտոնը զբաղեցրեց օրենքի խախտումով:
 

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image