Վերլուծություն

Շոու` պոռնոգրաֆիայի սիրահարների համար

Շոու` պոռնոգրաֆիայի սիրահարների համար

Հարցազրույց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի հետ


Խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի վերջին օրը լսեցինք քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի գնահատականները:

-Նախ՝ կուզեի ամփոփեինք: Ինչպիսի՞ն է Ձեր ընդհանուր տպավորությունը քարոզարշավից, որքանո՞վ էր հաջողված:

-Փորձեմ կարճ բնութագրել: Ամենակրեատիվ քարոզարշավը իրականացրել է «Բոլորին դեմ եմ»-ը, որը ամենաչնչին միջոցներով հասել է բավականին բարձր ճանաչելիության: Կարծում եմ, շատ արդյունավետ քարոզարշավ են տարել «Հայաստան» դաշինքն ու ԲՀԿ-ն:

-Նիկոլը օգնեց, չէ՞, մի քիչ ԲՀԿ-ին` իր ճնշումներով ու բացասական որակումներով:

-Ինչ եղավ, ոնց ճնշեց, ինչ արեց՝ փաստ է, որ իրենք արդյունավետ էին այն առումով, որ նրանք կարողացան, ինչպես մենք տեսնում ենք, բարձրացնել իրենց նախնական վարկանիշը: Չեմ ասում լավ էր, կամ վատ էր, իմ կարծիքը չեմ ասում: Բնութագրում եմ կոնկրետ կրեատիվության եւ արդյունավետության առումով: «Ուժեղ Հայաստանի» տակտիկան ճիշտ էր, դասական էր: Այսինքն, եթե վերցնենք միջազգային քաղաքագիտական եւ տեխնոլոգիական դասագրքերը, կտեսնեք, որ շատ ճիշտ են վարել այն: Նիկոլ Փաշինյանի քարոզարշավը, էսպես ասեմ՝ կրկնվող էր: Ոչ մի նորություն չկար: Նույն մեթոդները, նույն բառերը, նույն ճվճվոցը, եւ այլն, եւ այլն:

-ՀԱԿ-ի մասնակցությունն ինչպե՞ս կբնութագրեք: Կարողացա՞վ Լեւոն Զուրաբյանը բարձրացնել իր վարկանիշը, թե ոչ:

-Կարծում եմ, ՀԱԿ-ը կարող էր ավելի արդյունավետ դա անել: Իրականում նա տարավ քաղաքական, բայց ոչ արդյունավետ կամպանիա: Նրանը ամենաքաղաքական քարոզարշավն էր, բայց ցավոք, այսօր ոչ միայն Հայաստանում, այլեւ աշխարհում ավելի շատ շոուն է անցնում, քան քաղաքական ծրագրային կամպանիաները:

-«Նոր ուժի» վարչապետ Հայկ Մարությանի կամպանիան ինչպե՞ս կբնորոշեք:

-Հայկ Մարությա՞նը: Show must go on:

-Նաեւ նրա բանավեճից հեռանալն էր շոուի ժանրում:

-Ես կմնայի` Հայկի տեղը լինեի, եւ ամեն ելույթին «Կարգին հաղորդումից» մի ցիտատ կասեի: Այդպես, կարծում եմ, քանի որ իր կամպանիան հենց այդպես էր կառուցված, նա կարող էր այդպես էլ ամփոփեր: Օրինակ, մնար ու ասեր՝ «Ո՞ւր է էմոցիան, ո՞ւր է էքսպրեսիան, կամ՝ «բոլորդ էլ ճիշտ եք», եւ այլն: Կարծում եմ, նա ավելի լավ կհիշեր իր սկետչերը:

-Ձեր կարիքով նա իր վարկանիշը բարձրացրե՞ց:

-Վստահ եմ, որ բարձրացրել է:

-Իշխանականներին գնահատենք՝ Արման Բաբաջանյան, Արամ Սարգսյան, Շիրինյան:

-Դե, Արամ Սարգսյանի էնտուզիազմի պակասից զգացվեց, որ նա առանձնպես հույսեր չունի, որովհետեւ սովորաբար նա ավելի ակտիվ էր լինում: Այս անգամ բավականին պասիվ էր: Նրա կամպանիան կարելի է որպես պասիվ բնութագրել:

-ԴՕԿ կուսակցության մասին ի՞նչ կասեք, հաջողեցի՞ն:

-ԴՕԿ կուսակցությունը առանց Վարդան Ղուկասյանի կարողացավ անել այն, ինչը անում էր Վարդան Ղուկասյանի ներկայության օրերին: Թեեւ մի երկու անգամ զուտ ձայնագրությամբ էր նա ներկա, բայց քանի որ այսօրվա հասարակությունը՝ կրկնվեմ, ավելի շատ շոու-սպասելիքներ ունի, այլ մարդ չգտնվեց այդ կուսակցությունում, որը կապահովեր այդ շոուն:

-Նա ԱՄՆ-ից ապահովում էր, ձայնայինների միջոցով:

-Ոչ, չէր ապահովում, որովհետեւ նախ՝ դա քիչ էր, երկրորդ՝ միայն ձայնն էր: Պատկերացրեք՝ դուք, կամ բոլորը, ամբողջ հասարակությունը` թերթում: Վիդեո չեղավ, չեն լսում ու նայում:

-Հանրային հեռուստատեսության լուրերն ամենօրյա ռեժիմով հրապարակում էին «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչների խոսակցությունների գաղտնալսումները, Հակակոռուպցիոնի հրապարակած, 4-5-10 րոպե տեւողությամբ` սեւ ֆոնի վրա, որը հատուկ ծառայություններին հատուկ տխուր իմիջ էր բերում Հ1-ին: Սա օգնե՞ց, թե՞ խանգարեց «Ուժեղ Հայաստանին»:

-Չեմ կարող ասել: Չեմ բացառում, որ դա լրիվ այլ նպատակ ուներ՝ հիմքեր նախապատրաստել, որպեսզի զրկեն կուսակցությանը ընտրություններին մասնակցելու իրավունքից: Բայց հասարակության ռեակցիային չեմ հետեւել:

-Հեռուստաբանավեճը, այս նոր ֆորմատով, ինչպես Պետրոս Ղազարյանն էր անում, մեզանում նոր էր` ստացվե՞ց:

-Շոու էր պոռնոգրաֆիայի սիրահարների համար:

-Այսինքն՝ մարդիկ նայում էին, թե ինչպես են իրար վիրավորելու:

-Այո: Բոլորին էլ հասկանալի է, որ 3-4 մասնակցից ավելի բանավեճը վերածվելու է արեւելյան շուկայի: Դա չի կարող աշխատել, անհնար է, որ դա ավելի աշխատեր: Բանավեճը կարող է արդյունավետ լինել 2- 4 հոգու պարագայում:

-Օրինակ, ի՞նչն էր խանգարում, որ մի քիչ երկար ժամանակ հատկացնեին հարցերի ու պատասխանների համար, ոչ թե մարդկանց սեղմեին այդ «կես րոպե հարց՝ մեկ րոպե պատասխան» ֆորմատի մեջ:

-Կարծում եմ, մարդիկ չէին նայի: Առանց այն էլ 4 ժամ էր տեւում: Պատկերացնո՞ւմ եք, այսօրվա մարդը, որը «ռիլը» 15 վարկյան է նայում, 4 ժամից ավելի ո՞նց պետք է նայեր: Ինչո՞ւ են այսօր վերացել թերթերը: Մարդիկ չեն կարդում, երկար է: Ինչո՞ւ են ֆիլմերը դարձել սերիալներ, որովհետեւ մարդիկ սովորել են, որ կարճ լինի: Դա համաշխարհային տենդենց է, հնարավորինս կարճ լինի ամեն ինչ:

-Հա, բայց հաղորդավարները ոնց որ ոստիկաններ լինեին: Գոռգոռում էին մարդկանց վրա, խոսափող էին անջատում րոպեն մեկ:

-Իրենք մեղավոր չէին: Այնպես չի, որ իրենք շատ էին կողմնապահություն անում: Ի դեպ, բավականին բարձր կգնահատեի, ես ինքս հաղորդում եմ վարում, եւ գիտեմ, ինչ է նշանակում, եթե դահլիճում 1-2 հոգուց ավելի մարդ է խոսում միաժամանակ: Ինքն իրենով այնքան սխալ ֆորմատ է, որ այդպես էլ լինելու էր, օբյեկտիվորեն էր այդպես լինելու, եւ ինձ համար դա ի սկզբանե պարզ էր:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image