Քաղաքականություն

«Թաղումի» մեջ եմ, հետո կզանգեմ…

«Թաղումի» մեջ եմ, հետո կզանգեմ…

Դե ինչ, ցավ ի սիրտ արձանագրենք, որ Փաշինյանի քաղաքացիական, ներողություն, քաղաքական ինքնասպանությունն այլեւս իրողություն է: Դա տեղի ունեցավ ֆեյսբուքյան մի գրառումից հետո, որ բումերանգի պես հետ եկավ ու կտրեց նրա քաղաքական կյանքի թելը: Այնպես որ, ժամանակն է մտածել պատշաճ դամբանականի մասին: Բայց խնդրում եմ ինձ վրա հույս չդնել, որովհետեւ ես նման տեքստեր գրել չեմ կարողանում: Ինձ մոտ չի ստացվում: Մեկ էլ տեսար՝ էս տխուր առիթով մի բան գրեմ, ու չկարողանաք «հանգուցյալի» ներկայությամբ ծիծաղներդ զսպել: Փոխարենը կարող եմ իմ իմացած ամենապատշաճ դամբանականի մատրիցան տալ՝ կմախքը, ինչպես ասում են, կառուցվածքը: Ինչից հետո ինչ ասել, ինչպիսի արտահայտություն տալ դեմքին, ինչպես զարգացնել խոսքը, որ այն հասնի տրամաբանական ավարտի՝ այս հարցերում ես վարպետ եմ եւ կարող եմ օգտակար լինել դամբանականի բուն հեղինակին:

Դե, ուրեմն, ժամանակ չկորցնենք: Առաջին քայլով եկեք պարզենք, թե ով է գրելու դամբանականը: Սա շատ կարեւոր է, որովհետեւ ով գրի, նա էլ կարդալու է: Վահագն Խաչատուրյան, հանձն կառնե՞ս այդ գործը, քեզ մոտ թաղումներին մասնակցելը լավ է ստացվում: Դաշնամուրդ էլ կբերենք… Հը, համաձայն չե՞ս… Այ մարդ, դու ի վերջո էս երկրի համար մի բան պիտի անե՞ս, թե՞ չէ: Սաղ-սաղ կես էջ բան է լինելու… Թռավ: Արա, ՔՊ, հլա ձեր միջից մի կիրթ մարդու անուն ասեք, որ կկարողանա կանգնել ու կարդալ Նիկոլի քաղաքական դամբանականը: Ապա՞, ապա՞… Չէ, Ալեն Սիմոնյան ու Տիգրան Ավինյան չառաջարկել: Ոչ էլ Կոնջորյան ու Վահագն Ալեքսանյան: Ինչո՞ւ… Որովհետեւ Ալեն Սիմոնյանը բոթասներով է գալու, Ավինյանը՝ առանց գուլպաների, Կոնջորյանը Նիկոլի տեսքից կարող է շփոթվել, իսկ Վահագն էլ, ինչ իմանաս, հանկարծ կսկսի ողբալ բոլոր ուսապարկերի վախճանը: Ու կսկսվի՝ ուշաթափություններ, ջուր հասցրեք, ջուր… Զահլա չկա:

Լավ, ես կառաջարկեմ: Թող Անդրանիկ Քոչարյանը գրի այս դամբանականը: Վատ էլ չի գրի, կյանք տեսած մարդ է, հազար ու մի քաղաքական թաղումների միջով է անցել… Ի՞նչ կասեք: Էս գործում քար սիրտ է պետք, հասկանո՞ւմ եք, ամուր նյարդեր, մասնագիտական որոշակի հմտություններ: Իմ կարծիքով՝ Անդրանիկ Քոչարյանից ավելի լավ մեռելհարցուկ չեք կարող գտնել: Ո՞նց թե մեռելհարցուկն ինչ է: Նախ՝ ոչ թե ինչ, այլ՝ ով: Եվ ապա՝ մեռելհարցուկը դիագուշակն է, մեռելագետը, ոգեխոսը… Քոչարյան Անդո՝ հոկտեմբերի 27-ի, մարտի 1-ի, քառօրյա եւ 44-օրյա պատերազմների զոհերի անփոխարինելի ոգետես… Թե բա՝ Անդոյին ժամանակ է պետք, որ այդ զեկույցը պատրաստի: Ես հո չե՞մ ասում, որ Անդոն պիտի քննի Նիկոլի քաղաքական մահվան հանգամանքները, որ մի հատ էլ ժամանակ տանք նրան: Այստեղ ընդամենը քննչական մի թեթեւ պրոցեդուրա է պետք՝ հասկանալու համար, թե ինչը կամ ով է Նիկոլին դրդել քաղաքական ինքնասպանության: Եթե ուզում եք իմանալ, դա թաղումից հետո էլ կարելի է պարզել: Հիմա մեզ դամբանական կարդացող է պետք:

Ի՞նչ, ընդդիմությունի՞ց… Ոչ, ոչ, ոչ, ես նրանց կարդացած դամբանականը լավ գիտեմ: Այնպիսի բաներ կասեն, որ Նիկոլը կվերակենդանանա (քաղաքականապես): Մեկ էլ կվերցնեն ու կառաջարկեն՝ հոգեհանգիստը չարած՝ թաղել: Սպասեք մի հատ, այ ձեր ցավը տանեմ, դրսից եկող կա, բան կա… Մոսկվա, Բրյուսել, Վաշինգտոն, Անկարա, Բաքու… Ելույթներ կլինեն, հեռագրեր… Դեռ կառավարության տանը «հոգեհանգիստ» է լինելու, դաչաներում՝ «վերջին հրաժեշտի» արարողություն, Բագրատ սրբազանը պետք է կարգ կատարի… Վարչապետ ենք «թաղում», հո բան չի, որ ափալ-թափալ տանենք գցենք փոսը:

Ինչքան մտածում եմ, ավելի եմ համոզվում, որ մեր կողմից դամբանականը պետք է կարդա Անդրանիկ Քոչարյանը: Պարոն Քոչարյան, ուրեմն սկիզբը ես ասեմ, մնացածը դու կշարադրես: Տես, որ ամեն ինչ ազնիվ լինի, ոչ թե հանձնաժողովներիդ զեկույցների պես: Թուղթ ու գրիչ ունե՞ս… Դե գրի. «Բարոյակա՞ն մարդ էր, արդյոք, հանգուցյալը… Ոչ, նա բարոյական մարդ չէր: Մեր հանրությունը նրան աստվածացրեց, բայց նա ի չարս գործադրեց այդ մեծ վստահությունը: Նա դարձավ մարդկության բոլոր ժամանակների ամենամեծ ստախոսը, ամենաբարձրաստիճան դավաճանը եւ ամենավախկոտ հողատուն: Նա ազգակործան պատուհաս դարձավ մեր ժողովրդի գլխին…»: Շարունակությունը թողնում եմ քեզ, պարոն Քոչարյան: Այսքանից հետո ինչ ուզում ես՝ գրի… Համարձակ եղիր, քեզ այլեւս ոչ ոք SMS չի ուղարկի, թե մանդատդ դիր, գնա: Էս դեպքում անվիճելի մեռելհարցուկը դու ես, ոչ թե Նիկոլը: 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image