Հասարակություն

Պետրոս Ղազարյանին թույլ չեմ տա իմ ղեկավարած մեդիայի և իմ հասցեին նման հայտարարություններ անել

Պետրոս Ղազարյանին թույլ չեմ տա իմ ղեկավարած մեդիայի և իմ հասցեին նման հայտարարություններ անել

Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը հայց է ներկայացրել ընդդեմ Հանրային հեռուստատեսության հարցազրուցավար Պետրոս Ղազարյանի։ «Դատալեքս» համակարգից տեղեկացանք, որ Սեյրանյանը հայցադիմումով պահանջում է դատարանից՝ պարտավորեցնել Պետրոս Ղազարյանին՝ հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները։ Հայցադիմումի առիթը եղել է Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը, որում վերջինս նշել է․

«Սոլովյովի սպառնալիքը պաշտպանել են Հայկ Դեմոյանը, Սաթիկ Սեյրանյանը, նրա սանջակ 24 նյուզը, Միկա Բադալյանը, Անժելա Թովմասյանը, Հրանտ Բագրատյանը։ Նրանց մի մասը հարձակվել ա Սոլովյովին քննադատողների վրա։ Վստահ եմ նրանք ուրախ կլինեին, եթե այդ սպառնալիքը իրականանար։ Իսկ հիմա նրանք լծվելու են Թրիփի դեմ»։ 

Հայցվորի դիտարկմամբ՝ այս հայտարարությունները զրպարտություն են, ուստի, Սեյրանյանը պահանջում է պարտավորեցնել Ղազարյանին՝ հերքել զրպարտությունը, ինչպես նաև զրպարտության համար փոխհատուցում վճարել՝ 1 մլն դրամի չափով։ Հայցը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Երեմ Եսոյանին, դեռևս չկա որոշում՝ այն վարույթ ընդունելու մասին։ 

Սաթիկ Սեյրանյանը «Հրապարակի» հետ զրույցում, անդրադառնալով Պետրոս Ղազարյանի դեմ դատական հայց ներկայացնելու դրդապատճառներին, ասաց. «Պետրոսը քարոզիչ է էլի, նորմալ է իր պարագայում, բայց ամեն դեպքում նա պետք է պատասխան տա իր հայտարարությունների համար: Այնպես չէ, որ կարող ես ինչ ասես ասել և անցնել առաջ: Դատարանից մեծ ակնկալիքներ չունեմ, չգիտեմ, թե ինչ կլինի, սակայն կարծում եմ, որ պետք է այդ քայլն արվեր: Ինչպես գիտենք` Սոլովյովի մասին գրառման առիթով եմ դատարան դիմել: Ուզում է Սոլովյով լինի, ով ուզում է թող լինի, ինձ կապել որևէ մեկի հետ և ասել, որ արդարացնում եմ, պաշտպանում եմ... Սոլովյովն ո՞վ է, որ ես նրան պաշտպանեմ: Սոլովյովին պաշտպանողներ թող այլ տեղերում փնտրեն, այդ թվում` իրենց քարոզիչների շրջանակներում, հարցը դա չէ, բայց ես թույլ չեմ տա նման հայտարարություններ անել իմ մասին, իմ ղեկավարած մեդիայի մասին, ուզում է Պետրոս Ղազարյանը լինի, ուզում է` Սոլովյովը լինի, ինձ համար լրիվ մեկ է», - ասաց Սեյրանյանը: 

Պետրոս Ղազարյանը բացի Ձեզանից էլի ինչ-որ լրատվամիջոցների և հանրային դեմքերի անուններ էր նշել այդ գրառման մեջ` Միկա Բադալյան, Անժելա Թովմասյան, Հրանտ Բագրատյան, 24 նյուզ, տեղյա՞կ եք, նրանք նույնպե՞ս դատական հայցեր են  ներկայացրել Ղազարյանի դեմ. «Չգիտեմ, կոնկրետ ինձ համար սա սկզբունքային ու շատ կարևոր հարց է: Իմ տեսակետը կարող են կիսել կամ չկիսել, սակայն ինձ մեղադրել, որ ես Սոլովյովի սպառնալիքները պաշտպանում եմ, ներողություն, բայց դրա համար պետք է պատասխան տան: Ինքը` Պետրոսը կարող է երբեմն Սոլովյովով հմայվել, դա իրենց իշխանությանն է հատուկ: Մեկ ռուսական գլխարկ են դնում, մեկ` արևմտյան, դա իրենց է հատուկ: Ես թույլ չեմ տա ինձ մեղադրել` մենք ոչ մեկին չենք պաշտպանել, այլ փորձել ենք հասկանալ, թե ինչ է տեղի ունենում: Հակառակը` ասել ենք, որ երբ Փաշինյանը գնում է Պուտինի առաջ խոնարհվում ու քծնում է, թող հենց ինքն էլ այդ հարցերը բարձրաձայնի: Երբ պետք է լինում, Հ1-ով և այլ հարթակներով օրնիբուն քծնում են ռուսներին, հիմա ո՞վ է թույլ տվել ինձ մեղադրել նման բանում: Պետրոս Ղազարյանը միայն իրեն չի ներկայացնում, նա նստած է Հանրայինի աթոռին, և ես նրան թույլ չեմ տա իմ ղեկավարած մեդիայի և իմ հասցեին նման հայտարարություններ անել»:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image