Հրապարակի իմ գործընկեր Վախթանգ Սիրադեղյանը հանդես է եկել իմ կարծիքով շատ հետաքրքիր մի առաջարկությամբ: Նա խորհրդարանական ընդդիմությանն առաջարկել է պաշտպանել Հովիկ Աղազարյանին Նիկոլից և փորձել այդ եղանակով հասնել Նիկոլի հեռացմանը: Վախթանգն ավելի խիստ բառեր է գործածել՝ «հասնել «ազգակործան պատուհաս» անվանված անձից հայրենիքի ազատագրմանը»: Վատ առաջարկ չէ, իմ կարծիքով, մանավանդ որ խորհրդարանական ընդդիմության ծրագրային առաջնահերթություններից մեկն էլ հենց դա է: Հիշում եմ, մի անգամ նույնիսկ Ալեն Սիմոնյանն այս հարցով հեգնեց ընդդիմությանը՝ բա եկել էիք մեզ հեռացնելու ծրագրով, ինչո՞ւ չեք հեռացրել:
Վախթանգն ասում է՝ հիմա լավ պահ է, պետք է առիթը բաց չթողնել, պաշտպանել Հովիկ Աղազարյանին և հասնել Նիկոլի հեռացմանը: Գործընկերս նույնիսկ Դաշնակցության դերն է կարևորել այդ գործում՝ հիշեցնելով Հովիկ Աղազարյանի քաղաքական անցյալը: Ինչևէ, Վախթանգ ջան, երկու ձեռքով կողմ եմ քո առաջարկին, բայց ես, ցավոք, քո չափ վստահ չեմ, որ Հովիկ Աղազարյանին պաշտպանելով՝ մեզ կհաջողվի իրականացնել աշխարհում թերևս ամենաէկզոտիկ իշխանափոխությունը: Ինձ որևէ քաղաքագիտական ուսմունք հայտնի չէ, որով գոնե հնարավոր լինի բացատրել, թե ինչպես կարող է իշխանափոխություն տեղի ունենալ իշխող կուսակցության ղեկավարի և շարքային անդամի միջև ծագած անհամաձայնություններից: Լավ, իշխանափոխությունը դեռ դնենք մի կողմ: Ենթադրենք հիմա ընդդիմությունը կանգնի և ինչքան ուժ ունի պաշտպանի Հովիկ Աղազարյանին, որպեսզի Նիկոլին, եթե չհեռացնի էլ, ապա որոշակի վնաս հասցնի: Սիրելի Վախթանգ, դու ի՞նչ երաշխիք ունես, որ դրանից ավելի շատ կտուժի Նիկոլը և ոչ թե Հովիկ Աղազարյանը: Հաշվարկե՞լ ես, արդյոք, թե ինչ տեղի կունենա Հովիկ Աղազարյանի հետ, եթե Նիկոլը, նրա պատճառով, լրացուցիչ քննադատության արժանանա ընդդիմության կողմից և դույզն-ինչ տուժի: Ախր Հովիկ Աղազարյանին կնստացնի… Նիկոլին չե՞ս ճանաչում: Եվ որեմն ընդդիմության խնդիրը ո՞րն է այստեղ: Նույնիսկ հնարավոր չէ ասել, որ Հովիկ Աղազարյանը ենթարկվում է քաղաքական հետապնդման: Իրենք, իրենց ՔՊ-ն, իրենց Հովիկը, իրենց Նիկոլը:
Իսկ հիմա հարց ուղղեք Հովիկ Աղազարյանին՝ պարոն Աղազարյան, Դուք կուզենայի՞ք, որ խորհրդարանաի ընդդիմադիր դաշինքներից մեկը Նիկոլին հեռացնելու նպատակով հանդես գար ի պաշտպանություն Ձեզ՝ հանրահավաքներ աներ, բոյկոտեր խորհրդարանի նիստերը և այսպես շարունակ: Կարող եմ Հովիկ Աղազարյանի փոխարեն պատասխանել այս հարցին, բայց չեմ շտապի, հույսով, որ Հովիկ Աղազարյանը մինչև իր նշած ժամկետը մանդատը չի դնի, իսկ Նիկոլից ու ՔՊ-ից էլ կպահանջի հարգել խմբակցությունից դուրս գալու և անկախ պատգամավոր դառնալու իր իրավունքը: Այն էլ ասեմ, որ Մինչև Հովիկ Աղազարյանի «գործը» դատարան հասնելը կարելի է հավարը գցել նաև ՄԻՊ-ի աղջկան և նրան բացատրել, որ մարդը (այս դեպքում՝ իշխանական պատգամավոր Հովիկ Աղազարյանը), դեռ դատարանի որոշումը չեղած, ենթարկվում է անհիմն հետապնդումների և հասարակական պարսավանքի: Օրենքի, արդարության և ժողովրդավարության բաստիոն Հայաստանում նման բաները պետք է բացառվեն, հասկանո՞ւմ եք…
Բոլորս էլ հասկանում ենք, որ Փաշինյանն իրավունք չուներ Հովիկ Աղազարյանին հորդորել կամ խնդրել՝ վայր դնել մանդատը: ՀՀ սահմանադրությունը նրան այդպիսի լիազորություն չի տալիս: Բայց քանի որ ՀՀ սահմանադրությունը դա նույն Նիկոլն է, կարիք չկա այս ապօրինությունը մատի փաթաթան սարքելու և այդ դրվագի վրա շատ կենտրոնանալու: Կարելի է ընդամենը դիմել Հովիկ Աղազարյանի ընտրազանգվածին՝ արա, այ սիրելի հայրենակիցներ, չեք տեսնո՞ւմ թե ինչ են ուզում անել ձեր Հովիկի հետ: Քանի օր անցավ, ինչո՞ւ գոնե մի անգամ չհավաքվեցիք ԱԺ-ի մոտ՝ ի պաշտպանություն ձեր ընտրյալի: Գայիք, գուցե ընդդիմության ընտրողներն էլ միանային ձեզ ու մի բան ստացվեր: Այլապես Նիկոլենք հայտարարում են, որ իրենց ժողովուրդն է ընտրել: Դուք ի՞նչ է, Նիկոլին ընտրած ժողովուրդ չե՞ք, ինչո՞ւ չեք գալիս ձեր ասելիքն ասելու:
Հ.Գ. Հարգելի Վախթանգ Սիրադեղյան, հույս ունեմ, որ առաջիկա մի քանի ժամերին Հովիկ Աղազարյանն այնպիսի բաներ չի անի, որ իրեն ընդհանրապես զրկի որևէ պաշտպանությունից: