Քաղաքականություն

Ռոմանոսն արձակուրդ կգնա ու գործի կանցնի 

Ռոմանոսն արձակուրդ կգնա ու գործի կանցնի 

Անցած տարի Աբովյանի քաղաքապետի ընտրություններին, Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն արձակուրդ վերցրեց եւ իր ողջ հնարքներն ուղղեց Աբովյանում՝  իր թեկնածուի հաղթանակի օգտին: Հենց այդ ժամանակ նա դիմեց մարզի դատախազություն` պահանջելով  քննության առարկա դարձնել Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում 2019 թվականի մարտի 7-ին կայացած համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդները և չեղարկել դրանց արդյունքները։  Մարզպետն անգամ հայտարարություն տարածեց, ըստ որի՝ Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանը մեղադրվում է 67 միավոր համայնքային սեփականության հողամասերի դասական աճուրդի գործընթացում իրավախախտումներ թույլ տալու մեջ:

Այս մասով քրեական գործ է հարուցվել, որը նախ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ մերժվել է Կոտայքի մարզային վարչության Կոտայքի բաժնի հետաքննության բաժանմունքի կողմից, այնուհետև կրկին քրեական հանցագործության գնահատական է ստացել գլխավոր դատախազի կողմից: Քաղաքապետի ընտրությունների պայքարը սրանով չավարտվեց: Ընտրությունների նախօրեին էլ այրեցին ՔՊ-ի թեկնածուի շտաբներից մեկի պետի ավտոմեքենան, Քրեական օրենսգրքի 185 հոդվածի 2-րդ մասով քրգործ հարուցվեց, շտաբի պետը ճանաչվեց տուժող, հարցաքննվեցին շուրջ 20 հոգի` որպես վկա: Ընտրություններից հետո մարզպետի ՔՊ-ական թեկնածուն պարտվեց, եւ մարզպետը հանգիստ նստեց տեղը: 

Հանրաքվեին ընդառաջ՝ պատմությունը կրկնվում է: Երեկ դատախազությունը հայտարարություն տարածեց, ըստ որի՝ համայնքային հողամասերի ինքնակամ զավթումը, շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ միջոցներ չձեռնարկելու համար մեղադրանք է  առաջադրվել Աբովյան համայնքի ղեկավարին, ՀՀ քրեական օրենսգրքի 315 հոդվածի 2-րդ մասով:

Տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմում են ՝ մարզպետի եղբայրը՝ Ռուբեն Պետրոսյանը Աբովյանի 29/1 տեղամասում «Այո»-ի անդամ է: Կինը՝ 29/13 տեղամասում «Այո»-ի քարտուղար: Մարզպետի բարեկամը,  նախկին տեղակալը, այժմ՝ Կոտայքի ՋՕ-ի տնօրեն Պավել Ցուգունյանը  29/9 ընտրատեղամասի «Այո»-ի նախագահ, կինը՝ Քոսյան Նարինեն 29/8 տեղամասում՝ «Այո»-ի նախագահ:

Կոտայքի մարզպետն այս անգամ էլ ջանք ու եռանդ չի խնայի, որ Աբովյանում «Այո»-ն հաղթանակ տանի: Իսկ հաղթանակի հասնելու համար նա մարտի 13-ից արձակուրդ կգնա, որպես ՔՊ-ի «զինվոր»` ակտիվ զբաղվի հանրաքվեի քարոզարշավով:  Իսկ թե ինչ ավարտ կունենա հանրաքվեի քարոզարշավի վերջին օրը, դժվար է ասել, ամեն դեպքում, այս անգամ համոզված ենք, որ ավտոմեքենա չի այրվի:  

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image