Հարցազրույց

«Հրապարակ»․ 99.95 տոկոսով` ՔՊ-ն իմ առաջին եւ վերջին կուսակցությունը կլինի

«Հրապարակ»․ 99.95 տոկոսով` ՔՊ-ն իմ առաջին եւ վերջին կուսակցությունը կլինի

ՔՊ-ական պատգամավոր Ալեքսանդր Ավետիսյանն այն անհաջողակներից է, որոնք ներկուսակցական ընտրությունների արդյունքում տեղ չեն զբաղեցրել անգամ առաջին հարյուրակում։ Ավետիսյանը նախընտրական նախնական ցուցակում 134-րդն է, նա, ըստ երեւույթին, շանս չունի հաջորդ խորհրդարան անցնելու։ Զրուցել ենք պատգամավորի հետ, որը մինչ մանդատ ստանալը Նիկոլ Փաշինյանի խորհրդականն էր։

- Պարոն Ավետիսյան, Ձեզ համար սպասելի՞ էր, որ այդքան քիչ ձայն կհավաքեք, ինչպե՞ս կբացատրեիք՝ լավ չե՞ք աշխատե՞լ, պասի՞վ եք եղել։

- Բնականաբար, ես իմ արդյունքներից այնքան էլ գոհ չեմ, բայց դե՝ ցանկացած ժողովրդավարական ընտրությունների պարագայում հնարավոր չէ կանխատեսել, թե ինչ արդյունք կգրանցվի։ Ես որեւէ կասկած չունեմ, որ հունիսին սպասվող ընտրությունները կրկին անցնելու են օրենքի սահմաններում՝ թափանցիկ, ժողովրդավար եղանակով։ Բայց որեւէ մեկը կարո՞ղ է կանխատեսել, թե որ ուժն ինչքան ձայն կունենա, իհարկե՝ ոչ։ Ես կանխատեսում էի, որ իմ ձայները 150-ից ավել պետք է լինեն, բայց այդպես ստացվեց։

- Ինչո՞ւ, Դուք է՞լ եք այն կարծիքին, որ ընտրություններում, ամեն դեպքում, ներքին ուղղորդումներ են եղել, տեղեկություններ կան, որ որոշների համար լավ էլ զգուշացրել են գաղտնի, օրինակ՝ որոշ ճամբարափոխներ կամ ոչ ակտիվ ու անհայտ կուսակցականներ բավականին բարձր տեղերում են հայտնվել, եւ դա եւս խոսուն փաստ է։

- Եթե նման հարցեր ունենայի, Ձեզ մոտ, իհարկե, չէի արտահայտվի, բայց գոնե ներկուսակցական քննարկումների ժամանակ կբարձրաձայնեի: Բայց անկեղծ եմ ասում՝ նման տեղեկություններ չունեմ, իսկ ասեկոսեներ միշտ էլ լինում են։

- Բայց Դուք էլ եք ակնկալել, որ առնվազն 150 ձայն պետք է ստանայիք․․․․

- Դա իմ սուբյեկտիվ ակնկալիքն է եղել։

- Դուք ՔՊ հնաբնակներից եք, չէ՞, շարքերին ծանոթ, Ձեզ ճանաչելու խնդիր կա՞ր, թե՞ այլ գործոններ նպաստեցին։ Օրինակ, արդարացի՞ էր նման ընտրական մեխանիզմով ցուցակ ձեւավորելը, երբ ընտրողները տարածքային կառույցների անդամներն են, եւ պարզ չէ, թե ինչ սկզբունքներով, ինչ չափորոշիչներով են առաջնորդվելու, թեեւ լավ էլ պարզ է՝ ծանոթ, մտերիմ եւ այլն, բայց ոչ ելնելով պրոֆեսիոնալիզմից, մարդու որակներից։

- Ես ՔՊ-ում եմ 2016 թվականից, բայց սա առաջին անգամը չէ, որ այս մեթոդով է ձեւավորվում մեր ցուցակը։ 2017 թվականին՝ խորհրդարանական ընտրություններին, երբ «Ելք» դաշինքով էինք մասնակցում, ցուցակները ձեւավորվեցին ներկուսակցական ընտրություններով, գոնե՝ մեր կուսակցության ցուցակը։ Ուղղակի, այո, հիմա, բնականաբար, պատվիրակների քանակը շատ ավելի մեծ է, քան 2017-ին։ Քանի որ պատվիրակների քանակը շատ մեծ է, չի բացառվում, որ ինչ-որ սուբյեկտիվ գործոններ աշխատած լինեն, բայց ամեն ինչը եղել է նորմալ, արտառոց բան տեղի չի ունեցել։ Այո, ես իմ արդյունքից գոհ չեմ, դե, ունենք այն, ինչ ունենք։ Եթե ինչ-որ մեկին կա մեղադրելու, ապա ինքս ինձ պիտի մեղադրեմ, որ երեւի մի քիչ ակտիվ չեմ եղել որպես պատգամավոր։

- Հիմա արդա՞ր է, որ Դուք չեք լինելու հաջորդ խորհրդարանում։

- Դե, հա։

- Իսկ կարո՞ղ է ընդդիմադիր դառնաք։

- Մինչ 2016-ը որեւէ կուսակցության անդամ չեմ եղել, 2016-ից մտել եմ այս թիմ, հիմա էլ թիմում եմ, որեւէ մեկից ո՛չ նեղացած եմ, ո՛չ կնեղանամ ու կարծում եմ՝ երեւի 100 տոկոսով կանխատեսում անելը սխալ է, բայց 99.95 տոկոս ՔՊ-ն իմ առաջին եւ վերջին կուսակցությունը կլինի, 100 տոկոսով կանխատեսում անելը սխալ է։

- Իսկ Դուք հիպոթեքով բնակարան չե՞ք վերցրել՝ իշխանության գալուց հետո, հիմա եթե պատգամավոր չլինեք, ո՞նց եք փակելու հիպոթեքը, ՔՊ-ից շատերի աշխատանքային կարիերան սկսվել է 2018-ից, այս տարիներին վարկեր են վերցրել եւ ասում են, որ գլխավոր հոգսը դա է, թե ինչպես են իրենց վարկերը փակելու։

- Ես  բնակարան ունեմ, որտեղ մայրս է բնակվում, 2018 թվականին վարձով բնակվում էի Կոմիտասում, այսօր բնակվում եմ նույն բնակարանում՝ վարձով։ Ես չգիտեմ` ով ինչպես է փակելու վարկերը, բայց կարծում եմ, որ պատգամավոր չլինեն, այլ տեղ կաշխատեն, փառք Աստծո, միջին աշխատավարձը մեզ մոտ վատ չէ։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image