Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վաղարշապատ խոշորացված համայնքի իր սիրելի ընտրողներին եւ խոնարհվել նրանց առաջ՝ ՔՊ թեկնածու Արգիշտի Մեխակյանին համայնքի ղեկավար ընտրելու կապակցությամբ: Ըստ էության, վատ բան չի արել, եւ, ըստ իս, կարելի էր այսքանով սահմանափակվել: Բայց նա Փաշինյան Նիկոլը չէր լինի, եթե իր շնորհավորական ուղերձում մինչեւ վերջ չգնար ու այդ մարդկանց ընտրությունը, Արգիշտի Մեխակյանի ուրախությունն էլ հետը՝ չմխտռեր:
Ահավասիկ, ըստ իրեն, վաղարշապատցիներն այս ընտրությամբ իբր աներկբա աջակցություն են ցուցաբերել մեր պետականությունը, անկախությունը, ինքնիշխանությունը, ազատությունն ուժեղացնելու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ռազմավարությանը։ Բոլորին է, չէ՞, հայտնի ՔՊ-ի՝ մեր պետականությունը, անկախությունը, ինքնիշխանությունը, ազատությունն ուժեղացնելու ռազմավարությունը: Այսինքն, բոլորը գիտեն, չէ՞, որ ՔՊ-ն, որպես քաղաքական ուժ կամ միավոր, առհասարակ որեւէ ռազմավարություն չունի, եթե չհաշվենք այդ ուժի՝ Փաշինյանի գլխավորությամբ ամեն ինչ քանդելու մոլուցքը: Եթե սա ռազմավարություն է, ուրեմն այնքան էլ ուղղված չէ որեւէ բան ուժեղացնելուն: Էլ երկար չպատմեմ ԱԺ-ի վրա գրոհը, դատարանների վրա գրոհը, Արցախի պետականության վրա գրոհը, Կիրանցի, Ջերմուկի բարձունքների, Սեւ լճի, Գորիս-Կապան ճանապարհի «ազատագրումը»… Այս ամենը ՔՊ-ի «ռազմավարության» մաս է կազմում, մի բան, որ Նիկոլ Փաշինյանը համարում է մեր պետականությունը, անկախությունը, ինքնիշխանությունը, ազատությունն ուժեղացնելու ռազմավարություն: Էլի թող համարի, այդքան է հասկանում, իսկ ինչո՞ւ է վաղարշապատցիներին «կեղտոտում» այդ ամենով, թե բա՝ դուք կարեւոր քայլ արեցիք իմ եւ ՔՊ-ի «կերած բողկերն» արդարացնելու ուղղությամբ:
Հետեւյալ կետում վաղարշապատցիներին գրում է. «Ձեր ընտրությամբ կարեւոր լիցք տվեցիք մեր սրբության սրբոցը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, Կտրիճ Ներսիսյանից ազատելու գործընթացին»: Էն, որ վերեւում գրել էի՝ մունդռել է վաղարշապատցիների ընտրությունն ու Արգիշտի Մեխակյանի ուրախությունը, հենց այս կետի պատճառով էի գրել: Անմիջապես երեւում է, որ Փաշինյանն այնքան էլ տեղյակ չէ Վաղարշապատի ընտրությունների քարոզարշավին եւ պատկերացում չունի այն մասին, թե ինչու են վաղարշապատցիներն ընտրել Արգիշտի Մեխակյանին: Խնդրեմ՝ Մեխակյանից սկսած, հարցում անցկացրեք նրա ընտրողների շրջապատում եւ տեսեք, թե քանի մարդ կհայտարարի, որ ինքը Մեխակյանին (ՔՊ-ին) ձայն է տվել, որպեսզի «կարեւոր լիցք հաղորդի» Վեհարանը գրոհելու Նիկոլի նախաձեռնությանը: Վստահեցնում եմ, որ 1-2 «բեզբաշեննիյ» ՔՊ-ականից բացի, ոչ ոք այդպիսի մեղքի տակ չի մտնի:
Չեն մտնի, քանի որ գիտեն՝ եթե վաղը մի բան պատահի, ու Նիկոլն իսկապես գնա Եկեղեցու դեմ, հայ ժողովուրդն իրենց է մեղադրելու այդ այլանդակությանը նպաստելու եւ «լիցք հաղորդելու» մեջ: Ասել, որ իր այս պոռոտախոսությամբ Նիկոլն ուղղակի ք.քի մեջ է գցել Արգիշտի Մեխակյանին, նշանակում է՝ դեռ ոչինչ չասել: Նիկոլ, Արգիշտին քեզ գեթ մեկ անգամ վստահեցրե՞լ է, որ քո այդ գարշելի նպատակն իրագործելու համար է ստանձնում Վաղարշապատում ՔՊ-ի ցուցակը գլխավորելու գործը:
Սա ես դու, Նիկոլ, ով հետդ գործ է բռնում, գցում ես ք.քի մեջ: Սարիկը մի կերպ պլստաց, բայց մյուսները դեռ քեզ հետ են՝ Սիմոնյան Ալենը, Կոնջորյան Հայկը, Ռուբինյան Ռուբենը, Ալեքսանյան Վահագնը, Պապոյան Գեւորգը, Թորոսյան Արսենը ու էլի լիքը թրքամետ տղաներ ու աղջիկներ, որոնք չեն պատկերացնում իրենց գլխին գալիքը:
Այսու՝ Արգիշտի Մեխակյանին խորհուրդ եմ տալիս հանդես գալ պատասխան հայտարարությամբ եւ ընտրողների առաջ մաքրվել Նիկոլի շառից ու դրանից բխող շառուփորձանքից: Պարոն Մեխակյան, Էջմիածնի «հավաքում» մի բան այնպես չեղավ, Նիկոլն առաջինը քեզ է կախելու քաղաքի հրապարակում: