Այլ

«Հրապարակ». Թող գան, բռնեն տանեն, խաչեն՝ մենք չենք վախենում

«Հրապարակ». Թող գան, բռնեն տանեն, խաչեն՝ մենք չենք վախենում

Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազան Պռոշյանին եւ մի խումբ հոգեւորականների երեկ բերման էին ենթարկել Քննչական կոմիտե: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Դանիել Իոաննիսյանի դիմումի հիման վրա են տարել, Հովհաննավանքի քահանա Տեր Արամի` Հ1-ին տված հարցազրույցի հիմքով, որտեղ նա ասել էր, թե 21-ին իրենց պարտադրել են հանրահավաքների մասնակցել: Զրուցել ենք Տեր Աբել քահանա Քարտաշյանի հետ։

- Իշխանության, իրավապահ համակարգի այս քայլերն ինչպե՞ս եք գնահատում։

- Ավետարանի մեջ պատկերը շատ հստակ կա՝ Հուդան դավաճանեց, Հիսուսին բռնեցին տարան, որ խաչեն։

- Հուդայի դերում Տեր Արա՞մն է։

- Այո։ Ծիծաղելին այն է, որ մենք չենք վախենում խաչելությունից, մեզ դրանով չեն կարող վախեցնել։

- Ձեր ծառայության հիմքում նաեւ դա է՝ պատրաստ լինել խաչելությանը։

- Ամեն օր, ամեն օր․․․

- Հոգեւոր դասը պատրաստ է, բայց Եկեղեցու կարեւորագույն դերը հայ ժողովրդի, հայոց պետականության հարցում նույնպես գիտակցում ենք։ Վտանգ չկա՞։

- Դուք որոշեք արդեն դա։ Մենք երկար ժամանակ է՝ խոսում ենք այդ մասին, որ սա վտանգավոր պրոցես է, վտանգավոր երեւույթ է, եւ մենք գործողությունների քարտեզ, որպես այդպիսին, կարճաժամկետ ինչ-որ խնդիրներ լուծելու՝ չենք առաջարկելու ձեզ: Ձեր դեմքով` ժողովրդին նկատի ունեմ։

- Մարդիկ ասում են, որ երբ Միքայել սրբազանին հորինված մեղադրանքով ձերբակալեցին, երբ թույլ տվեցին, որ նրան Մայր Աթոռից տանեն Քննչական, պետք է հասկանային, որ այդ ոտնձգությունները շարունակվելու են։ Քննադատում են Մայր Աթոռին, որ պետք է քայլեր ձեռնարկել՝ գոնե կարգալույծ անել դավաճան հոգեւորականներին։

- Ո՞վ է ասում, որ կարգալուծությամբ է այդ հարցը լուծվելու, կամ որ մեր պահվածքի մեջ ինչ-որ վախեցած, ինչ-որ էքստրեմալ քայլեր անելու երեւույթներ պիտի լինեն։ Ո՞վ այդ խորհուրդը տվեց, ո՞վ է այդքան խելացի ու իմաստուն մեզնից։ Այդ քննարկողները պիտի հասկանան, որ գործ ունեն բազմադարյա իմաստնատան հետ, որ տարբեր թագավորներ, տարբեր օտար նվաճողներ եկել ու գնացել են, բայց մենք կանք։

- Իսկ Եկեղեցու ներսում այն ժամանակ հուդաներ եղե՞լ են։

- Իհարկե, մենք դրա պակասը չենք ունենալու մարդկության մեջ։ Հիսուս Քրիստոսն Ավետարանի մեջ, որ գրեցին աշակերտները եւ աշակերտներին մոտ եղողները, ինչի՞ չխմբագրեցին Հուդայի պարագան։ Աստվածաշնչում միայն լիքը լավ մարդկանց պատմություն չի գրված, այնտեղ լիքը վատ մարդկանց պատմություններ են գրված։ Այսինքն՝ այնպես չէ, որ մեր կյանքը պետք է ստերիլ վիճակում լինի։ Այդ դեպքում դա կյանք չէ արդեն։

- Ստեղծված իրավիճակում ճիշտ չէ՞ արդյոք՝ դիմել եկեղեցական, միջազգային կազմակերպություններին։

- Մենք վստահում ենք Աստծուն եւ վստահում ենք, որ Աստված Սուրբ հոգու միջոցով մեր սիրելի հայրիկին իմաստնություն է տալիս՝ այս բոլոր հարցերը լուծելու։ Եվ ամեն մեկս մեր տեղում ինչ-որ պանիկայի դրսեւորումներ չունենք, շատ հանգիստ, շատ խաղաղ ենք։ Պետք է գան, բռնեն տանեն, խաչեն, սպանեն, ի՞նչ է պետք` թող գան անեն, դրանից ավել ի՞նչ պիտի անեն։ Մեզ հստակ ասվել է՝ չվախենաք նրանցից, ովքեր ձեր մարմնի վրա իշխանություն ունեն, վախեցեք նրանից, ով ձեր հոգիների վրա իշխանություն ունի։

- Միքայել սրբազանն ասաց` մինչեւ Վեհափառին հասնելը մեր վրայով պիտի անցնեն․ Միքայել սրբազանին ազատազրկեցին հորինված մեղադրանքով, մտավախություն չկա՞, որ Վեհափառին են մոտենում։

- Իսկ դա գաղտնի՞ք է եղել, դա «հայտարարվել է» Ազգային ժողովի ամբիոնից։ Այսինքն, այնպես չէ, որ մենք չենք լսել այդ հայտարարությունը ու հիմա պիտի անակնկալի գանք, խառնվենք եւ այլն, եւ այլն։

- Այսինքն՝ այդ սցենարն էլ չեք բացառում։

- Խորհրդային Միությունը նոր է ավարտվել՝ կաթողիկոսին սպանել են։ Պատմությունը կրկնվելու բնավորություն ունի՝ այն պարուրաձեւ իրականություն է, անընդհատ կրկնվող, վեր բարձրացող, ԴՆԹ-ի կառուցվածքը ո՞նց է՝ այդ նույն կառուցվածքն ունի պատմությունը։ Այսինքն՝ այս երկրի վրա տեղ գտած որեւէ դեպք, իրականություն մեզ չի կարող զարմացնել, թե ինչու այսպես եղավ, ոնց եղավ։ Մենք գիտենք, որ դա պետք է լինի, Աստված էլ մեր մեջ է ու հիմա ի՞նչ է դաստիարակում՝ ներկա ժամանակով չառաջնորդվել եւ ներկա ժամանակը կարողանալ զոհաբերել հավիտենականի համար։ Մարդիկ, ովքեր ներկան են այս պահին, ապագան են ուզում ձախողված լինի, դա իրենց ընտրությունն է, մենք ի՞նչ անենք։

- Իսկ տեր Արամի ու նրա նման մտածողների հարցն ինչպե՞ս է լուծվելու։ Դուք ասացիք, որ պետք չէ կարգալույծ անել։

- Այո, սիրով է լուծվելու։

- Սիրո պակա՞ս ունեն։

- Այո, երբ Ձեր տղան չարաճճիություն է անում, կարող եք մի պահ ասել՝ դու իմ տղան չես, այդպիսի պահ ենք ստեղծելու իր համար, որ ինքը զգա, որ կապի բացակայություն է լինելու՝ դա էլ է սիրո արտահայտման ձեւ։ Հետո որ գալիս է, գրկում համբուրում է։ Լռությունը, չպատժելն էլ են սիրո դրսեւորման ձեւ։ Վստահեք, մեր Հայրիկն իմաստուն է։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image