Ֆրանսիան գաղութային հարուստ պատմությամբ երկիր է, որն այսօր էլ շարունակում է իր նեոգաղութային քաղաքականությունը` շահագործելով եւ հսկայական եկամուտ ստանալով աֆրիկյան մայրցամաքի տարբեր երկրներից, որոնք թեեւ հայտարարել են Ֆրանսիայից իրենց անկախության մասին, բայց Ֆրանսիան շարունակում է տնտեսապես շահագործել այդ երկրներին եւ դրանց ժողովուրդներին: Սեփական ազդեցությունը պահելու ամենատարածված միջոցը տեղական բռնապետական ռեժիմներին աջակցությունն է, Ֆրանսիան եւ դրա իշխանությունները քարոզչական եւ ռազմական աջակցություն են ցուցաբերում տեղական բռնապետներին՝ սեփական քաղաքացիներին ճնշելու եւ հարստահարելու գործում՝ դիմացը ստանալով այդ երկրների ընդերքի հարստություններն անխնա թալանելու հնարավորություն: Ահա թե ինչու պատահական չէ, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր աջակցությունը հայտնեց բռնապետ դարձող Նիկոլ Փաշինյանին: Որքան Փաշինյանն ավելի մեծ բռնապետական հակումներ դրսեւորի, որքան ավելի կոշտ միջոցների դիմի իր քաղաքական հակառակորդներին ճնշելու հարցում, այնքան նրա իշխանությունը երկրի ներսում թույլ կլինի, եւ այնքան նա ավելի շատ արտաքին աջակցության կարիք կզգա: Իսկ ոչ մի աջակցություն չի լինում միակողմանի, Փաշինյանն այդ աջակցության դիմաց ինչ-որ փոխհատուցում պետք է տրամադրի`Հայաստանի շահերի հաշվին, գուցե ընդերքի հարստությունների կամ ենթակառուցվածքների տեսքով, բայց փոխհատուցում պետք է լինի: Ընդ որում, որպես գաղութային կայսրություն, Ֆրանսիան սիրում է, որ փոխհատուցումն անհամեմատ ավելի մեծ լինի, քան տրամադրված աջակցությունը:
Նախորդ օրը, երբ Փաշինյանը հերթական հարձակումը գործեց Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ եւ բանտ գցեց երկու տասնյակի չափ քաղաքական ընդդիմախոսների, նաեւ հեռախոսազրույց ունեցավ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, որից հետո Մակրոնը գրեց. «Փաշինյանին հայտնեցի, որ Ֆրանսիան համերաշխ է ՀՀ կառավարության հետ՝ հայկական ժողովրդավարությունն ապակայունացնելու փորձերի դեմ պայքարում»: Շատերը մինչեւ վերջերս հավաքական Արեւմուտքին եւ դրա առանձին երկրների համարում էին ժողովրդավարության եւ մարդու իրավունքների պաշտպաններ, կարծում էին, թե այդ երկրները պատրաստ են կանգնել տարբեր երկրներում ժողովրդավարության համար պայքարող ուժերի եւ շարժումների կողքին, ընդդեմ բռնապետության եւ բռնակալների: Բայց դա արեւմտյան կեղծ քարոզչության արդյունք եւ պատմության չիմացության հետեւանք էր, իրականում Արեւմուտքը միշտ եղել է եւ կա որպես բռնության եւ բռնապետության պաշտպան, իսկ ժողովրդավարությունն ընդամենը գործիք է` սեփական շահերն առաջ տանելու համար: Փաշինյանը բացահայտ բռնապետություն է հաստատում, բայց Ֆրանսիայի նախագահի համար դա ժողովրդավարության պաշտպանություն է:
Ինչպես նշեցինք, Ֆրանսիան գաղութային երկիր է, որն աֆրիկյան մայրցամաքում իր տիրապետության տակ էր պահում մեկ տասնյակից ավելի երկրների: Ֆրանսիական գաղութային կայսրությունն Աֆրիկայում վերջնականապես փլուզվեց 1960 թվականին, երբ դրանից ընդամենը երկու տարի առաջ ստեղծված Ֆրանսիական համագործակցությունը փլուզվեց` սկզբում Մալին եւ Սենեգալը, հետո նաեւ մեկ տասնյակից ավելի երկրներ հռչակեցին իրենց ինքնիշխանությունը, եւ Ֆրանսիան ստիպված եղավ ճանաչել դրանք որպես անկախ պետություններ, չնայած տարբեր տնտեսական եւ ռազմական մեթոդներով շարունակում է պահել իր ազդեցությունն այդ երկրներից որոշների նկատմամբ:
