Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Ուկրաինայի առաջնորդները համաձայնեցրել են Ռուսաստանի հետ պատերազմը դադարեցնելու «արդար և երկարատև» համաձայնագրի հինգ պայմանների շուրջ։
Համատեղ հայտարարության մեջ կողմերը «ընդգծել են, որ Եվրոպան՝ որպես Ուկրաինայի անսասան դաշնակից, պետք է կենսական դեր խաղա ցանկացած կարգավորման մեջ»։
«Առաջնորդները հստակեցրին, որ բոլոր ջանքերը պետք է ձեռնարկվեն Ուկրաինայի, այլ եվրոպական գործընկերների և Միացյալ Նահանգների հետ սերտ համագործակցությամբ», - ասվում է հայտարարության մեջ։
Առաջնորդները նաև մատնանաշել են այն հինգ պայմանները, որոնք պետք է ստեղծվեն արդար և երկարատև խաղաղության համար՝
1․ Անհապաղ հրադադար։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պետք է համաձայնվի ռազմական գործողությունների լիակատար դադարեցմանը։
2․ Գործող շփման գիծը պետք է դառնա բանակցությունների մեկնարկային կետը։ Սահմանները չեն կարող փոխվել ուժով, և Ուկրաինայի ինքնիշխան իրավունքը՝ դաշինքներ կազմելու (ներառյալ ՆԱՏՕ-ի հետ) պետք է լիովին հարգվի։
3․ Ուկրաինայի անվտանգության հավաստի իրավական երաշխիքներ։ Դրանք պետք է ուժի մեջ մտնեն հրադադարից անմիջապես հետո և ներառեն միջազգային ուժերի տեղակայումը Ուկրաինայում։
4․ Ռուսական միջոցները կմնան սառեցված մինչև Ռուսաստանը չփոխհատուցի բոլոր կորուստները։
5․ Խաղաղության համաձայնագիրը պետք է հաշվի առնի եվրոպական անվտանգության շահերը։ ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի մասնակցությամբ ցանկացած բանակցություն կպահանջի ԵՄ-ի և նրա անդամ պետությունների, ինչպես նաև ՆԱՏՕ-ի դաշնակիցների համաձայնությունը։
Հայտարարության մեջ նաև նշվում է, որ առաջնորդները «ողջունել են Ուկրաինայի վերջին հաջողությունները մարտադաշտում, մասնավորապես՝ տարածքների վերջին ազատագրումը և անօդաչու թռչող սարքերի տեխնոլոգիայի նորարարական կիրառումը»։ Նրանք նաև դատապարտել են Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ իրականացված լայնածավալ հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարձակումները, մասնավորապես՝ «Օրեշնիկ» հրթիռների բազմակի կիրառումը, ինչպես նաև ռուսական անօդաչու թռչող սարքերի ներխուժումը ՆԱՏՕ-ի տարածք։ Ավելին, առաջնորդները քննարկել են Ուկրաինային շարունակական աջակցությունը, ինչպես նաև այն, թե ինչպես ՆԱՏՕ-ն «կարող է դասեր քաղել Ուկրաինայի մարտադաշտի փորձից և ամրապնդել Ուկրաինայի հետ երկարաժամկետ արդյունաբերական համագործակցությունը՝ Եվրոպայի սեփական պաշտպանությունն ամրապնդելու համար»։
Հանդիպման մասնակիցները նաև «բարձր են գնահատել» Զելենսկու կոչը՝ պատերազմը բանակցային ճանապարհով դադարեցնելու վերաբերյալ, որը նշվել է հունիսի 4-ին Պուտինին ուղղված նրա նամակում։