Հարցազրույց

«Հրապարակ». Ինչո՞ւ է Նիդերլանդներում ՀՀ դեսպանն անտեսում հայ համայնքին

«Հրապարակ». Ինչո՞ւ է Նիդերլանդներում ՀՀ դեսպանն անտեսում հայ համայնքին

«Հրապարակի» զրուցակիցն Ալմելոյի (Նիդերլանդներ) քաղաքային խորհրդի անդամ, հայազգի գործիչ Ռոբին Հայկ Գելիջին է:

- Ահազանգում եք, որ Հաագայում գործող ՀՀ դեսպանությունն ամիսներ շարունակ ձեր նամակներին չի արձագանքում, դեսպան Վիկտոր Բիյագովն էլ անտեսում է թե՛ ձեր եւ թե՛ նիդերլանդահայ մի շարք կազմակերպությունների մտահոգությունները: Ո՞րն է այդ իրավիճակի պատճառը:

- Խնդիրն անձնական չէ՝ այն կառուցվածքային եւ մշակութային բնույթ ունի։ Արդեն մի քանի ամիս է՝ ես եւ Նիդերլանդներում գործող մի շարք հայկական կազմակերպություններ փորձում ենք դեսպանության հետ հաստատել բաց եւ արդյունավետ հաղորդակցություն։ Ցավոք, արձագանք չենք ստացել․ միայն լռություն։ Խոսքը մեկ նամակի կամ հրավերի մասին չէ, այլ վերաբերմունքի՝ այն ձեւի, որով դեսպանությունը կապ է պահում համայնքի հետ։ Ներկա դեսպանը, ցավոք, ընտրել է մեկուսացված ուղին՝ շփվելով միայն նեղ շրջանակի հետ եւ անտեսելով համայնքի լայն հատվածը, որը տարիներ շարունակ եղել է մեր սփյուռքի շարժիչ ուժը։ Ես արդեն 12 տարի ծառայում եմ Ալմելո քաղաքի ավագանիում եւ համագործակցել եմ բազմաթիվ դիվանագետների հետ։ Բայց այսպիսի փակ եւ անմատչելի դեսպան դեռ չեմ հանդիպել։ Նախկին դեսպան Տիգրան Բալայանը բոլորի հետ շփվող, հարգալից, պետական մտածողությամբ մարդ էր։ Այսօր, ցավոք, տեսնում ենք հակառակը՝ լռություն, հեռավորություն եւ երկխոսությունից վախ։ Սա դիվանագիտություն չէ՝ սա խուսափում է։ Նման վարքագիծը շատ ավելի վնասում է Հայաստանի հեղինակությանը, քան՝ որեւէ քննադատություն։

- Հայտարարել եք, որ «Հայաստանի նկատմամբ հավատարմությունը նշանակում է համարձակ խոսել անարդարության մասին»: Ի՞նչ անարդարության մասին է խոսքը, փակագծեր կբացե՞ք:

- Խոսքը քաղաքականության մասին չէ՝ խոսքը հարգանքի բացակայության մասին է։ Անարդարությունն այն է, երբ տարիներ շարունակ համայնքին ծառայած հայերն անտեսվում են հենց այն մարդկանց կողմից, ովքեր պետք է ներկայացնեն նրանց։ Հայաստանի հանդեպ հավատարմություն՝ չի նշանակում լռել։ Դա նշանակում է ունենալ քաջություն՝ բարձրաձայնելու ոչ թե պետության դեմ, այլ՝ պետության օգտին։ Երբ պաշտոնյաներն անտարբեր են կամ ինքնահավան են, թուլացնում են մեր միասնությունը։ Ես արդեն 12 տարի ծառայել եմ հանրային ոլորտում եւ միշտ պաշտպանել եմ հայկական շահերը հպարտությամբ։ Իմ խոսքը բխում է Հայաստանի հանդեպ սիրուց, ոչ թե՝ զայրույթից։ Երբեմն այդ սերը պահանջում է ասել՝ սա ճիշտ չէ, եւ դա պետք է փոխվի։

- Ասում եք, որ Ձեր քննադատությունը վերաբերում է ոչ թե Հայաստանի Հանրապետությանը կամ կառավարությանը, այլ՝ դեսպանության թափանցիկության եւ հաղորդակցության պակասին։

- Այո, իմ քննադատությունը երբեք չի ուղղվել Հայաստանի կառավարության կամ պետության դեմ։ Ես միշտ եղել եմ Հայաստանի կողքին՝ անկախ քաղաքական իշխանությունից։ Իմ մտահոգությունը վերաբերում է բացառապես Հաագայում գտնվող ՀՀ դեսպանության աշխատանքին եւ հաղորդակցությանը։ Դեսպանությունը ներկայացնում է Նիդերլանդներում ապրող բոլոր հայերին, ոչ թե մեկ միություն։ Երբ այդ ներկայացուցչությունը դառնում է ընտրովի եւ փակ, դա բաժանում է ստեղծում եւ խաթարում է վստահությունը։ Դիվանագիտությունը չի կարող լինել լռության եւ մեկուսացման վրա հիմնված։ Յուրաքանչյուր սփյուռքահայ Հայաստանի եւ համայնքի միջեւ կամուրջ է։ Ուստի իմ քննադատությունը կառավարության դեմ չէ, այլ՝ հարգանքի եւ հաշվետվողականության կոչ՝ դիվանագիտական կառույցին։ Հայաստանը ներկայացնել՝ նշանակում է լսել հայերին։