Իսկ որպեսզի Ֆրանսիայի կերպարը՝ որպես բռնություն եւ ցեղասպանություն հովանավորող երկրի, ավելի պարզ լինի, ուզում եմ պատմել Ռուանդայում 1994 թվականին տեղի ունեցած ցեղասպանության եւ դրա հեղինակների նկատմամբ Ֆրանսիայի դրսեւորած վերաբերմունքի մասին: Ռուանդայում խուտուների կողմից թութսիների զանգվածային ցեղասպանությունը սկսվեց այն բանից հետո, երբ Ռուանդայի նախագահ Ժյունեվալ Հաբիարիմանային եւ Բուրունդիի նախագահ Սիպրիեն Նտարյամիրային տեղափոխող ինքնաթիռը խոցվեց, եւ նրանք զոհվեցին: Խուտուներն ահաբեկչության պատասխանատու հռչակեցին թութսիներին եւ միանգամից գործի անցան՝ ընդամենը մեկ ամսում սպանելով, տարբեր հաշվարկներով, 700 հազարից մինչեւ մեկ միլիոն մարդ: Ռուանդայում գտնվող Ֆրանսիայի եւ Բելգիայի բանակի զինվորականներն այդպես էլ չմիջամտեցին ջարդերին, որոշ դեպքերում այդ կոտորածները կազմակերպվեցին նրանց աչքի առաջ: Բայց կա մեկ այլ խիստ ուշագրավ հանգամանք`թութսիների ջարդերի կազմակերպման գործում էական եւ վճռական դերակատարում ունեցավ սպանված նախագահի կինը`Ագաթա Հաբիարիման, որն իբրեւ թե սպանված ամուսնու վրեժն էր լուծում անմեղ կանանցից եւ երեխաներից:
Ցեղասպանությունից հետո նա փախավ եւ մինչ օրս ապրում է Ֆրանսիայում: Միջազգային մամուլը մշտապես անդրադառնում է նրա դատավարությանը, եւ արդեն 20 տարուց ավելի Ֆրանսիայի դատարանը նրան կալանավորելու եւ պատժի ենթարկելու որոշում չի կայացնում, ինչը հարուցում է մարդկանց զայրույթն ու հիասթափությունը: Գուցե դա այն գինն է, որը Ֆրանսիան վճարում է այն ծառայությունների դիմաց, որն իր 20-ամյա իշխանության ընթացքում Ֆրանսիային մատուցել է բռնապետ ու մարդասպան Ժյունեվալ Հաբիարիմանային:
Ֆրանսիան կանգնած է լուրջ տնտեսական խնդիրների առաջ, այդ երկրի տնտեսությունը, որ նախկինում զարգանում էր գաղութային շահագործումից ստացվող գերշահույթի հաշվին, հիմա, ըստ էության, դոփում է տեղում: Ընդամենը երկու օր առաջ Ֆրանսիան նոր հակառեկորդ գրանցեց` երկրի պետական պարտքը գերազանցեց ՀՆԱ-ի 114 տոկոսը, հատելով 3 տրիլիոն 345 միլիարդ եվրոյի շեմը։ Ընդամենը 3 ամսում պետական պարտքն աճել է 40,5 միլիարդ եվրոյով, իսկ պետական պարտքի տարեկան սպասարկումը երկրի բյուջեի վրա արժենում է 58 միլիարդ եվրո: Սենատի ֆինանսական հանձնաժողովի գլխավոր զեկուցող Ժան-Ֆրանսուա Հյուսոնը նշել է, որ երկիրը տնտեսական աղետի եզրին է։ Փաշինյանին աջակցող Մակրոնի իշխանության տարիներին երկրի պարտքն աճել է տրիլիոն եվրոյով: Սա ասում ենք ոչ թե այն պատճառով, որ Մակրոնը՝ ինքն աջակցության կարիք ունի, այլ այն, որ գումար հայթայթելու համար այդ երկիրը պատրաստ է ամեն ինչի, այդ թվում՝ Հայաստանի շահերը Թուրքիային եւ Ադրբեջանին վաճառելով, ինչը մասնավորապես տեղի ունեցավ 2022 թվականի հոկտեմբերին, Պրահայում, երբ Մակրոնի միջնորդությամբ Հայաստանը ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որից անմիջապես հետո Ադրբեջանը շրջափակեց Արցախը եւ սպանեց մոտ 1000 արցախահայերի եւ տեղահան արեց 100 հազարից ավելի մադկանց: Իսկ ֆրանսիական ընկերությունները ստացան Ադրբեջանում արտոնյալ պայմաններով ներդրումներ անելու հնարավորություն: Հիմա ի՞նչ է արժենալու Փաշինյանի բռնապետության աջակցությունը Հայաստանին, կարելի է միայն ենթադրել` Ադրբեջանը պատրաստ է լավ գին վճարել Սյունիքի միջանցքի համար: