Հարցազրույց

Սա ուղիղ իմաստով հարված է մեր բարոյական արժեքներին․ հոգեբան

Սա ուղիղ իմաստով հարված է մեր բարոյական արժեքներին․ հոգեբան

«Հրապարակի»  զրուցակիցը հոգեբան Աննա Մանուկյանն է։

- Արդեն մեկնարկել է 2026 թվականը, Հայաստանում այս տարի տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ, փորձագետներն ասում են, որ 2026-ը բավականին ծանր տարի է լինելու։ Գաղտնիք չէ, որ ներքաղաքական լարված պրոցեսները ազդեցություն են ունենում հանրության վրա, մարդիկ դառնում են դյուրագրգիռ: Գաղտնիք չէ, որ մեր հանրությունը հատկապես 2018 թվականից հետո դարձել է ագրեսիվ, չար, այս մասին է վկայում նաև դաժան սպանությունների աճը և այլն։ Ի՞նչ խորհուրդ կտաք ընթերցողին՝ ինչպե՞ս կառավարել հոգեկան վիճակը։

- Մարդիկ պետք է սկսեն ավելի շատ ժամանակ տրամադրել իրենց առողջությանը, հոգեբանական հիգիենային, հույզերին, մտքերին։ Ես կարծում եմ, որ տարին կապ չունի։ Ասում ենք, որ նախընտրական տարի է, լարվածությունը մեծ է լինելու, սակայն եթե ամեն մարդ հետևի իր առողջությանը, խոսքը թե հոգեբանական, թե ֆիզիկական առողջության մասին է, ապա իրավիճակը հուսադրող կլինի։

- Հայաստանում մթնոլորտը խիստ լարված է։ Թանկացումներ, քաղաքական պատերազմներ, ստի անխնա կիրառում և այսպես շարունակ։ Ինչպե՞ս հաղթահարել այս իրավիճակը։

- Փորձը ցույց է տալիս, որ օրինակ նույն Ձեր նշած նախընտրական լարվածությունն ազդում է բոլոր տարիքային խմբերի վրա և բոլոր հասարակական ոլորտների վրա, կոմունիկացիաների վրա։ Ի հայտ են գալիս տարբեր գաղափարներ, քաղաքական հայացքներ։ Ոչ միշտ են մարդիկ կարողանում պահպանել շփման էթիկայի կանոնները և խուսափել քաղաքական, կրոնական, ինչպես նաև անվտանգության հետ կապված թեմաների մասին խոսելիս պահպանել կոռեկտության սահմանները։ Ցավոք հենց իմ նշած թեմաները գրեթե միշտ հանգեցնում են միջանձնային կոնֆլիկտների։ Եթե նման թեմաները հանգեցնում են կոնֆլիկտի, ապա պետք է խուսափել դրանք քննարկելուց, կամ էլ պետք է քննարկել այնտեղ, որտեղ կարողանում են ներկաները զսպել իրենց էմոցիաները, կարմիր գծեր չանցնելով․․․․ միջազնձնային փոխահարաբերություններում մշտապես պետք է պահպանել խոսքի կուլտուրան, փոխադարձ հարգանքը։ Չպետք է այնպես անել, որ բանը հասնի կոնֆլիկտին։

- Երբվանի՞ց եք նկատել, որ քաղաքական թեմաների մասին քննարկումները անդրադառնում են միջանձնային հարաբերությունների վրա։ Իրավիճակներ կան, որ անգամ եղբայրը եղբոր հետ, քույրը քրոջ հետ, քավորը սանիկի հետ չի շփվում, քանի որ նրանցից մեկը նիկոլական է, մյուսը ՀՀԿ-ական է և այսպես շարունակ։

- Այդ ամենին նպաստել է հատկապես սոցիալական ցանցերի ակտիվացումը։ Ես այս երևույթը նկատել եմ այն ժամանակ, երբ սոցհարթակները դարձել են համեմատության մեջ ավելի ակտիվ։ Առհասարակ քաղաքական շրջանակների ակտիվացմանը զուգահեռ միջանձնային կոնֆլիկտները սրանում են։ Այս երևույթը ինձ համար նկատելի էր նաև 1999 թվականի հոկտեմբերի 27-ից հետո։ Այն ժամանակ էլ կար համընդհանուր ագրեսիա, հասարակությունը բաժանվել էր տարբեր մասերի, ծայրահեղ հայրենասերներ, ոչ այնքան հայրենասերներ ու այսպես տարբեր քաղաքական վայրիվերումներ։ Այն ժամանակ թեպետ պատերազմում հաղթել էինք, սակայն այնուամենայնիվ հետպատերազմական շրջան էր, մարդիկ բավականաչափ կորուստներ էին կրել, ինչի արդյունքում ավելի դյուրագրգիռ ու դյուրազգաց էին, ինչպես որ հիմա։

- Այժմ իշխանությունները Հայ Առաքելական եկեղեցու դեմ պատերազմ են հայտարարել և ամեն գնով փորձում են Գարեգին Բ կաթողիկոսին հեռացնել Վեհարանից։ Իշխանությանը միացել են մի քանի հոգևորականներ։ Սա ի՞նչ ազդեցություն է թողնում հասարակության վրա։

- Այս ամենը թողնում է ամենաբացասական ազդեցությունը՝ հանրության վրա։ Մենք դաստիարակված ենք այնպես, որ Հայ Առաքելական եկեղեցին պետք է հարգենք, իսկ այսօր բացահայտ հալածանքների է ենթարկվում մեր եկեղեցին։ Սա ուղիղ իմաստով հարված է մեր բարոյական արժեքներին։ Ես միշտ սպասել եմ, որ պետք է սեր պրոպագանդվի դեպի եկեղեցի, որովհետև դարեր շարունակ նույն այդ եկեղեցին է պահել մեր ինքնությունը, պահպանելով մեր պատմությունն ու ինքնությունը, մեր ավանդույթները, անգամ՝ տոները։ Եկեղեցու հանդեպ պետք է միայն սեր տարածել։ Որքան էլ որ զարգանում ենք և այլ կրոնական ուղղություններ ենք ուսումնասիրում, չպետք է Հայ Առաքելական եկեղեցու հանդեպ հարգանքը նվազեցնել։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image