Քաղաքականություն

Աստված այս ցունամին հեռու տանի

Աստված այս ցունամին հեռու տանի

Հայեր ջան, լա՞վ եք… Բայց, կարծես, հավեսներդ փախել է և այլևս նույն եռանդով չեք ուզում կաթողիկոսին հեռացնել, հը՞: Ճիշտ եք անում, հայեր ջան: Կեղծ օրակարգ էր դա, ՀՀ իշխանությունների կողմից հնարված, որպեսզի հերթական պարտությունը, որ արձանագրել են արտաքին քաղաքականության մեջ, մի ձևով ստվերեն, մի ձևով ցույց տան, որ իրենք դեռ կան, ինչ-որ գործով են զբաղված, ինչ-որ բարենորոգումներ են անում:

Բայց դուք տեսաք, չէ՞, Եկեղեցուն ոչինչ չպատահեց: Կճոյանի գլխավորությամբ մի 10 եպիսկոպոս, մի դյուժին էլ տերտեր էշ նահատակ դարձան և միայն այդքանը: Իրեն այս «շարժման» առաջնորդ հռչակած անձը հայտարարեց, որ այլևս նախօրոք չի տեղեկացնելու, թե իր ուղտերին որ եկեղեցի է տանելու պատարագի: Եվ հիմա ուղտերը անտեր են մնացել, ուր գնան, ինչ անեն, գնա՞ն, արդյոք, պատարագի, եթե ուղտապետն անվտանգության ուժերով ու պարեկներով այնտեղ չի լինելու: Խորհուդս շարքային ուղտերին սա է՝ գնացեք, մասնակցեք պատարագներին, դուք ոչնչով չեք տարբերվում մյուս ուխտավորներից, նորոգեք ձեր ներսը, վերականգնվեք, հայացեք ու մարդացեք: Հայ Եկեղեցին իր երկհազարամյա պատմության մեջ ոչ մի հայի դրսում չի թողել, ձեզ էլ չի թողնի:

Իսկ հիմա կտրուկ անցնենք այսօրվա բուն թեմային: ՀՀ «գործող» իշխանությունները երկիրը մի այնպիսի վիճակի մեջ են դրել, որից միակ ելքն իրենց հեռանալն է: Մի տարբերակ էլ կա, հայեր ջան, բայց դա ելք չէ և հազիվ թե ընդունելի լինի ձեզ համար… Այն է՝ «գործող» իշխանությունները չեն հեռանում, բայց Հայաստանը դադարում է պետություն լինելուց: Հիմա ձեր որոշելիքն է՝ կա՛մ այս իշխանությունները, կա՛մ Հայաստանի Հանրապետությունը: Այս հարցը դուք կարող եք վերջնականապես փակել ԱԺ հերթական ընտրություններով, միայն թե մինչ այդ պետք է եռանդագին աղոթել, որ մի այնպիսի հրաշք տեղի ունենա, որ մենք հասնենք մինչև 2026թ. հունիս: Ես նկատի ունեմ տարածաշրջանում իրավիճակի կտրուկ վատթարացումը, որ կարող է ցունամիի էֆկտ տալ ու մեզ սրբի-տանի այս տարածաշրջանից: Մենք նման զարգացումների պատրաստ չենք, չունենք համապատասխան անվտանգություն, չունենք այդ արհավիրքին դիմադրելու պատրաստ բանակ: Մենք նույնիսկ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբ ու գերագույն գլխավոր հրամանատար չունենք: Ունեցածներս մի «կիսախառնակված» Եկեղեցի է, Նա էլ միայն աղոթքով կարող է Աստծուց փրկություն աղերսել մեզ համար:

