«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը կնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ մասնակցել է քվեարկությանը Երևանի 7/3 ընտրատեղամասում։
Քվեարկությունից հետո նա լրագրողների հետ զրույցում նշել է, որ իր ընտրությունը կատարել է հանուն Հայաստանի՝ ընդգծելով ազգային ինքնության պահպանումը, ինչպես նաև երկրի անվտանգ, պաշտպանված և բարեկեցիկ ապագան։
Քոչարյանը բարձր է գնահատել ընդդիմության հնարավորությունները՝ հայտարարելով, որ սպասվում են զգալի քաղաքական փոփոխություններ։ Նրա խոսքով՝ նախորդ ընտրությունների ժամանակ իրենց մանդատները բավարար չեն եղել նպատակներին հասնելու համար, սակայն իրենք շարունակել են մնալ քաղաքական պայքարում և չեն նահանջել։
Քոչարյանը վերահաստատել է, որ իրենց ձայները կտան առավել մեծ աջակցություն ստացած ընդդիմադիր ուժի թեկնածուին։
Անդրադառնալով հարցին, թե արդյոք գործող վարչապետը կհեռանա իշխանությունից ժողովրդի կամքի դեպքում, նա նշել է, որ հակառակ դեպքում իրավիճակը կարող է ծանր հետևանքներ ունենալ՝ հավելելով, որ այդ մեկնաբանությունը յուրաքանչյուրն իր պատկերացմամբ կարող է ընկալել։
«Եթե չգնա, շատ վատ է ավարտվելու»,- ասել է նա: