«Շիրակ կենտրոն»-ի նախագահ Վահան Թումասյանը, որ ամենօրյա աշխատանքային ռեժիմով մարզի գյուղաբնակ համայնքներում է, առկա խնդիրներին անձամբ է առնչվում։ Hraparak.am-ի հետ զրույցում ասում է․ «Անցած տարի խոտ չլինելու պատճառով գյուղացիները մասսայական ոչնչացրեցին խոշոր եղջերավոր անասուններին, այս տարի հակառակն է՝ արդեն խոտ կա, առնող չկա, սա բերում է ավելի խորը աղքատության։Գյուղերն են դատարկվում, օր օրի գնալով ստվարանում է բնակչության թիվը, միայն մի քանի տարեց է գյուղոմ մնում։Երիտասարդները, որ պիտի մնային, խոտ հնձեն, վարուցանք անեն,անասուն պահեն, մեկնում են քաղաք, խոտ հնձողը, անասուն պահողը պարեկ ու ոստիկան է դառնում, որովհետև էդ գործը կա ու կա։ Հեչ պարտադիր չէ կրթություն ունենալը, ինչքան անգրագետ՝ էնքան լսող կլինեն»։
«Շիրակ կենտրոն»-ի նախագահի խոսքով՝ գյուղերում որպես աշխատուժ անառողջ տղամարդիկ են մնացել, որոնց ֆիզիկականը չի ներում քաղաքում աշխատելու համար, հակառակ դեպքում՝ նրանք էլ կհեռանան։ Երիտասարդ աղջիկներն էլ ուսման պատրվակով են հեռանում ․ «Գնում ու ամուսնանում են , չեն վերադառնում ։ Բոլորը նախընտրում են մայրաքաղաք, ու ինչն է զարմանալի՝ նախընտրում են քաղաքի բետոնե պատերը վարձակալել, առավոտից երեկո աշխատել վարձ տալ, բայց իրենց տունն ու տեղը, այգին չմշակել, չշենացնել, իհարկե, այստեղ նաև պետության մեծ բացը, սխալը կա։ Ախր, ժամանակից էնպես են քանդել գյուղերը, որ ես հիմա ինչքան էլ բարերար եմ գտնում, ինչքան ամերիկյան մեծահարուստ մարդ կա, բերում եմ, նրանց միջոցով ինչ-որ բան ենք անում, էլի խելքի չենք բերում։Խորհրդային միությունը, որ քանդվեց, հո էդ ամեն ինչը՝ գյուղտեխնիկան հետը չտարավ, բայց մարդիկ կոպեկներով դա վաճառել «մուզիկալնի ցենտր» են առել »,-ասաց մեր զրուցակիցը՝ ցավով նշելով․ «Միակ ազգն ենք, որ նախանձում ենք աննպատակ, բամբասում ենք աննպատակ․․․, էնքան ամեն ինչ աննպատակ ենք անում, որ հայրենիքն էլ աննպատակ մի բան է մեզ համար դարձել․․․»։