Եվ ուրեմն, Աստված մի արասցե, որ հարևան Իրանում լայնածավալ պատերազմ պայթի: Դա թև է տալու առաջին հերթին Ադրբեջանին ու Թուրքիային, որոնք վաղուց են դիրքավորվել հակաիրանական խրամատներում և պատրաստ են ամեն ծառայություն մատուցել Արևմուտքին և Իսրայելին, միայն թե այս պատերազմով վերջնականապես իրականացնեն «մեկ պետություն» դառնալու իրենց վաղեմի երազանքը: Նրանք մեկ վայրկյան էլ չեն հապաղի դա անել Հայաստանի հաշվին, ինչի մասին բազմիցս է խոսել Իլհամ Ալիևը: Թրամփի ուղին, կամ, ինչպես Ալիևն է ասում, «Զանգեզուրի միջանցքը», դեպի «մեծ թուրան» տանող ճանապարհի առաջին քայլն է, որին, որքան էլ տարօրինակ է, ի հեճուկս իր դաշնակիցների նպաստեց նաև Հայաստանը: Օգոստոսի 8-ին նախաստորագրված «եռակողմ փաստաթղթով» Հայաստանը սպառեց ԱՄՆ-Իրան հակամարտության մեջ չեզոք դիրք գրավելու բոլոր հնարավորությունները և դարձավ այդ հակամարտության  «կողմ»՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Արարատ Միրզոյանի հապշտապ այցը Վաշինգտոն, ԱՄՆ պետքարտուղարի հետ նկարվելն ու «Թրամփի ուղու» մասին հրաշապատում հեքիաթներ պատմելը, թե այսպես ու այսպես, 26 տոկոսի մասնաբաժին ունենք այդ ծրագրում, մեղմ ասած, քամի էր՝ ՀՀ ներքին լսարանին ուղղված: Մեր մասնակցությունն այդ ծրագրին իրականում շատ ավելի «մեծ» է, եթե հաշվի առնենք, թե մեր դրած ստորագրությամբ ինչ խայտառակ քայլ ենք կատարել ինչպես Իրանի, այնպես էլ մեր մյուս դաշնակիցների հանդեպ: Կարճ ասած՝ մենք հայտնվել ենք հակաիրանական խրամատում, և մեր վիճակն իսկապես տխուր է:

Սա է, կարծում եմ, պատճառը, որ ՀՀ այսպես կոչված «ռազմաքաղաքական» ղեկավարությունը, հնարավոր է, առաջիկա օրերին կամ ժամերին ձեռնպահ մնա ներհայաստանյան «խնդիրներ» լուծելու, այդ թվում՝ Եկեղեցու դեմ նորանոր արշավանքներ կազմակերպելու անշնորհակալ գործից:

Հայտնի մականունով պատգամավոր Վահագն Ալեքսանյանը երեկ, երբ խոսում եին, որ ԱՄՆ-Իրան ռազմական բախմանը ժամեր են մնացել, ներքին լսարանի համար «լայվ» էր արել, թե՝ Ադրբեջանից ցորեն, բենզին և դիզվառելիք բերելը ի՞նչ է, եթե ոչ խաղաղություն: Ուրիշներն ավելի հեռուն գնացին՝ բա 4 գերի բերելն ի՞նչ է, եթե ոչ խաղաղություն: Ո՛չ, պարոնայք, դա խաղաղություն չէ, դա աչքկապոցի է, դա նույնքան սուտ է, որքան «Թրամփի ուղու» մեջ ձեր 26 տոկոսի հեքիաթը: Իսկ իրականությունը շատ մոտ է արդեն ու, կարելի է ասել, թակում է մեր դուռը: Եվ, կրկնեմ, Աստված մի արասցե ցունամին սկսվի:

Հ.Գ. Կներեք հետաքրքրասիրությանս համար, ուղղակի չեմ կարող չհարցնել… Պարոնայք ՔՊ-շնիկներ, ձեր յոթանիշ պարգևավճարները «Թրամփի ուղուց» ստացված առերևույթ եկամուտների՞ց են գոյացել, թե՞ հարկատուներիս գրպանից, և ապա՝ այդ պարգևավճարներից բաժին հասա՞վ, արդյոք, ձեր արև-վարչապետին, թե՞ փողի շատությունից ձեզ կորցրել եք ու նրան մոռացել: 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image