Փետրվարի 18-ին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում կայացավ ԱՄՆ եւ ՌԴ ԱԳ նախարարների չորսեւկես ժամ տեւողությամբ հանդիպում։ Հանդիպման ավարտից հետո Պետդեպի խոսնակի անունից տարածվեց հանդիպման մասին հաղորդագրություն, նույնիսկ ավելի արագ, քան հանդիպմանը մասնակցած ամերիկյան պատվիրակությունը կհանդիպեր լրագրողներին։ Այդ հաղորդագրությունում կար մասնավորապես մի պարբերություն, որը պետք է իմանալ եւ հիշել՝ ռուսական քարոզչամեքենայի ստերի եւ պատրանքների ծուղակում չհայտնվելու համար. «President Trump wants to stop the killing; the United States wants peace and is using its strength in the world to bring countries together. President Trump is the only leader in the world who can get Ukraine and Russia to agree to that». Թարգմանաբար՝ «Նախագահ Թրամփը ցանկանում է դադարեցնել սպանությունները․ Միացյալ Նահանգները ցանկանում է խաղաղություն եւ գործադրում է աշխարհում ունեցած իր ազդեցությունն ու ուժը՝ երկրներին շփման բերելու համար։ Նախագահ Թրամփը միակ առաջնորդն է աշխարհում, որը կարող է Ուկրաինային եւ Ռուսաստանին հարկադրել համաձայնության»։
Այսինքն, ԱՄՆ-ն Ռուսաստանին դիտում է Ուկրաինայի հետ նույն հարթության վրա, ոչ թե իր՝ ԱՄՆ-ի։ ԱՄՆ-ն չի պատրաստվում Ռուսաստանի հետ Ուկրաինայի ճակատագիր որոշել, ինչպես ռուսական քարոզչությունն է, «երազում կորեկ տեսնող հավի» նման, երեւակայում ու տարածում։ Դեռ անցյալ շաբաթ կարելի էր պամֆլետ գրել՝ «ինչ պատահեց այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զանգահարեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին» թեմայով։ Անշուշտ, առարկայական ոչինչ չպատահեց եւ չէր էլ կարող պատահել։ Որքան էլ Թրամփը նախընտրական շրջանում հայտարարում էր, թե Սպիտակ տուն մուտք գործելու հաջորդ օրը պատերազմն Ուկրաինայում դադարեցնելու է, ցավոք, ակնհայտ է, որ առաջիկա մի քանի ամսում ռազմական գործողությունները դժվար թե դադարեն։
Մի կողմից, ամիսներ են հարկավոր, մինչեւ բանակցային գործընթացը հասնի համաձայնագրի նախագծի փուլի։ Մյուս կողմից, ամիսներ են հարկավոր, մինչեւ կազմավորվի ԵՄ երկրների (նույնն է թե՝ ՆՍՏՕ-ի) նվազագույնը 50 հազարանոց զորամիավորումը, որը մշտական ռեժիմով տեղակայվելու է Ուկրաինայում։ Այս առումով Ռուսաստանին արդեն պարտադրված է փակուղի։ Կա՛մ Ռուսաստանը հաշտվում է այն բանի հետ, որ Ուկրաինան պաշտոնապես անդամակցի ՆԱՏՕ-ին եւ այդպիսով ստանա անվտանգության երաշխիքներ, կա՛մ էլ Ռուսաստանին կմնա հաշտվել այն բանի հետ, որ ՆԱՏՕ-ական զորքերը ֆիզիկապես Ուկրաինա մուտք գործելով եւ տեղակայվելով երաշխավորեն այդ երկրի անվտանգությունը։ Երրորդ ուղի չկա։ Իհարկե, Էր-Ռիյադի հանդիպումից հետո ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը լրագրողների առջեւ հայտարարեց․ «․․․Տարբերություն չկա՝ Ուկրաինան դառնա ՆԱՏՕ-ի անդամ, թե ՆԱՏՕ-ական երկրների զինուժը ԵՄ-ի դրոշի կամ նույնիսկ սեփական դրոշների ներքո մուտք գործի եւ կանգնի Ուկրաինայում։ Մեզ համար դա նույնքան անընդունելի է»։
Դրական է, որ Ռուսաստանում գիտակցում են՝ Ուկրաինան ՆԱՏՕ-ի կազմ մտնի, թե ՆԱՏՕ-ի զինուժն Ուկրաինայում տեղակայվի, դա ընդամենը գումարելիների փոփոխություն է՝ արդյունքը նույնական է։ Հասկանալի է, որ Ռուսաստանի համար արդյունքն անընդունելի է, որ տարբերակով էլ լինի։ Բայց, ի դժբախտություն Ռուսաստանի, վերջինիս շինծու մտահոգությունները Եվրոպային քիչ չեն հետաքրքրում, մանավանդ՝ նրանից հետո, երբ Ռուսաստանը վայրագ պատերազմ սանձազերծեց եվրոպական մայրցամաքում։ Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան արդեն հայտարարել են, որ պատրաստ են յուրաքանչյուրը 10 000 եւ ավելի զինվորական տրամադրել Ուկրաինայում տեղակայվելիք զորամիավորմանը։ Գերմանիան, Լեհաստանը, Իսպանիան եւ այլ երկրներ էլ հայտարարել են, որ միանալու են այդ զինված առաքելությանը։ Այսինքն, Ուկրաինայի ինտեգրումը ՆԱՏՕ-ին ընթանում է ողջ թափով, եւ Ռուսաստանը չունի լծակ՝ դրան խոչընդոտելու։ Թրամփն էլ մի անգամ Պուտինի հետ խոսելու դիմաց հազար անգամ Ուկրաինայում եվրոպական զորամիավորման տեղակայմանն աջակցություն բարձրաձայնեց։
Երկրորդ էական իրողությունը ռուս-ամերիկյան շփումներում Թրամփի ինքնավստահությունն է, թե ինքը կարող է ռուսներին էլ, ուկրաինացիներին էլ համարյա այնպես ստիպել համաձայնության գալ, ինչպես իր հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիտկոֆն էր հունվարին, շաբաթ օրով երկու ժամում Իսրայելի վարչապետ Նաթանյահուին կոտրել ու ստիպել ընդունել «Համասի» հետ հրադադարի համաձայնությունը, որ Բայդենի վարչակազմը սեղանին էր դրել դեռ 2024-ի մայիսին, բայց Նաթանյահուն սաբոտաժ էր անում ու չէր ընդունում։ Նույնիսկ միջազգային մամուլում խոսակցության մի դրվագ էր անընդհատ շրջանառվում, որ Ուիտկոֆը նախօրեին Դոհայից զանգել է Նաթանյահուի աշխատակազմ եւ ասել, թե հաջորդ օրը գալիս է բանակցելու։ Աշխատակազմից առարկել են՝ ներեցեք, մենք շաբաթ օրերին չենք աշխատում։ Ուիտկոֆի արձագանքը եղել է․ «Ես դա գիտեմ, բայց այս շաբաթ օրը կաշխատեք»։
Բնականաբար, Նաթանյահուն շաբաթ օրով աշխատեց, Ուիտկոֆին ընդունեց, հրադադարին էլ համաձայնեց։
Հիմա ԱՄՆ-ում համոզված են, կամ գոնե Թրամփը համոզված է եւ չի թաքցնում, թե ինքն այնպիսի ազդեցության լծակներ ունի, որ ի զորու է Ռուսաստանին էլ, Ուկրաինային համաձայնություններ հարկադրել։ Ուկրաինայի դեպքում զենքի մատակարարումներն են ԱՄՆ-ի ազդեցության հաղթաթուղթը։ Ռուսաստանի դեպքում՝ նավթի եւ մյուս էներգակիրների գնային damping-ը։ Թրամփը չի էլ թաքցնում, որ Ռուսաստանին էֆեկտիվորեն կարող է ծնկի բերել եւ հարկադրել ավարտել Ուկրաինայում պատերազմը։ Նավթի եւ մյուս էներգակիրների միջազգային գներն իջեցվում են եւ այդպես պահվում առժամանակ, մինչեւ 70%-ով էներգակիրներից եկամուտների վրա հենված ռուսական տնտեսությունը կոլապսի ենթարկվի։ Դրանով էլ պատերազմը կավարտվի։ Այսինքն՝ Թրամփը, ըստ էության, հայտարարում է, որ ինքը ՌԴ տնտեսությունը փլուզման կտանի նույն սցենարով, ինչպես 1980-ականների վերջին ԽՍՀՄ տնտեսությունը։ Ռուսները գիտեն Թրամփի չթաքցվող ծրագիրը, դրանից էլ, ինչպես հարկն է, զգուշացած են եւ խունջիկ-մունջիկ են լինում։ Երջանիկ են միայն նրանից, որ ամերիկացիներն իրենց հետ հանդիպում են կամ թեկուզ խոսում։
Իսկ այդ նույն ժամանակ ռուսական քարոզչամիջոցներում, սոցցանցերում մի շաբաթ մոլեգում էր ստերի ու պատրանքների շքահանդեսը, թե իբր Միացյալ Նահանգները կամ գոնե նախագահ Թրամփն այնքան են Ռուսաստանին լուրջ վերաբերվում, համարյա ԱՄՆ-ին հավասար դասում, որ պատրաստ են Ռուսաստանի հետ Ուկրաինայի ճակատագիրը որոշել՝ նույնիսկ առանց Ուկրաինային հարցնելու։ Ռուսական քարոզչությանը որ լսես, ի՜նչ Ուկրաինա, մի քիչ էլ կենացները քաղցրանային, Թրամփը եւ Պուտինը Եվրոպայի ճակատագիրն էին որոշելու, եթե ոչ առհասարակ Երկիր մոլորակի․․․ Մինչդեռ Էր-Ռիյադում եղավ միայն այն, որ ՌԴ-ն եւ ԱՄՆ-ն համաձայնեցին իրենց դեսպանատների աշխատանքին խոչընդոտող արգելքները փոխադարձաբար հանել։ Եվ էքսպերտային մակարդակի թիմեր ձեւավորել՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու ուղիներն ու հնարավորությունները գնահատելու, այդ ուղղությամբ աշխատանքներ սկսելու համար։ Ընդ որում, ամերիկացիների կողմից դա երեք track-ով միաժամանակյա աշխատանք է լինելու՝ Ուկրաինայի հետ, Եվրոպայի, Ռուսաստանի։