Հարցազրույց

«Հրապարակ»․ Պայքարն Աստծուն չհավատացող հոգեվորականների դեմ է՝ կաթողիկոսի գլխավորությամբ

«Հրապարակ»․ Պայքարն Աստծուն չհավատացող հոգեվորականների դեմ է՝ կաթողիկոսի գլխավորությամբ

Հանրային հեռուստաընկերությանը նախօրեին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանն աղմկահարույց հայտարարություններից կրկին զերծ չմնաց, որոնցից մեկն էլ Եկեղեցու մասին իր խոստովանություններն էին։ Թեպետ ի սկզբանե պարզ էր, որ Եկեղեցու դեմ իր սանձազերծած արշավն ունի բացառապես քաղաքական նպատակներ, եւ սկզբում Փաշինյանը բարձրաստիճան հոգեւորակաների կուսակրոնության մասին էր խոսում եւ բարեվարքություն պահանջում նրանցից, սակայն ժամանակի ընթացքում նարատիվները փոխվեցին, մեղադրանքները՝ եւս, պայքարի տարբեր նպատակներ հռչակվեցին, ինչ-որ պահից կաթողիկոսին ու նրա եղբորը Ռուսաստանի լրտես ու կագեբեի գործակալ հռչակեցին։
Իսկ երեկվա հարցազրույցում արդեն դեն նետեց պարկեշտության բոլոր դիմակները եւ հստակ հայտարարեց՝ 2020 թվականից ի վեր Հայաստանի գրեթե բոլոր եկեղեցիներում պատարագների ժամանակ հնչում են «քաղաքական ռադիկալ տեքստեր»։ Խոսեց Բագրատ սրբազանի նախաձեռնած շարժման մասին, ապա Հայ առաքելական եկեղեցին համեմատեց ծայրահեղական իսլամի դրսեւորումների հետ։ «Հույս ունեմ՝ կոռեկտ կհնչի իմ համեմատությունը, բայց աշխարհում, շատ երկրներում կան նաեւ ծայրահեղական իսլամի դրսեւորումներ, որոնց դեմ միջազգային հանրությունը ստիպված է պայքարել»,- հայտարարեց նա։

Զրուցել ենք ՔՊ-ական պատգամավոր Տրդատ Սարգսյանի հետ։

- Դուք եկեղեցի գնո՞ւմ եք, երբեւէ ծայրահեղ տեքստեր, քննադատություններ լսե՞լ եք պատարագների ժամանակ։

- Ես գնում եմ եկեղեցիներ եւ նման տեքստեր չեմ լսել, որովհետեւ քրիստոնեությանն առնչվող քահանաների մոտ ենք գնացել պատարագների, որոնցից որ հոգեւորականության զգացողություն ու շունչ է գալիս։ Որովհետեւ, երբ պատարագների ենք գնում մասնակցելու, ուզում ենք հոգեւոր խոսք լսել, հենց դա է պատճառը, որ գնացել ենք այն քահանաների մոտ, որոնց ճանաչել ենք։

- Իսկ Դուք ճանաչո՞ւմ եք քահանաների, որոնք իսլամիստներին նմանվող ծայրահեղ դիրքորոշում ունեն իշխանության հանդեպ եւ պատարագների ժամանակ դա արտահայտում են։

- Չեմ ճանաչում, բայց լիքը հոգեւորականների եմ ճանաչում, որ հոգեւորական լինելու իրավունք չունեն, ովքեր չեն հավատում Աստծուն։ Բայց, այո, նման դրսեւորումներ էլ կան, եթե չեմ սխալվում՝ ձայնագրություններ կան, տարածվել են։

- Այսինքն, ձեր պայքարը Եկեղեցու դեմ քաղաքական դրդապատճառներով է, որ ձեզ չեն գովում, երբեմն քննադատական խոսք են ասում, որպես ՀՀ քաղաքացի՝ պայքարում են ձեր իշխանության դեմ։

- Մեր պայքարը Հայ առաքելական եկեղեցու դեմ չի, մեր պայքարն Աստծուն չհավատացող հոգեւորականների դեմ է՝ կաթողիկոսի գլխավորությամբ:

- Իսկ այդ ո՞նց եք ճշտել՝ հավատո՞ւմ են, թե՞ չեն հավատում Աստծուն, ո՞վ է հավատում, ո՞վ` ոչ։

- Պետք չի ճշտել, պետք է իր գործունեությանը ծանոթանալ եւ ապրած կյանքին։

- Փաշինյանի բարենորոգման ծրագիրը, բայց, այդ մասին չէր, որը, ի դեպ, հանրային լայն աջակցության այդպես էլ չի արժանանում։

- Երբ հեղափոխությունը սկսում էինք, ընթացքում այդ նույն խոսքերն էինք լսում, ինչ ասում եք հիմա, բայց ես վստահեցնում եմ, որ այդ աջակցությունը կլինի։ Եվ հետո էլ` ի՞նչ աջակցություն եք ուզում, 10 եպիսկոպոս է միացել․․․

- Հատկապես Կճոյանը շատ հեռու է քաղաքականությունից կամ Վայոց Ձորի թեմի բիզնեսմեն առաջնորդը․․․

- Ես Վայոց Ձորի թեմի առաջնորդին անձամբ եմ ճանաչում, Եղեգնաձորում բուհ է ունեցել, կարող եմ ասել, որ մարզում աշխատող մարդկանցից շատերն այդ բուհն են ավարտել։

- Ռեստորաններ էլ է հիմնել։

- Կարող է իր ընտանիքին է պատկանում, բայց վատ գործ չի արել, կարծում եմ՝ կան բիզնեսներ, որոնք հենց թեմին են ծառայում։

- Ինչի՞ մասին է խոսքը։

- Բարեգործական ծրագրեր, որոնք թեմի համար են ծախսվում։

- Վեհափառն ինքնակամ չի գնում, ձեր բարենորոգման ծրագիրն էլ մարդիկ չեն ընդունում, ո՞նց եք պատկերացնում հանգուցալուծումը։

 - Ընթացքը ցույց կտա․ էն, որ Վեհափառը չպիտի շարունակի լինել Վեհափառ, դա անքննելի է։ Ինքն արժանի չէ այդ պաշտոնին, որովհետեւ ունի կին ու ընտանիք, կա կանոն, որ նման բան չի կարելի, ինքը խախտել է եւ չի կարող այլեւս լինել կաթողիկոս։

- Դուք էլ կառավարության ձեր ծրագիրը չեք իրականացրել, մինչդեռ օրենքը նման դեպքում հրաժարական է նախատեսում։

- Չկա կառավարություն, որը հարյուր տոկոսով կատարում է։

- Դուք մեծ մասը չեք կատարել։

- Ժողովուրդը կգնահատի՝ մենք մեր ծրագրերը կատարե՞լ ենք, թե՞ ոչ, ընտրություններին կտեսնենք։

- Ժողովուրդն իր վերաբերմունքն արտահայտում է Եկեղեցու վերաբերյալ ձեր ծրագրերին, Փաշինյանի մասնակցությամբ պատարագներին նույն դեմքերն են, թիվն էլ չի ավելանում։

- Ես Ձեր գնահատականը չեմ կիսում, կարող է` շատերը չեն գնում պատարագ, բայց երբ պահը գա՝ իրենց խոսքն ասելու, կասեն։

- Ե՞րբ է պահը գալու։

- Կգա՝ կտեսնեք։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image