Իշխանական շրջանակներից ավելի ու ավելի հաճախ են լսվում հայտարարություններ այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը եւ Սամվել Կարապետյանն իրականում միասին են, բայց փորձում են հանրությունից թաքցնել այդ «փաստը»: Այլ խոսքով՝ իշխանությունները ջանք չեն խնայում Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին եւ Սամվել Կարապետյանին ներկայացնել որպես «համախոհներ», որ «ուզում» են իրենցից խլել իշխանությունը: Դե, իսկ այդ գործիչների «համախոհությունն» էլ, ըստ ՔՊ-շնիկների, պայմանավորված է «նախկին»-ականությամբ ու ռուսամետությամբ: Մյուս կողմից էլ՝ այնպես չէ, որ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը եւ Սամվել Կարապետյանն իրենց կոտորում են ՔՊ-շնիկներին հակառակն ապացուցելու համար: Ուրեմն, նախ՝ իմաստ չունի ՔՊ-շնիկներին որեւէ բան ապացուցելը եւ ապա՝ ինչո՞ւ ապացուցեն, եթե հստակ է, որ ՔՊ-ն ուղղակի սարսափում է այդ ուժերի միասնականությունից: Թող, ուրեմն, շարունակեն սարսափել:
Իսկ ինչո՞ւ է ՔՊ-ն սարսափում իր դեմ հնարավոր նոր դաշինքի ձեւավորումից: Պատճառը մեկն է՝ միասնական ընդդիմությունը ՔՊ-ի քարը քարին չի թողնի, փոշի կդարձնի ստի ու կեղծիքի վրա կառուցված նրանց իմպերիան: Նիկոլը սա շատ լավ է հասկանում եւ այս պահին լծված է ներքաղաքական դաշտում այդպիսի վերադասավորում թույլ չտալու աշխատանքներին: Նա իր վարած արտաքին քաղաքականության ամեն մի նոր ձախողման հետ համոզվում է դրանում՝ տեսնելով, թե ինչպես են իր ձեռքից հերթով թռչում քարոզչական հաղթաթղթերը: Այս տեմպերով նա կարող է ընդհանրապես դատարկաձեռն ու մորեմերկ հայտնվել նախընտրական վազքուղու վրա, իսկ դա, թույլ տվեք ասել, վերարտադրվելու լավագույն պայմանը չէ: Նա երաշխիքներ ունի՞, որ իր ունեցած պետական լծակներն ու մարդուժն այս անգամ էլ կենթարկվեն իրեն: Ես չէի շտապի ասել, որ կան այդպիսի երաշխիքներ: Ի վերջո, բոլորն են հասկանում, որ ՔՊ-ի նոր հաղթանակը հղի է Նիկոլի նման մեկին եւս 5 տարով վարչապետի աթոռին տեսնելու եւ հանդուրժելու տխուր հեռանկարով՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով՝ անկայուն խաղաղություն, պատերազմի վտանգ, նոր կորուստներ, տնտեսական, բարոյական, հասարակական ճգնաժամեր, պետական կառավարման եւ արդարադատության փոխարեն՝ կապիկություն: Ոչ մեկին, բացի Նիկոլի փոքր խմբակից, սա պետք չէ: Նիկոլն այս ամենը, պատկերացրեք, ինձնից ավելի լավ է հասկանում:
