Հեռավոր 1960 թվականին սովետական կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը ստանում է՝ Իտալիայի Սանտա-Չեչիլիա ակադեմիայի պատվավոր պրոֆեսորի կոչում։ Ակադեմիան համարվում է աշխարհի ամենահին ու ամենահեղինակավոր երաժշտական հաստատություններից մեկը։ Նման պատվավոր կոչման արժանանում են սովորաբար միայն այն երաժիշտները, որոնք իրապես նշանակալի ներդրում են ունեցել համաշխարհային երաժշտարվեստի մեջ։ Երեք տարի անց միայն հայազգի մեծանուն կոմպոզիտորը կարողանում է ժամանել Իտալիա։ Սանտա-Չեչիլիա ակադեմիայի ռեկտորը նրան առաջարկում է հանդիպել Հռոմի Հովհաննես 23-րդ Պապի հետ։ Խաչատրյանն անմիջապես համաձայնում է։ Եվ երեք օր անց՝ տիկնոջ հետ ժամանում է Վատիկան։ «Արամ Խաչատրյանը Վատիկանը հիշում է որպես ահռելի մի շինություն՝ նման թանգարանի։ Այն ժամանակ խորհրդային պետությունը հարաբերություններ չուներ Վատիկանի հետ, եւ Արամ Խաչատրյանն Խորհրդային Միության առաջին քաղաքացին էր, որ հանդիպել է Հռոմի պապի հետ։ Նրանց զրույցը շարունակվել է մոտ կես ժամ։ Ընդ որում, խոսել է ոչ միայն Սրբազան քահանայապետը։ Ինչպես հետո հիշում է Արամ Խաչատրյանը, Պապը նրան բազմաթիվ հետաքրքիր հարցեր է տվել արվեստի վերաբերյալ»,- պատմել է Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի ղեկավար Արմինե Գրիգորյանը։
Այդ ժամանակ էլ Արամ Իլյիչը հանդիպում է Իտալիայի այն ժամանակվա նախագահ Անտոնիո Սենյիի հետ։ Ի դեպ, նախագահ Սենյին անձամբ է հայազգի մեծանուն կոմպոզիտորին հրավիրել իրեն հյուր։ Հանդիպմանը քննարկվել է ԽՍՀՄ-իտալական փոխադարձ համերգային տուրնեներ կազմակերպելու հարցը։ Նախագահը հավանություն է տվել այդ գաղափարին, եւ շուտով այն կայացել է։ Իտալիա այցի ընթացքում նրան հրավիրել են նաեւ «Լա Ֆենիչե» թատրոն՝ ներկայացման։ Երբ երգչախմբի դիրիժորն իմացել է, որ աշխարհահռչակ կոմպոզիտորն այցելելու է իրենց, հատուկ համար է պատրաստել. երգչախումբը դուրս է եկել ծրագրից եւ հատուկ Խաչատրյանի համար ողջույնի հանդիսավոր քայլերգ է նվագել։ Դահլիճը ծափահարել է հոտնկայս։ Ի դեպ, Իտալիան առաջին երկիրն է, որտեղ համերգային տուրնեով այցելել է Արամ Խաչատրյանը։