Հասարակություն

Լրագրային շանսոն (տրանսպորտային)

Լրագրային շանսոն (տրանսպորտային)

Մեր հարևան Շմավոնը ս.թ. փետրվարի 1-3-ը Երևանի տրանսպորտից օգտվելու համաշխարհային ռեկորդ է սահմանել: Նա իր ողջ գիտակցական կյանքում տրանսպորտ նստելու իր միջին ցուցանիշը երեք օրում գերազանցել է 3,5 անգամ:

Իմ հարցին՝ այ Շմավոն, ինչպե՞ս դա քեզ հաջողվեց, պատասխանեց.
-Ավինյանի անսահմանափակ փաթեթով:
-Այսի՞նքն…
-Ի՞նչ կա չհասկանալու: Բարձրացել եմ՝ իջել, բարձրացել եմ՝ իջել… և այդպես՝ 3 օր:
-Լավ, իսկ այդքան ո՞ւր ես գնացել:
-Ավանից Շրջանային, Շրջանայինից՝ Ավան:
-3 օրում դա կանի 6 անգամ, իսկ մնացա՞ծը:
-Ի՜նչ 6, ի՜նչ 16, այ մարդ, ես ամեն կանգառում իջել՝ բարձրացել եմ, իջել՝ բարձրացել, բարձրացել եմ՝ ճըտտըցրել, իջել եմ, բարձրացել՝ նորից ճըտտըցրել… և այդպես 3 օր, բոլոր կանգառներում:
-Իմա՞ստը…
-Դու էլ Ավինյանի խելքին ընկիր, փաթեթ առ և կհասկանաս իմաստը…
***
Ամուսինը գալիս է տուն, իսկ կինը տանը չէ: Զանգում է.
-Ախչի, ո՞ւր ես…
-Սեր իմ, գիտեմ, չես հավատա, բայց մենք հարևանուհիներով որոշել ենք փորձարկել տրանսպորտի անսահմանափակ փաթեթները:
-Հետո՞…
-Վաչ ջան, չես պատկերացնի, թե ինչ հետաքրքիր է: Ես առջևի դռնից բարձրանում եմ, ճտտցնում, հետո մեջտեղի դռնից հեռախոսս փոխանցում եմ Աշխենին, Աշխենն է բարձրանում, Ճտտցնում, հետո մեջտեղի դռնից փոխանցում Ռուզիկին, Ռուզիկն է բարձրանում ճտտցնում… Էս ինչ կայֆ ա՞…
- Ախչի (տո՝ քեզ էլ, փաթեթն էլ, փաթեթ հնարողին էլ…) տուն արի, սոված եմ…
***
-Բարև, «Թելսել»…
-Բարև:
-Տրանսպորտ:
-Հասկացա: նախ՝ հեռախոսդ ասա:
-Ըհո, գրեցի:
-Շատ լավ, 150 դրամ:
-Հարց չկա, էս 100, էս էլ 50:
-50 չեմ ընդունում, երկու ուղևորության տոմս գնիր՝ 300:
-Բայց ինձ մեկ տոմս է պետք:
-200 գցիր, կասեմ:
-Հարց չկա, խնդրեմ՝ 200:
-Սեղմիր «վճարել»:
-Սեղմեցի:
-Ապրես, դե հետևիր էկրանին:
-Հետևում եմ:
-Ի՞նչ է գրած:
-Գրած է՝ ի՞նչ անեմ 50 դրամ մանրը, փոխանցե՞մ հեռախոսիդ:
-Այո: Սեղմիր՝ «փոխանցել հեռախոսին»:
-Բայց ինձ այդ 50 դրամը պետք է, հաց եմ գնելու:
-Զահլես տարար արդեն, մարդկանց կուտակումներ ես առաջացնում, կամ սեղմիր «փոխանցել հեռախոսին», կամ՝ հաջողություն քո աշխատանքներին:
-Բայց ես կբողոքեմ…
-Ուզում ես՝ բողոքիր, ուզում ես՝ բոյկոտիր, ուրիշ ձև չկա: Վերջին անգամ եմ հարցնում՝ փոխանցե՞մ հեռախոսիդ:
-Ի՞նչ արած, փոխանցիր:
-Շնորհակալություն իմ ծառայությունից օգտվելու համար: Տոմսդ չմոռանաս…
***
Երևանցիների կարծիքով՝ տրանսպորտի համար վճարած գումարները հեքիաթի հերոսների պես գնում, գնում են, մինչև հասնում են մի ճամփաբաժանի, որտեղ մի ծերունի է նստած: Հարցնում են.
-Հոպար, կասե՞ս որ ճամփով գնանք, որ հասնենք բյուջե:
-Բյուջեն ի՞նչ է, բալեք ջան:
-Դե ո՞նց ասենք, հոպար… Դա մի տոպրակ է, որտեղ մենք հավաքվում ենք, որ պարոն Ավինյանը նոր ավտոբուսներ բերի, մետրոյի կայարան բացի, ճանապարհ ասֆալտապատի…
-Հա՜ա՜ա, ուրեմն՝ բյուջե… Ձախ ճամփով գնացեք:
-Ձախո՞վ, զարմանում են գումարները:
-Հա, բա ի՞նչ, այդպես կարճ է: Աջ ճանապարհն ավելի երկար է, դժվար, բացի այդ էլ՝ վերջում շրջանցում է բյուջեն ու միանում ձախին:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image