- Ճի՞շտ եմ հասկանում, որ եթե առաջիկայում դեսպանության կողմից չլինի որեւէ նախաձեռնություն, մտադիր եք թեման ներկայացնել Նիդերլանդների խորհրդարանի պատգամավորներին եւ Եվրոպական խորհրդարանի այն անդամներին, որոնց հետ երկար տարիներ համագործակցել եք:

- Այո։ Կդիմեմ ե՛ւ Նիդերլանդների խորհրդարան, ե՛ւ Եվրոպական խորհրդարան։ Սա սպառնալիք չէ՝ սա պարտականություն է։ Ավելի քան տասնամյակ ես համագործակցել եմ պատգամավորների եւ եվրախորհրդարանականների հետ՝ Հայաստանի անունը բարձր պահելու համար։ Երբ տեսնում եմ, որ դիվանագետը վնասում է Հայաստանի հեղինակությանը, ես չեմ կարող լռել։ Այնուամենայնիվ, ես դեռ հավատում եմ, որ երկխոսությունը հնարավոր է, եթե լինեն կամք եւ համարձակություն։

- Հայտարարել եք նաեւ, որ «միշտ եղել եք Հայաստանի կառավարության եւ մեր պետության կողքին, եւ դա երբեք չի փոխվի»: Իսկ ՀՀ իշխանությունների գործողություններում անարդարություն չե՞ք տեսնում. հարձակում Հայ եկեղեցու, հոգեւոր հայրերի, նրանց սատարող գործիչների, ընդդիմախոսների դեմ, զանգվածային կալանավորումներ եւ այլն:

- Ես միշտ կանգնած եմ եղել Հայաստանի պետության, այսինքն՝ ժողովրդի, հաստատությունների եւ ապագայի կողքին։ Աջակցությունը չի նշանակում կույր համաձայնություն։ Երբ ես խոսում եմ խնդիրների մասին, դա Հայաստանի թուլացման համար չէ, այլ՝ ամրապնդման։ Ինչպես շատ սփյուռքահայեր, ես եւս մտահոգությամբ հետեւում եմ Հայաստանում տեղի ունեցողին։ Կան բարդ եւ զգայուն հարցեր՝ պետություն-եկեղեցի հարաբերություններ, խոսքի ազատություն, այլակարծություն։ Բայց դա Հայաստանի ներքին ժողովրդավարական գործընթացների խնդիր է։ Իմ դերը դատելը չէ, այլ՝ աջակցելը եւ միավորելը։ Կարեւոր է, որ յուրաքանչյուր կառավարություն հիշի՝ Հայաստանի ուժը գալիս է միասնությունից եւ հարգանքից՝ հավատքի, պատմության եւ ժողովրդի հանդեպ։ Այսօրվա աշխարհաքաղաքական մարտահրավերների պայմաններում մենք առավել, քան երբեւէ, պետք է միավորող քաղաքականություն ունենանք։

- Հայաստան-Սփյուռք հարաբերությունները 2018-ից ի վեր ապրում են պատմության մեջ, թերեւս, ամենամեծ ճգնաժամը: Պաշտոնական Երեւանն անտեսում է Հայաստանի ճակատագրին վերաբերող ցավոտ հարցերի վերաբերյալ սփյուռքից հնչող առողջ քննադատությունը, կառուցողական առաջարկները: Ստացվում է, ՀՀ գործող վարչակազմի համար սփյուռքը միայն արտերկրյա «գործուղումների», «վոյաժների» համար «գեղեցիկ տեսարան է» եւ «ֆինանսական ակնկալության շտեմարան»:

- Այո, Հայաստան-Սփյուռք հարաբերությունները վերջին տարիներին թուլացել են, եւ դա ցավալի է երկու կողմերի համար։ Բայց սա մեկ կառավարության կամ մեկ ժամանակաշրջանի խնդիր չէ, ավելի խորքային երեւույթ է՝ կապված սփյուռքի դերի ընկալման հետ։ Սփյուռքը գեղեցիկ «ֆոն» չէ պետական այցերի ժամանակ կամ ֆինանսական աղբյուր։ Սփյուռքը հայության մի մասն է՝ կենդանի ուժ, որը պահել է մեր ինքնությունը սերունդներով։ Երբ Երեւանը հեռանում է այդ ուժից, կորցնում է իր ամենամեծ հարստություններից մեկը՝ իր նվիրված մարդկանց արտերկրում։ Հայաստան-Սփյուռք կապերը չեն կարող կառուցվել միայն արարողություններով։ Դա վստահության, շփման եւ փոխադարձ հարգանքի վրա հիմնված գործընթաց է։ Երբ մենք վերականգնենք այդ կամուրջները, Հայաստանը կլինի ոչ թե ավելի թույլ, այլ՝ ավելի ուժեղ։ Ես հավատում եմ, որ դա հնարավոր է ոչ թե ճնշման, այլ՝ հարգանքի եւ իրական համագործակցության միջոցով։ Որովհետեւ Հայաստանի ապագան եւ սփյուռքի ուժն անբաժանելի են։


 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image