ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող գործընթացը համարում է քաղաքական հաշվեհարդար։
Նրա խոսքով՝ իշխանությունները փորձում են սահմանափակել քաղաքական ուժերի գործունեությունը և ճնշում գործադրել ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչների նկատմամբ։
«Սա ուղիղ քաղաքական վրեժխնդրություն է, քաղաքական հետապնդում։ Նախ մարդկանցից վերցրին մանդատները՝ անտեսելով 60 հազար քաղաքացիների ձայնը, հիմա էլ փորձում են նման քայլերով հետապնդել ու սահմանափակել քաղաքական ուժի գործունեությունը»,– ասել է Սաղաթելյանը։
Նշենք, որ դատարանում քննարկվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ քննիչների միջնորդությունը։ Ծառուկյանը ձերբակալվել էր նախօրեին։
Սաղաթելյանի պնդմամբ՝ իշխանությունը ձգտում է երկրում ձևավորել մեկ անձի կառավարման համակարգ՝ գիտակցելով, որ չունի բավարար լեգիտիմություն։ Նրա գնահատմամբ՝ ընդդիմադիր քաղաքական ուժերի և գործիչների նկատմամբ ճնշումների միջոցով իշխանությունները փորձում են վերացնել դիմադրության հնարավոր կենտրոնները։