Օրեր առաջ «Հրապարակ»-ը գրել էր, որ հնարավոր է Գեւորգ Սուջյանը պատգամավորության թեկնածու դառնա Փաշինյանի ցուցակով։ Գեւորգ Սուջյանին հարցրինք՝ երբվանի՞ց եք պատրաստվում մյուս գերիների ազատության հետ կապված ակցիաներ իրականացնել, պայքարել։ «Ինձ մի քիչ ժամանակ է պետք՝ վերականգնվելու համար, այնուհետեւ կապ կհաստատեմ գերիների հարազատների հետ, որպեսզի պայքարենք մեր բռնադատված հայրենակիցների համար, ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ՝ համայն սփյուռքով»։ Ձեր ուղիղ եթերում նշել եք, որ խոսել եք, ապա հանդիպելու եք վարչապետի հետ: Մենք նաեւ տեղեկություն ունենք, որ Ձեզ առաջարկվել է առաջիկա ընտրություններին մասնակցել ՔՊ կուսակցության ցուցակով: Նման առաջարկ ստացե՞լ եք վարչապետից կամ ՔՊ կուսակցությունից։ «Ես վարչապետի հետ չեմ հանդիպել, այլ հեռախոսազրույց եմ ունեցել, կարող եք լսել նորից հայտարարությունս, բայց նշել եմ, որ հանդիպում լինելու է, վարչապետի հետ խոսելու ժամանակ որեւէ քաղաքական հարց չի քննարկվել, ոչ մի առաջարկ չի եղել վարչապետից։ Վարչապետն ուղղակի հետաքրքրվել է իմ որպիսությունից: ՔՊ գրասենյակից ոչ մեկի հետ ոչ մի զրույց առհասարակ չի եղել»:
Այսօր Կառավարության նիստից հետո լրագրողները թեմայի վերաբերյալ հարց ուղղեցին Փաշինյանին, նա ըստ էության հաստատեց մեր հրապարակումը։
Հիշեցնենք, որ Սուջյանը գերեվարվել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից 2020 թ. նոյեմբերի 11-ին՝ հրադադարն ուժի մեջ մտնելուց հետո, Շուշի ուղեւորվելիս: Նա մեղադրվել է Ադրբեջանի քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով, այդ թվում՝ զենքի ապօրինի պահում, լրտեսություն, ապօրինի զինված կազմավորում ստեղծել եւ պետական սահմանն ապօրինի հատել։ Գեւորգ Սուջյանը դատվել է Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում՝ 2021 թ. հուլիսի 14-28-ը եւ 2021 թ. հուլիսի 28-ին դատապարտվել 15 տարվա ազատազրկման։ Ըստ պաշտոնական տվյալների՝ ներկայում Բաքվում կա 19 հայ գերի, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության 8 ներկայացուցիչ։