Մշակույթ

Ինչո՞ւ պետք է ծնողը վճարի ԿԳՄՍՆ-ի թերացումների համար

Ինչո՞ւ պետք է ծնողը վճարի ԿԳՄՍՆ-ի թերացումների համար

Այսօր մեկնարկեց նոր ուսումնական տարին։ Օրը պարտադրում է, որ հնչեն շնորհավորանքներ՝ ուղղված բոլոր նրանց, ովքեր իրենց նվիրել են կրթության ոլորտին, ովքեր շարունակելու են իրենց կրթական ընթացքը՝ ամառային արձակուրդներից հետո, եւ ովքեր առաջին անգամ են ոտք դնում դպրոց՝ ազդարարելով այդպիսով իրենց կյանքի նոր փուլի մեկնարկը։

Իրականությունն էլ պարտադրում է, որ հատուկ շնորհավորանք ասվի արցախցի դպրոցականներին ու հատկապես՝ առաջին դասարանցիներին, ովքեր արդեն ավելի քան կես տարի բլոկադայի մեջ են գտնվում, այնուամենայնիվ, փորձում են պահպանել բնականոն կյանքի ռիթմը եւ սեպտեմբերի 1-ն էլ պատշաճ նշում են։ Սակայն, ինչպես ասում են, նիկոլական իշխանությունն ինքն իրեն «դավաճանած» կլիներ, եթե մի կիքս ի հայտ չգար նույնիսկ այս տոնական օրով։ Չնայած ի հայտ եկածն ավելին է, քան կիքսը՝ դա առնվազն փնթիության, անպատասխանատվության, դիլետանտության ու էլ Աստված գիտի, թե ինչի զուգորդումն է։

Բանն այն, որ հանրապետության դպրոցներում 2-րդ, 5-րդ եւ 7-րդ դասարանցիները դասագրքեր չունեն։ Ոլորտային գերատեսչությունը՝ ԿԳՄՍ նախարարությունը, «երկաթյա» ալիբիով արդարանում է՝ այդ դասարաններում հանրակրթության պետական չափորոշիչներ են ներդրվում, որոնք նախապես կիրառվել են Տավուշի դպրոցներում՝ որպես պիլոտային ծրագիր, եւ հիմա մտնում են հանրապետության մյուս դպրոցները, քանի որ ծրագիրը, ըստ ԿԳՄՍՆ-ի, արդարացրել է իրեն։

Նոր չափորոշիչների պատճառով հին դասագրքերը փոփոխվել են՝ մրցույթներ են կազմակերպվել, նոր բովանդակություն է մտնելու դպրոց, սակայն դրանց տպագրությունը, մինչեւ նոր ուսումնական տարի, նախարարությունը չի հասցրել իրականացնել։ Կարելի է ենթադրել, որ վերոնշյալ դասարանների դասագրքերը դպրոց կմտնեն ավելի ուշ։ Սակայն, թե երբ՝ հայտնի չէ։

Թեեւ եթե զուտ փաստերին անդրադառնանք, դեռ անցյալ տարի են մրցույթները հայտարարվել, ժամկետը մի քանի անգամ երկարաձգվել է։ Արդյունքներն ամփոփվել են հունիսի 1-ին, բայց 2 ամսում անհնար է եղել աշխատանքներն ավարտելը։ Ու նաեւ՝ ինչ են արել այս 2 ամսում, Աստծուն է միայն հայտնի։ Փոխնախարար Արաքսյա Սվաջյանը 2-րդ, 5-րդ եւ 7-րդ դասարանցիներին առաջարկում է օգտվել դասագրքերի էլեկտրոնային տարբերակներից, որոնք հասանելի են Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի շտեմարանում եւ ուսուցիչների էլեկտրոնային մատյաններում։ Սա թերեւս ամենից աբսուրդային պահն է։

Ինչպե՞ս են նշված դասարանների աշակերտներն օգտվելու էլեկտրոնային դասագրքերից։ Դրա համար առնվազն պահանջվում են տեխնիկական միջոցներ, որոնք դժվար թե բոլոր 2-րդ, 5-րդ եւ 7-րդ դասարանցիներն ունենան։ Մյուս տարբերակով՝ այդ դասագրքերը պետք է ներբեռնվեն, հետո տարվեն որեւէ «քսերոքսի կետ», բազմացվեն։ Բնականաբար՝ ծնողների կողմից։ Սակայն այստեղ էլ խնդիր կա։ Որքանո՞վ է ողջամիտ դա։ Ինչո՞ւ պետք է ծնողը հավելյալ գումար ծախսի եւ ժամանակ տրամադրի՝ ԿԳՄՍՆ-ի անփութության ու անկազմակերպվածության համար, որը տապալել է իր գործառույթները։ Դեռ մի կողմ, որ շատ ծնողների համար նման ծախս անելը բավական լուրջ բեռ կարող է լինել ընտանեկան բյուջեի վրա։ Այսինքն՝ ստացվում է, որ ծնողները, նույն ինքը՝ հասարակությունը՝ մենք, հարկեր ենք վճարում, որպեսզի ԿԳՄՍՆ-ում նույնիսկ նման տարրական հարցեր լուծել չկարողանան եւ ամբողջ բեռը դնեն դպրոցականներ ունեցող հանրության վրա։

Այս պարագայում միակ կոմպրոմիսային լուծումը կարող էր լինել այն, որ էլեկտրոնային դասագրքերի «քսերոքսի կետում» բազմացնելու գործն իր վրա վերցներ ԿԳՄՍՆ-ն՝ պետությունը, եւ բաժաներ դպրոցներին, մինչեւ դասագրքերը պատրաստ լինեին ու մտնեին դպրոց։

 

ՀԳ Նյութն արդեն պատրաստ էր, երբ ԿԳՄՍՆ-ն շրջաբերական տարածեց` ուղղված դպրոցներին. «Դպրոցներին հանձնարարվել է՝ զերծ մնալ ծնողներին դասագրքերը գնելու կամ դրանց էլեկտրոնային տարբերակները պատճենելու ուղղորդումներից: Դպրոցն իր միջոցների հաշվին պետք է կազմակերպի դասագրքերի էլեկտրոնային տարբերակներից տպված համապատասխան թեմաների էջերը սովորողներին բաշխելու աշխատանքները»: Մնում է պարզել, թե այս շրջաբերականը կատարելու համար դպրոցներին ինչքան ֆինանս է տրամադրվելու: Իսկ գուցե ԿԳՄՍՆ-ն որոշել է լրացուցիչ գումար չտրամադրել, այլ ստիպել, որ դպրոցներն իրենց սուղ միջոցների հաշվին անեն այդ գործը:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image