ԱԺ նիստի ժամանակ Սերգեյ Բագրատյանի եւ Ալեն Սիմոնյանի երեկվա թեթեւ ընդհարումը ՔՊ-ում բուռն քննարկումների առիթ է դարձել, ոմանք չարախնդացել են, թե անգամ Բագրատյանի պես ճամբարափոխն է Ալեն Սիմոնյանին տեղը դնում, իսկ ոմանք էլ հեռուն գնացող հետեւություններ են արել, թե ՔՊ-ում նախընտրական վերադասավորումներ են, եւ հնարավոր է «վերեւներից» են հրահանգավորել, որ առիթի դեպքում նվաստացնեն կարկառուն ՔՊ-ականներին։ Ի դեպ, մեկ այլ ՔՊ-ական` Էդուարդ Աղաջանյանն էլ (Դիջեյ Էդոն), հարցուպատասխանի ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանի վրա «բոչկա գլորեց»` խոսելով քաղաքապետարանի «բյուրոկրատական մղձավանջի» մասին։ Կան նաեւ մարդիկ, որոնք կարծում են, թե Բագրատյանն իր «կարապի երգն է երգում»` գիտի, որ հաջորդ ընտրություններին թռնելու է խորհրդարանից ու ՔՊ-ից, փորձում է մաքրվել, տարանջատվել։
Հիշեցնենք, որ երեկ խորհրդարանում՝ հերթական նախագծի քննարկման ընթացքում, երբ զեկուցողին հարց տալու համար գրանցվելու ժամանակն էր, նախագահող Ալեն Սիմոնյանը չնկատեց, որ Սերգեյ Բագրատյանը գրանցվել է, եւ Բագրատյանը կոշտ արձագանքեց դրան: Ակնհայտ էր, որ Ալեն Սիմոնյանը շտապում էր րոպե առաջ սպառել օրակարգը եւ նիստը փակել, որ գնան «գործերով», իսկ մինչ այդ խոսափողով պատգամավորներին հորդորել էր վերադառնալ դահլիճ՝ ասելով, որ շուտով քվեարկություն է։
Երբ ԱԺ փոխնախագահը հուշեց, որ Բագրատյանը հարց տալու համար գրանցվել է, Սիմոնյանն անակնկալի եկավ․ «Պարոն Բագրատյան, դե մի քիչ շուտ սեղմեք, էլի»։ Բագրատյանն էլ հակադարձեց, թե շնորհակալ է տեխնիկական հնարքներն իրեն հուշելու համար։ «Բայց ես այս հարցը չէի տա, հատուկ եմ տալիս, որովհետեւ տեսնում եմ, որ Դուք շտապում եք, որ շուտ քվեարկենք։ Մենք եկել ենք էստեղ աշխատելու համար, ժողովուրդ ջան, լիքը լուրջ հարցեր կան, ուզում եք ո՞ւր էթանք կոխցրած, շուտ-շուտ քվեարկենք, հարց մի տվեք, ձեն չհանես, սուս… չի կարելի, ժողովուրդ ջան, մենք աշխատավարձ ենք ստանում ու բարձր աշխատավարձ ենք ստանում եւ պետք է մեր հարցերով պարզաբանենք էս օրենքները։ Հիմա էս օրենքը, եթե մի քաղաքացի հասկանա, թե ինչ մասին էր էս օրենքը, ականջներս կկտրեմ։ Բա ինչի՞ ենք եկել, եկեք պարզաբանենք, մարդիկ իմանան՝ ինչ ենք քննարկում, ինչի ենք հավաքվել։ Եթե շտապում ենք, եկեք պայմանավորվենք, ոչ էլ քննարկենք, քվեարկենք-գնա, մենք տնտեսության մեջ շատ պրոբլեմներ ունենք, եկեք աշխատենք»:
«Պարոն Բագրատյան, բայց Ձեզ ո՞վ էր ինչ ասել, որ վրդովվեցիք, որեւէ մեկը որեւէ մեկին չի շտապեցրել, ուղղակի տախտակի վրա չի երեւում, որ Ձեզ ձայն տամ, Դուք մշտապես, երբ հարց եք ուզեցել տալ, տվել եք, որեւէ մեկին չմեղադրեք շտապելու համար, ես հաստատ տեղ չեմ շտապում»,- ասաց ԱԺ նախագահն ու հայտարարեց ընդմիջում։
Մինչդեռ նման դեպքերում, սովորաբար, ԱԺ նախագահը` պատգամավորների հետ համաձայնությամբ, օգտագործում էր ընդմիջման ժամը եւ սպառում օրակարգը՝ իրենց գործերով ժամ առաջ թռնելու համար, ավելին՝ ընդմիջումից հետո էլ Բաբկեն Թունյանը որոշեց ելույթ ունենալ, ու նիստը բավականին ձգվեց։ Ի դեպ, այդ ընթացքում քվեարկությանը սպասող պատգամավորները պարբերաբար ելումուտ էին անում դահլիճում ու Բագրատյանին «նխշում»` նիստն արհեստական ձգելու եւ իրենց մի ավելորդ ժամով խորհրդարանի շենքում պահելու համար։