Մեղադրանքի հետ համաձայն չեմ, իրականության հետ աղերս չունի, դատական նիստից առաջ խոսելով իրեն առաջադրված մեղադրանքի մասին դատարանի բակում ասաց նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը։
Մեր հարցին, թե ինչո՞ւ տարիներ առաջ հարուցված գործն այսօր ակտիվացրին, ասաց` իրենցից հարցրեք։
Նշենք, որ այսօր Հակակոռուպցիոն դատարանում մեկնարկել է Հովիկ Աբրահամյանի գործով նիստը։
Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել պաշտոնեական դիրքի չարաշահման եւ ենթադրյալ հանցավոր ծագում ունեցող գույքի՝ հողամասերի օրինականացման մեղադրանքներով։
ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հունիսի 13-ին ձերբակալվեց, հաջորդ օրը նրա նկատմամբ խափանման միջոց կիրառվեց․ դատարանի որոշմամբ նրան տնային կալանք սահմանվեց, իսկ հուլիսի վերջին արդեն, դատարանի որոշմամբ, տնային կալանքը փոխվեց վարչական հսկողության։ Հակակոռուպցիոն դատարանից մեզ հայտնել էին, որ Հովիկ Աբրահամյանի խափանման միջոցի փոփոխության համար հիմք են հանդիսացել առողջությանը վերաբերող փաստաթղթերը, որոնք ներկայացվել են դատարան։