Հունիսի 14-ին ընտրություններին մասնակցած ընդդիմադիր քաղաքական ուժերը հայտարարություն էին տարածել, որ չեն ընդունում և կասկածի տակ են դնում ընտրական գործընթացի ազատ, արդար և մրցակցային բնույթը: Հայտարարության տակ ստորագրել էին` «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը, «Հայաստան» կուսակցությունների դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը և «Ազգային ժողովրդական բևեռ» կուսակցությունը:
Որքան էլ, որ զարմանալի է, այս հայտարարությանը չէին միացել Արման Թաթոյանի գլխավորած «Միասնության թևեր»-ը, «Բոլորին դեմ եմ»-ը, Սուրեն Պետրոսյանի կուսակցությունը, Ռեֆորմիստները, ԴՕԿ-ը, Շնորհապետական կուսակցությունը, որը ևս հանդես է գալիս որպես ընդդիմադիր և այլն:
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է, որ ներքոստորագրյալ քաղաքական ուժերն արձանագրում են, որ ընտրական ողջ գործընթացում՝ ներառյալ նախընտրական ժամանակահատվածում և քվեարկության օրը, տեղի են ունեցել համակարգային ու կազմակերպված խախտումներ, որոնք էական ազդեցություն են ունեցել ընտրողների ազատ կամարտահայտության, քաղաքական հավասար մրցակցության ապահովման և ընտրական ինստիտուտների նկատմամբ հանրային վստահության վրա, իսկ գործող վարչախմբի կողմից թույլ են տրվել ընտրական իրավունքի սկզբունքների խախտման ակնհայտ դրսևորումներ։
«Բոլորին դեմ եմ» կուսակցությունից Միքայել Նահապետյանին «Հրապարակը» հարցրեց` ինչո՞ւ իրենց քաղաքական ուժը չի միացել այս հայտարարությանը: Նա մեզ հետ զրույցում խոսելով այս թեմայի մասին, նկատեց. «Մենք հենց առաջին ուժն ենք եղել, որը ընտրությունների արդյունքների հրապարակումից անմիջապես հետո հայտարարել ենք` այս ընտրությունների արդյունքները համարում ենք ոչ լեգիտիմ: Հայտարարությունն արվել է հունիսի 8-ին: Հայտարարության մեջ ասվում է, որ ընտրություններն անցել են վարչական ռեսուրսի համատարած կիրառմամբ, ընտրակաշառքով, սպառնալիքներով, ատելության խոսք տարածելով, ինչպես նաև բևեռացված ծայրահեղ մթնոլորտում են անցել ընտրությունները, և այս պարագայում չէր կարող լինել արդար, թափանցիկ և մրցակցային ընտրություն, քանի որ բազմաթիվ և քրեական հոդվածներ են խախտվել: Երբ մենք խոսում էինք այս ամենի մասին, մյուս քաղաքական ուժերը դեռ մտածում էին, թե ինչ քաղաքական գնահատական տան այդ ամենին: Երեկ նորից ենք հայտարարություն տարածել այն մասին, որ ՔՊ-ն յուրացնում է ժողովրդի կողմից իրեն չտված քվեների հստակ քանակը: Այդ քայլով ՔՊ-ն ընտրակեղծիքների մեծ դուռ է բացել: Առհասարակ, ցանկացած հայտարարության միանալու համար պարտադիր պայման է, որ գոնե դրա սևագիր տարբերակին ծանոթ լինես: Այսինքն` մենք չէինք կարող արդեն մամուլում հրապարակված տեքստը դնել ու ասել` վայ, էս ինչ լավ տեքստ է, մենք էլ միանանք սրան: Ըստ երևույթին` միացողներին առաջարկվել է միանալ, իսկ մեզ` չի առաջարկվել ոչինչ, հակառակ պարագայում մենք, անպայման կմտածեինք, տառ առ տա՞ռ ենք համաձայն այդ տեքստի հետ, թե՞ որոշ վերապահումներով: Եթե մեզ չեն առաջարկել, ինչպե՞ս պետք է միանայինք», - ասաց նա:
Քաղաքագետ Էդվարդ Անտինյանն էլ, որը Շնորհապետական կուսակցության ցուցակով երկրորդ համարն էր, մեզ հետ զրույցում խուսափեց գնահատական տալ ընտրությունների արդյունքներին, ասելով, որ ինքը, թեպետ, ցուցակում երկրորդ համարն է եղել, սակայն կուսակցության անդամ չէ: