Քաղաքականություն

Պարտված պետությունները կորցնում են իրենց ինքնիշխանությունը կամ դրա մի մասը

Պարտված պետությունները կորցնում են իրենց ինքնիշխանությունը կամ դրա մի մասը

Փաշինյանի այն պնդումը, թե իբրեւ 2020-ին Հայաստանն Արցախը կորցնելով ձեռք բերեց ինքնիշխանություն, մարդկային բանականության տեսակետից ոչ միայն անհեթեթություն է, այլեւ հակասում է համաշխարհային պատ­մության տրամաբանությանը, քանզի պատմության մեջ չի եղել գեթ մեկ դեպք, որ պարտված երկիրը չկորցնի իր ինքնիշխանությունը կամ առնվազն դրա մի մասը, էլ չենք խոսում ինքնիշխանություն ձեռք բերելու մասին: Հաղթողները միշտ փորձել են պարտվածին հնարավորինս կախվածության մեջ գցել իրենցից՝ սահմանափակելով պարտված երկրի ազատ գործելու իրավունքը: Փաշինյանը գիտի իրականությունը, բայց փորձում է հիմարացնել մարդկանց, հասարակությանը՝ օգտվելով այն հանգամանքից, որ մարդիկ ուզում են մերժել իրականությունը: 

Մեր գիտակցությունը չի փորձում ընդունել, անընդհատ մերժում է այն իրողությունը, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Հայաստանը պարտվել է: Փաշինյանը հենց այդ հոգեբանական թակարդն է օգտագործում` պարտության պատասխանատվությունը փորձելով գցել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության, Հայաստանի նախկին իշխանությունների, Ռուսաստանի վրա՝ դրանով փորձելով իրեն ազատել պարտության մեղավորի պատասխանատվությունից, ինչը Հայաստանին չի ազատում պարտության հետեւանքներից: Փաշինյանի ընդդիմախոսներն էլ հակադարձում են, թե պատերազմում պարտվել են ոչ թե Հայաստանը, հայ զինվորը եւ հայկական բանակը, այլ՝ Փաշինյանը եւ նրա իշխանությունը: Նրանց թվում է, որ եթե Հայաստանը, հայկական բանակը տարանջատեն Փաշինյանից եւ պարտության մեղքը բարդեն Փաշինյանի վրա, ապա դրանով ՀՀ-ին կազատեն պարտության հետեւանքներն ընդունելու եւ ճանաչելու պատասխանատվությունից: Քիչ է մնում ասեն. ով պարտվել` պարտվել է, ես չեմ պարտվել:

Քանի որ հայ հասարակությունը մերժում է պարտության հետեւանքների պատասխանատվությունն ընդունելու եւ գիտակցելու անհրաժեշտությունը, փորձենք Ուկրաինայի վրա ցույց տալ, թե ինչպիսին կարող է լինել պարտության հետեւանքը: Նախ՝ որովհետեւ ուրիշի օրինակի վրա դա ավելի լավ է երեւում, եւ այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայի հետ, պատմական անցյալի հիշողություն չէ, այն տեղի է ունենում հենց հիմա` մեր աչքի առաջ:
Ուկրաինան պարտվում է պատերազմի դաշտում` Ուկրաինայի ղեկավարությունը պատերազմի սկզբում իր հասարակությանը խոստանում էր, որ դաշնակիցների օգնությամբ կհաղթեն Ռուսաստանին, եւ հաղթանակը ներկայացվում էր որպես վերադարձ 1991 թվականի սահմաններին: Մինչդեռ 3 տարի անց այլեւս ընդունում են, որ վերադարձ` փաշինյանական բառապաշարով ասված, Ալմա-Աթայի հռչակագրով ընդունված սահմաններին՝ հնարավոր չէ, փորձում են պահել գոնե եղածը, համաձայն են պատերազմը կանգնեցնել` գործող տարածքային կորուստները ճանաչելով: Բայց չեն ուզում դրանք ճանաչել իրավաբանորեն՝ հայտարարելով, որ այս պահին ռազմական ճանապարհով դրանք հնարավոր չէ հետ բերել, գուցե փորձեն դիվանագիտության միջոցով, կամ՝ երբ Ուկրաինան ավելի ուժեղ լինի` նոր պատերազմով:

Ռուսաստանը ոչ միայն պահանջում է, որ Ուկրաինան եւ նրա արեւմտյան հովանավորները ճանաչեն Ռուսաստանի` պատերազմով ձեռք բերված տարածքային նվաճումները, դրանք ճանաչեն ՌԴ տարածքի մաս, այլեւ Ռուսաստանին հանձնեն Զապորոժիեի, Խերսոնի, Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերի այն հատվածները, որոնք Ռուսաստանը դեռ չի գրավել, որոնք Ուկրաինայի վերահսկողության տակ են: Ռուսաստանը պահանջում է սահմանափակել մնացած Ուկրաինայի ինքնիշխանությունը`արգելել, որ Ուկրաինան անդամակցի որեւէ ռազմաքաղաքական դաշինքի, մնա չեզոք երկիր, սահմանափակվի Ուկրաինայի բանակի թվակազմը, Ուկրաինան երաշխավորի ռուսաց լեզվի պետական կարգավիճակը, Ուկրաինայի տարածքում Ռուս ուղղափառ եկեղեցու գործունեությունը: Ուկրաինան չի համաձայնում նման պայմաններով խաղաղության պայմանագրի ստորագրմանը՝ ասելով, որ դա անընդունելի է իրենց համար, իսկ Ռուսաստանը սպառնում է, որ արդյունքում Ուկրաինան կարող է 4 մարզի փոխարեն կորցնել 5-ը կամ 6-ը, Ռուսաստանն արդեն հարձակվել է Սումիի մարզի վրա, իսկ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ուկրաինական գյուղերի գրավումն իր ամենօրյա ամփոփագրերում ներկայացնում է որպես ազատագրում: Միայն այս տարվա մայիսին Ուկրաինան կորցրել է 500 քառակուսի կիլոմետր, ինչը ոչ միայն Հայաստանի նման փոքր երկրի, այլեւ Ուկրաինայի դեպքում է զգալի տարածքային կորուստ, չհաշված մարդկային կորուստներն ու ավերածությունները: 

Եթե նույնիսկ Ուկրաինան համաձայնի Ռուսաստանի պահանջներին, եւ խաղաղության պայմանագիր կնքվի, Ուկրաինան կկորցնի վերահսկողությունը ոչ միայն իր տարածքի այն մասի նկատմամբ, որը կանցնի Ռուսաստանին, այլեւ այն հատվածի, որը կշարունակի կոչվել Ուկրաինա: Ոչ միայն այն պատճառով, որ կընդունի Ռուսաստանի պահանջները՝ երկրի չեզոք կարգավիճակի մասին, կամ պարտադրված կլինի ռուսերենն ուկրաիներենից հետո ճանաչել որպես երկրորդ պետական լեզու: Ուկրաինայի մնացած մասի նկատմամբ վերահսկողություն կունենա ԱՄՆ-ն՝ որպես Ուկրաինայի անվտանգության երաշխավոր, որովհետեւ Միացյալ Նահանգները պետք է երաշխավորի, որ Ռուսաստանն այլեւս չի հարձակվի Ուկրաինայի վրա եւ չի փորձի նոր հատվածներ գրավել այդ երկրից: Ուկրաինան արդեն համաձայնել է իր ընդերքը տալ ԱՄՆ-ին՝ համատեղ շահագործման, որի դիմաց ԱՄՆ-ն պետք է պաշտպանի իր սեփականություն հանդիսացող ընդերքի հարստությունները: Ահա թե ինչպիսին են լինում պարտության արդյունքը եւ հետեւանքները: Ուկրաինայի համար դա տարածքի 20 տոկոսի փաստացի կորուստ է, իսկ մնացած հատվածի նկատմամբ՝ նաեւ ինքնիշխանության, երկիրը սեփական հայեցողությամբ տնօրինելու սահմանափակումներ, որը կոչվում է սահմանափակ ինքնիշխանություն:
Հիմա փորձենք այս ամենը պրոյեկտել Հայաստանի վրա: 2020 թ. պատերազմը կանգնեցվեց Ռուսաստանի միջնորդությամբ: Չլիներ այդ միջնորդությունը, Ադրբեջանի բանակը, որն արդեն գրավել էր Շուշին, գրավելու էր արդեն դատարկված եւ գրեթե անպաշտպան Ստեփանակերտը, եւ պատերազմը` եթե ոչ օրերի, ապա շաբաթների ընթացքում տեղափոխվելու էր Հայաստանի տարածք: Փաշինյանն ինքն է խոստովանել, որ Ռուսաստանի նախագահին խնդրել էր, որ Հայաստանի սահմանին ռուսական հենակետեր տեղակայի, որը թույլ չի տա Ադրբեջանին անցնել Հայաստանի տարածք: Սրանով Փաշինյանն ընդունում էր, որ ինքը հասկացել է, որ Հայաստանը չի կարող ինքնուրույն պաշտպանել իր տարածքն ադրբեջանական ագրեսիայից: Երկու տարի հետո`2022 թ. սեպտեմբերին տեղի ունեցած հարձակումը եւս մեկ անգամ ցույց տվեց, որ դա այդպես է:

2020-ին ՀՀ իշխանությունը Հայաստանի անվտանգության երաշխավոր կարգեց Ռուսաստանին, որը մինչ այդ էլ կար, քանի որ Հայաստանը Ռուսաստանի հետ ռազմական դաշինքի մեջ է, նաեւ՝ ՀԱՊԿ անդամ: Հետագայում Հայաստանը փորձեց այլ արտաքին հովանավորներ եւ անվտանգության երաշխավորներ գտնել` ի դեմս ԱՄՆ-ի, այդ երկրի հետ ստորագրելով ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ, նաեւ ԵՄ-ին` Հայաստանի տարածքում ԵՄ դիտորդական առաքելություն տեղակայելով: 

Հիմա հասկանալի է, որ ո՛չ ԱՄՆ-ն եւ ո՛չ էլ ԵՄ-ն պատրաստ չեն ամբողջությամբ իրենց վրա վերցնել Հայաստանի անվտանգության եւ տարածքային ամբողջականության ապահովման պարտավորությունը: Հայաստանն ուղղակի ոչինչ չունի՝ դրա դիմաց նրանց առաջարկելու, իսկ ցանկացած ծառայություն, այդ թվում եւ՝ անվտանգության ապահովումը, անվճար չի լինում: Ահա թե ինչու Հայաստանի ընտրությունը Ռուսաստանի գերիշխանությունը ճանաչելու եւ նրա հովանավորությունն ընդունելու եւ Թուրքիայի գերիշխանությունն ու հովանավորությունն ընդունելու մեջ է: Միայն այս երկու երկրներն են, որ ընդունակ են ամբողջ ծավալով դա իրականացնել: Փաշինյանն իրականում չգիտի, թե ինչ ընտրություն կատարի, կամ փորձում է խաղալ երկու կողմերի միջեւ` մի կողմից ցույց տալով, որ իր համար ընդունելին թուրքական ենթակայությունն է, մյուս կողմից հասկացնելով, որ Ռուսաստանից ազատվելն այնքան էլ հեշտ գործ չէ: Ի վերջո, կա մի հանգամանք եւս, բացի Հայաստանի ցանկությունից կամ ընտրությունից, կա նաեւ այս երկու երկրների ցանկությունը. նրանցից յուրաքանչյուրը փորձում է իրենով անել Հայաստանը եւ տարածաշրջանը` պայքար, որն արդեն 300 տարվա պատմություն ունի:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image