Իսկ ի՞նչ են տալիս Նիկոլի թիմին Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի եւ Սամվել Կարապետյանի միասնության մասին վերոբերյալ հայտարարությունները: Իրենց կարճ խելքով՝ դա կնպաստի ընդդիմությունից ավելի մեծ «բոբո» ստեղծելուն… Հարա՜յ, հասե՜ք, նախկինները Սամվել Կարապետյանի հետ գալիս են, որ մեր անկախությունը վերացնեն, Հայաստանը դարձնեն գուբերնիա, ժողովրդին թալանեն… Մի խոսքով՝ ՔՊ-ական «զրիցներ»: Իմ կարծիքով, սակայն, Նիկոլն ու ՔՊ-ն այստեղ սխալվում են: Իմ մեջ, օրինակ, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի եւ Սամվել Կարապետյանի հնարավոր միավորման մասին Նիկոլենց հայտարարությունները ոչ թե վախ են առաջացնում, այլ՝ մի շատ հասարակ հարց: Պարոն Փաշինյան, այդ ինչի՞ց է, որ կոնսոլիդացիա, միավորում, համախմբում՝ միշտ տեղի են ունենում ուրիշների պարագայում եւ ուրիշների շուրջ, իսկ քո շուրջ նման բան չկա: Նայում եմ քո երբեմնի «Ելք» դաշինքին, ու մեղքս գալիս է: Թվարկիր, եթե կարող ես, խելքը գլխին մեկ-երկու քաղաքական ուժ, որ կկանգնի քո կողքին առաջիկա ընտրապայքարում: Դժվարանո՞ւմ ես: Իհարկե, կդժվարանաս… Արամ Սարգսյանը, Արման Բաբաջանյանը, Տիգրան Խզմալյանը, Լեւոն Շիրինյանը, Էդմոն Մարուքյանը եւ մյուսները, որոնց դու վերածեցիր «խորը քաղաքական բոմժերի», միանգամայն անօգուտ են այլեւս, ու դեռ պիտի ջանաս, որ առաջիկա նախընտրական վազքի մեջ չսկսեն «կծել-մծել» քեզ:
Այն էլ ասեմ, որ ՔՊ-ն սարսափում է Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի եւ Սամվել Կարապետյանի (ես կավելացնեի՝ նաեւ Սրբազան շարժումը եւս) ոչ միայն միավորվելուց, այլեւ առանձին-առանձին հանդես գալուց: Բա որ Գյումրիի պատմությունը կրկնվի՞… ՔՊ-ն գալիս է խորհրդարան ու տեսնում, որ մեծամասնություն չունի: Շատ խոսվեց մեր Սարիկի մասին… Տեսնես «մեր Նիկոլի» մասի՞ն ինչ երգեր են երգելու ՔՊ-շնիկները: Գյումրիում, ինչ է, Նիկոլի մարդիկ չէի՞ն, որ այսօր հլու-հնազանդ «պրիզնատ են գալիս» Վարդան Ղուկասյանին: Դե, ուրեմն, կեցցե՛ հաղթողը, վերջ:
Փաշինյանը, այո, վերարտադրվելու շանս չունի ընդդիմության վճռական պայքարի դեպքում: Բայց սա չի նշանակում, որ ընդդիմությունը կարող է ձեռքերը ծալած նստել ու սպասել ընտրություններին: Հուսով եմ, Փաշինյանին բոլորն են ճանաչում ու գիտեն, թե նա ինչերի է ընդունակ՝ իր ողորմելի իշխանությունը պահելու համար: Թեթեւակի կոնֆլիկտ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, նոր կորուստներ, իրավիճակի կտրուկ սրում, ձեւական հրաժարական եւ արտահերթ ընտրություններ: Այս սցենարը, որ դրված է Նիկոլի գրպանում, ամեն վայրկյան կարող է նետվել դաշտ, ինչին ընդդիմությունը շատ բան հակադրել գուցեեւ չկարողանա ու չհասցնի: Եվ, ուրեմն, քանի դեռ Նիկոլն իր այդ «հրեշավոր» ծրագիրը չի իրականացրել, հայաստանյան լուրջ քեռիները պետք է լուրջ խոսակցություն ունենան ՀՀ մարդ-կառավարության հետ՝ վերջինիս հեռացման պայմանների շուրջ: Ինչպե՞ս անել, որ իշխանափոխությունը տեղի ունենա անցնցում, եւ Հայաստանը չհայտնվի ինքնաոչնչացման անդունդի եզրին: