Հասարակություն

Սեւանի ափին 155 հա տարածք պետք է մաքրվի, եւ դա կարվի մրցույթով

Սեւանի ափին 155 հա տարածք պետք է մաքրվի, եւ դա կարվի մրցույթով

«Հրապարակի» հարցերին պատասխանում է «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արման Աբելյանը: 

- «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին ենթակա ափամերձ տարածքներում շարունակվում է ապօրինի շենք-շինությունների, տաղավարների, պարիսպների ապամոնտաժման ու տարածքներն աղբից մաքրելու գործընթացը։ Որքա՞ն ապօրինի կառուցված շենք-շինություններ են ապամոնտաժվել 1 տարվա ընթացքում: 

- Գույքագրում է կատարվել, առաջնահերթ 1697 շենք-շինություններ են, որոնք գտնվում են 1901.5 նիշից ներքեւ, դրանք ենթակա են ապամոնտաժման: Այս պահի դրությամբ ապամոնտաժվել է 80 շենք-շինություն: Ունենք 4 տեխնիկա, հիմա մեր տեխնիկաները Մարտունու հատվածում են մաքրման աշխատանքներ իրականացնում, դրան զուգահեռ՝ նաեւ ապամոնտաժում ենք: Շուտով տեխնիկաներով կհամալրենք պարկը եւ ավելի արագ կիրականացնենք աշխատանքները:

- Պարո՛ն Աբելյան, իսկ ապամոնտաժելու ընթացքում խոչընդոտներ չե՞ն լինում վարձակալների կողմից:

- Բոլորը ծանուցված են, լուրջ բաներ չեն եղել, եղել են ինչ-որ թեթեւ բաներ՝ հարթվել են: Վարձակալների կնքած պայմանագիրը հողամասի հետ է կապված, իսկ շինարարական աշխատանքներ իրավունք չունեին կատարել:

- Այս տարի կառավարության կողմից որքա՞ն գումար է հատկացվել ափամերձ հատվածների մաքրման աշխատանքների համար:

- Ծրագրով 89 հա տրված է մեզ, որ մաքրման աշխատանքներ կատարենք, ու մենք այդ սկսել ենք հունվար ամսից: Եղանակի հետ կապված՝ մի քիչ դանդաղ է ընթանում, մոտ 4 հա արդեն կատարվել է: 89 հա-ի համար կառավարությունը մեզ հատկացրել է 120 մլն դրամ: 155 հա տարածք կա, որը պետք է մաքրվի, եւ դա կարվի մրցույթով: Նախարարությունը մրցույթ կհայտարարի, որ ընկերությունը շահի, այդ ընկերությունն էլ կիրականացնի մաքրման աշխատանքները:

- Ձկան պաշարների հետ կապված ի՞նչ պատկեր ունենք այս տարի:

- Ձվադրման սեզոնը դուրս եկանք, այս տարի, համեմատած անցած տարվա հետ, արդյունքները տպավորիչ էին, ասեմ ավելին՝ ձկան պաշարները կավելանան 99 տոկոսով: 

- Ինչո՞ւ է լճում խեցգետնի պաշարը տարեցտարի նվազում, ո՞րն է պատճառը: 

- Ցավոք, խեցգետնի պաշարները շատ քիչ են, պատճառները որսագործիքներն են, բացի դա, ինչ-որ հիվանդության հետ կապված՝ պոպուլյացիան նվազեց: Իմ ունեցած ինֆորմացիայով՝ կան մասնավոր ընկերություններ, որոնք Վրաստանից եւ Պարսկաստանից խեցգետին են բերում, բուծում: 

- Ռոմանոս Պետրոսյանի ջանքերով նշանակվեցիք «Սեւան» ազգային պարկի տնօրենի ԺՊ: Պետրոսյանի ընկեր Նարեկ Նալբանդյանի ՍՊԸ-ն ստանձնեց 3 հանրային լողափերի սպասարկումը: Մյուս 5 հանրային լողափերի մրցույթը հնարավո՞ր է «պատահաբար» նորից շահի «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ն: 

- Արդեն հարցը լրիվ ուրիշ ուղղությամբ եք տանում: Ռոմանոս Պետրոսյանի նախարար եղած ժամանակ իմ եւ Պետրոսյանի հարաբերությունները եղել են զուտ աշխատանքային։ Նարեկի եւ Ռոմանոսի հարաբերություններից ես տեղյակ չեմ, բայց կարող եմ վստահեցնել՝ «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ն բավականին աշխատանքներ է կատարել հանրային լողափերի համար: Մնացածի մասով, կներեք, ես ոչինչ չեմ կարող ասել:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image