Քաղաքականություն

«Հրապարակ». Ալեն Սիմոնյանի դեմ ակցիան ռուսական կողմը խրախուսել էր

«Հրապարակ». Ալեն Սիմոնյանի դեմ ակցիան ռուսական կողմը խրախուսել էր

Ալեն Սիմոնյանը վստահեցրել է, որ Երեւանը շահագրգռված է Մոսկվայի հետ կապերի պահպանմամբ եւ չի պատրաստվում որեւէ քայլ ձեռնարկել Ռուսաստանի դեմ, բայց «կան հարցեր, որոնք պետք է քննարկվեն»։ Սիմոնյանի խոսքով՝ Հայաստանում գոյություն չունի «մեզ հետ կամ մեր դեմ» ընկալումը։ «Մենք համարում ենք, որ դա սխալ է։ Սխալ է Հայաստանի եւ այն ամենի համար, ինչ մենք ունենք (ՌԴ-ի հետ՝ խմբ․)»,- ընդգծել է նա։ Նաեւ անդրադարձել է ՀԱՊԿ-ի հարցին։ ԱԺ նախագահի խոսքով՝ Հայաստանի դիրքորոշումը հայտնի է․ Երեւանն այդպես էլ չստացավ իր հարցերի պատասխանները։ «Դա անհանգստացնում է ոչ միայն մեզ, այլեւ՝ հայ հասարակությանը։ Ես դեսպանին հայտնել եմ իմ տեսակետը։ Հայ հասարակության մեջ շատ բացասական են արձագանքում այն հայտարարություններին, որոնք հնչում են Մոսկվայից։ Այդպես են արձագանքում, որովհետեւ Մոսկվան կարեւոր է, կարծիքը կարեւոր է, եւ այն գիտակցումը, որ Մոսկվան դաշնակից է, եղել է եւ կա։ Դրա համար շատ ցավոտ է լսել նման արտահայտություններ»,- նշել է Սիմոնյանը։

Հիշեցնեք, որ ՀՀ Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 4-7-ը պաշտոնական այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն։ 

Բայց ոչ ոք չի տառապում հիշողության կորստով, եւ բոլորն են հիշում, թե նույն Ալեն Սիմոնյանն ու Նիկոլ Փաշինյանն ինչ հայտարարություններ են արել նույն ՌԴ-ի եւ ՀԱՊԿ-ի վերաբերյալ: Քաղաքագետ Երվանդ Բոզոյանից «Հրապարակը» հետաքրքրվեց` ի՞նչ են ցանկանում ցույց տալ իշխանությունները՝ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հետ համաժամանակյա սիրախաղի մեջ մտնելով, հայտնի է, որ օրեր անց Հայաստան է ժամանելու ԱՄՆ փոխնախագահ Վենսը, ո՞րն է նրանց նպատակը: Քաղաքագետն ասաց.

«Նախ, սկսենք այնտեղից, որ Սիմոնյանի այցը ռուսական կողմն էր առաջ քաշել: Ռուսաստանը նպատակ ունի ասելու, որ իր համբերության բաժակն արդեն լցվում է: Հիշեցնենք, որ անգամ Կայա Կալլասը վերջերս հայտարարեց, որ Հայաստանի խնդրանքով աջակցություն է ցուցաբերելու, որպեսզի հայկական կողմը կարողանա դիմակայել հիբրիդային պատերազմին, որն իբրեւ Ռուսաստանն է սկսել: Նախորդ տարվա գարնանը Ալեն Սիմոնյանը նույնպես հայտարարել էր, որ ՌԴ-ն Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ է սկսել: Մոսկվան չի կարող այդ ամենը չնկատել եւ ոչ էլ կարող է մոռանալ: Ռուսական կողմը խիստ մտահոգված է, որ Հայաստանը կարող է արտաքին քաղաքական վեկտորը փոխել, ինչը շատ ծանր է նստելու թե՛ հայ ժողովրդի, թե՛ Հայաստանի պետականության վրա: Ռուսական կողմը պարբերաբար ակնարկում է այդ մասին, սակայն, ընտրություններին ընդառաջ, Նիկոլ Փաշինյանը փորձելու է բոլոր կողմերի հետ իբրեւ թե հարաբերությունները կարգավորել: Ռուսական կողմը նաեւ ակնհայտ ակնարկներ է անում, որ չի ցանկանում Փաշինյանի իշխանության վերարտադրությունը տեսնել: Ալեն Սիմոնյանի դեմ տեղի ունեցած բողոքի ակցիան հենց դրա վառ ապացույցն էր: Որեւէ այլ պետական պաշտոնյայի այցի ժամանակ Ռուսաստանում նման ակցիաներ տեղի չեն ունենում: Ընդհանրապես, Ռուսաստանը բավականին խիստ է վերաբերվում նման հարցերին, հատկապես` ռուս-ուկրաինական պատերազմից հետո: Ալեն Սիմոնյանի դեմ ակցիան ռուսական կողմը խրախուսել էր, ավելին` այն լուսաբանվեց ռուսական կենտրոնական լրատվամիջոցների կողմից: Սա ցույց է տալիս մի հստակ բան` Ռուսաստանը պրակտիկորեն հասկացել է, որ Փաշինյանն իր գործընկերը չէ, Փաշինյանն ինքն էլ գիտակցում է, որ առնվազն այս փուլում չպետք է ռուսական կողմի հետ հարաբերությունները խզի, քանի որ այն մեծ խուճապ կարող է առաջացնել: Փաշինյանի իշխանությունն այլ խնդիր չունի՝ վերարտադրությունից բացի: Նրա համար չկա այլ հարց: Ցանկացած քայլ` Ռուսաստանի հետ սիլիբիլի անել, Վենսին գրկաբաց ընդունել եւ այլն, այս ամենն արվում է մեկ նպատակով, որպեսզի հասարակության մոտ վախեր չառաջանան, եւ ինքը հեշտությամբ վերարտադրվի: Ինչ վերաբերում է Վենսի այցին, ապա ուզում են ցույց տալ սրանով, որ կարողացել են ԱՄՆ-ի հետ լավ հարաբերություններ հաստատել, սակայն Ալիեւը բոլոր հարթակներում հայտարարում է, որ Հայաստանի հետ խաղաղությունն իր ջանքերով է հաստատվել, հետեւապես, եթե նա որոշի, որ խաղաղություն պետք չէ, ապա կարող է հեշտությամբ պատերազմ սկսել: Նիկոլ Փաշինյանը բոլոր հարցերում խաբել է հայ ժողովրդին: Խաբել է ու պատերազմ է բերել, խաբել է ու քրեաօլիգարխիկ համակարգն ավելի է արմատացրել, խաբել է, որ Հայաստանում թանկացումներ չեն լինի, սակայն մարդիկ այժմ ավելի վատ են ապրում: Մի խոսքով` Նիկոլ Փաշինյանի հանդեպ կա աննախադեպ դժգոհության ալիք ու կատաղություն»:

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image