Քաղաքականություն

«Հրապարակ». Մարդ կա՝ ծիածանի յոթ գույն ունի, բայց մարդ էլ կա՝ ինը գույնանի ա

«Հրապարակ». Մարդ կա՝ ծիածանի յոթ գույն ունի, բայց մարդ էլ կա՝ ինը գույնանի ա

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունն օրերս շրջանառության մեջ է դրել «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մի նախագիծ, որով հերթական խոշորացման ծրագիրն է առաջարկում Ստեփանավան, Եղեգնաձոր եւ Գորիս համայնքների համար։ 

Նախատեսվում է Գորիսը դարձնել մեգահամայնք՝ միավորելով Տաթեւ եւ Տեղ համայնքները՝ վերջիններիս կազմում ընդգրկված 28 բնակավայրով։ Այս որոշումը ցնցումներով է ընդունել Տեղ համայնքի ՔՊ-ական ղեկավար՝ հանրահայտ Դավիթ Ղուլունցը։ Բանն այն է, որ որոշումն օրենքի տեսք ստանալուց հետո կյանքի կկոչվի, եւ աշնանը հերթական ՏԻՄ ընտրությունները կանցկացվեն նորից խոշորացվող համայնքում: Բնականաբար, այս պարագայում Ղուլունցի շանսերը գրեթե զրոյական կդառնան` նորից համայնքապետ դառնալու, եթե հանկարծ այդ ընտրություններին մասնակցի Գորիսի ներկայիս համայնքապետ Առուշ Առուշանյանը, որն այլեւս ՔՊ-ական իշխանությունների նախընտրելի համայնքապետն է, եւ Ղուլունցը, ըստ էության, նրան է զիջելու իր պաշտոնը։ Այստեղ դեր է խաղում ոչ միայն այն, որ Առուշ Առուշանյանն այլեւս իշխանությունների սիրելին է, այլ նաեւ այն, որ Գորիսը նշված երեք համայնքներից ամենամեծն է, որտեղ պարզ է, որ համայնքապետ Առուշանյանի նկատմամբ դրական վերաբերմունք կա, ուստի նրա հաղթանակն անխուսափելի են համարում։ Ի դեպ, հնարավոր է, որ այս նախագիծը հատուկ են հենց հիմա դրել շրջանառության մեջ` իշխանությունը համապետական ընտրություններից առաջ փորձում է Առուշանյանին նման գայթակղիչ նախագծերով իր կողքին պահել, շահագրգռել, որ նա լավ աշխատի ՔՊ-ի օգտին, ընդդիմությանը չօգնի, որ հետագայում մեգահամայնքապետ դառնա։ Հիշեցնենք, որ նախորդ` 2021-ի ընտրություններին Առուշ Առուշանյանը պատգամավորության թեկնածու էր առաջադրված Ռոբերտ Քոչարյանի ցուցակով եւ Վահե Հակոբյանի` Սյունիքի համայնքապետերից կազմված «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամ էր: 4-5 տարվա ընթացքում նա ոչ միայն Ռ. Քոչարյանի, այլեւ Վահե Հակոբյանի կուսակցությունից է դուրս եկել եւ իր նախկին ընկերներից հրաժարվել: 

Գորիսի խոշորացման նախագիծը ՔՊ-ում ներկուսակցական բուռն քննարկումների առիթ է դարձել: Մեզ պատմեցին, որ Ղուլունցը մտերիմների մոտ անգամ սպառնացել է՝ եթե խոշորացումը կյանքի կոչվի, ինքը դուրս կգա ՔՊ-ից։ Պաշտոնավարման ընթացքում բազում աղմկահարույց պատմություններով աչքի ընկած Դավիթ Ղուլունցը Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի քրոջ որդին է: Նրա քեռին հիմա Սուրեն Պապիկյանի խորհրդականն է, իսկ քեռորդին` Սյունիքի դատախազը։ 

Դավիթ Ղուլունցը երեկ մեզ հետ զրույցում չթաքցրեց, որ կողմ չէ խոշորացմանը։ «Ես իմ կարծիքը հայտնել եմ իրենց, որ շատ մեծ է լինելու, բարդ է լինելու կառավարել, մեր համայնքն էլ նամանավանդ` սահմանամերձ․․․ Դե, կառավարության որոշում է, համարում են, որ մենք փոքր ենք, պետք է միավորվենք։ Եթե կառավարությունը որոշել է, ես բան չունեմ ասելու»,- ասաց նա։ Փաստորեն, Դուք հաջորդ ժամկետում կզրկվեք համայնքապետի պաշտոնից։ «Այնպես չէ, որ ես կցված եմ իմ աթոռին, կառավարությունը եթե որոշել ա, ես դեմ չեմ, թե ով կլինի, Աստված առաջ, ժամանակն է որոշիչ»: Բայց ասում են՝ այնքան եք նեղվել, որ ասել եք` ՔՊ-ից դուրս կգամ։ «Ես առաջին անգամ Ձեզնից եմ լսում։ Էնպես չի, որ մնացածների պես ծիածանի յոթ գույների պես ես փոխվող եմ, ես մի տեսակ եմ ապրում, եթե քաղաքական թիմը որոշում ա` ես դուրս եմ գալիս, ուրեմն դուրս եմ գալիս, ես ո՛չ մտածելու բան ունեմ, ո՛չ դիլխոր եմ, ո՛չ էլ մի բան, իմ նպատակն այն է, որ համայնքն իմ օրոք զարգացել է։ Ես նեղվող տղա չեմ, որոշել են, էլի խնդիր չկա, իրենց հետ եմ էլի»։ Դուք է՞լ եք կարծում, որ Առուշ Առուշանյանի համար են սա անում, որը թեքվել է ձեր՝ իշխանության կողմը։ «Իրան հարցրեք, նոր ասացի, չէ՞, որ մարդ կա՝ ծիածանի յոթ գույն ունի, բայց մարդ էլ կա՝ ինը գույնանի ա․․․»։ Առուշանյանի՞ն նկատի ունեք՝ ինը գույնանի ասելով։ «Չէ, խի՞․․․ ես իրա հետ լավ հարաբերությունների մեջ եմ, ընդհանրապես եմ ասում, ես մի տեսակ ապրող եմ, բայց քաղաքականությունը, որ նայում ես, քիչ չեն, չէ՞, ըտենց մարդիկ։ Ես նորից եմ ասում` իմ աթոռը ժառանգական չի, ոչ էլ կառչված եմ, ասեցի՝ իմ նպատակն ինչն է, որ թվարկեմ՝ ինչեր ենք արել, կարող ա մինչեւ առավոտ թվարկեմ, իմ նպատակը դա է եղել, որ համայնքը պաշտոնավարման հինգ տարվա ընթացքում զարգանա»,- նեղսրտած ասաց համայնքապետը։

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image