Այլ

Մայր Աթոռի վրա  գրոհը դիտվում է  որպես Մոր վրա հարձակում

Մայր Աթոռի վրա  գրոհը դիտվում է  որպես Մոր վրա հարձակում

Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ իշխանության գրոհով Եկեղեցու հեղինակությունը ոչ թե նվազեցնում, այլ բարձրացնում է։ Ինչքան գրոհի Եկեղեցու վրա, այնքան ավելի ուժեղ «հակադարձ էֆեկտ» է տալու։ Նույնիսկ եթե Եկեղեցին ոչինչ չանի, չխոսի, չպաշտպանվի, միևնույն է՝ նրա հեղինակությունը բարձրանալու է։ Որովհետև երբ սրբավայրը պաշտպանվում է ուժից, հասարակական գիտակցության մեջ այն ավտոմատ դառնում է բարոյական կողմ։ Կոնկրետ այս դեպքում Եկեղեցուն խոսք ու քարոզ պետք չէ։ Նա ընկալվում է ուժի դիմաց որպես զոհ։

Զոհ, որը համայն հայության համար Մայր է՝ Մայր Աթոռ։ Եվ ուժը, ով ուզում է լինի՝ եթե նույնիսկ  զավակ է իրեն հռչակում, դառնում է մեկը, ով սուր է բարձրացնում Մոր վրա։

Հանրային գիտակցության մեջ սա խորապես արմատավորված կոդ է․ Մոր վրա զենք չեն բարձրացնում։ Մորը չեն վնասում։ Եթե քեզ հռչակում ես նրա զավակը, դա քեզ իրավունք չի տալիս սուր բարձրացնել Մորդ վրա։

Ընդհակառակը՝ դա քո գործողությունն ավելի անընդունելի է դարձնում։

Մայրական սկզբունքը այստեղ մետաֆոր չէ։ Այն ընկալվում է որպես պաշտպանող, պահող, շարունակող սկզբունք։ Այնպիսի սկզբունք,  ինչը պահել է ժողովուրդը դարերով, անկախ իշխանություններից։ Եվ հենց այդ պատճառով նրա դեմ յուրաքանչյուր քայլը հասարակության կողմից հանդիպում է դիմադրության։ 

Մոր դեմ գրոհը երբեք չի ընկալվում որպես «քաղաքական քայլ»։ Այն ընկալվում է որպես անբարոյականություն։ Սա չի ձևավորվում բանավեճով, այլ գործում է ենթագիտակցական մակարդակում։

Քաղաքական ինստիտուտների միջև բախումները կարող են թվալ լեգիտիմ։ Դրանք կարող են քննարկվել, արդարացվել, վիճարկվել։

Բայց երբ իշխանությունը բախվում է մայրական սիմվոլի հետ , դա այլ դաշտ է։

Այստեղ չեն աշխատում իրավական արդարացումները, վարչական հիմնավորումները, անգամ քարոզչական լեզուն։ Հասարակության աչքում սա դառնում է ոչ թե «վեճ», այլ՝
ձեռք բարձրացնել Մոր վրա։

Հայ հասարակությունը երկար ժամանակ կարող է համակերպվել սոցիալական անարդարությանը, քաղաքական խաբեությանը, նվաստացմանը, արհավիրքին։ Բայց երբ վտանգվում է այն, ինչ ընկալվում է որպես մայրական պաշտպանություն, տեղի է ունենում բնազդային պաշտպանական ռեակցիա։ Այստեղ մարդիկ այլևս չեն հաշվարկում, չեն սպասում, չեն հարմարվում։

Փաշինյանի քաղաքական հաշվարկի սխալը հենց այստեղ է։ Նա սխալվում է ոչ թե քայլի ուժգնության մեջ, այլ՝ դաշտի ընտրության։ Մոր դաշտում ուժը միշտ պարտվում է։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image