ԿԳՄՍ նախարարության կողմից երաշխավորվել է «Հայաստանի պատմություն» առարկայի 9-րդ դասարանի դասագիրքը, որը ստեղծվել է «Մասնակցային դպրոց» կրթական հիմնադրամի հեղինակային խմբի կողմից եւ որն արդեն մեծ աղմուկ է առաջացրել:
Պատմական գիտությունների դոկտոր, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը նախօրեին իր մտահոգություններն էր շարադրել ֆեյսբուքյան իր էջում` նշելով, որ հերթական խայտառակ ու խոտան դասագիրքն է հրամցվում մեր երեխաներին: «Ինչպես եւ սպասվում էր, թավշուկները պատմության հերթական, այս անգամ 9-րդ դասարանի պատմության դասագիրքը պատրաստելիս, փորձել էին բոլոր ճիգերը գործադրել նախորդ՝ 7-րդ եւ 8-րդ դասարանների դասագրքերի շռնդալից ու խայտառակ պատմություններից խուսափելու համար, սակայն կրկին կանգնել են նույն փոցխի վրա»,- նշել էր նա ու բերել մի քանի օրինակներ: Միաժամանակ, դասագրքի համահեղինակ յոթ պատմաբաններին տվել էր 72 ժամ՝ դասագրքի հեղինակությունից հրաժարվելու համար. «Հակառակ պարագայում այն օրն եմ գցելու, որ ձեր թոռներն էլ ձեր արածի համար ամաչեն...»:
Բացի լուսանկարների, տեղանունների հետ կապված անճշտություններից, սխալներից, բովանդակային էլ ի՞նչ խնդիրներ կան դասագրքում, ինչին ի պատասխան Հայկ Դեմոյանը նշեց, որ առաջիկա մեկ շաբաթում շատ մանրամասնորեն հրապարակելու է իր մասնագիտական գրախոսականը. «Ես ինչ մատնանշում եմ` միայն փաստերով, եթե փաստ չլինի, ես չեմ տրվում հույզերի: «Մասնակցային դպրոցին» ես կարտել եմ անվանել, /կարտելը Հարավային Ամերիկայում թմրանյութեր տարածող մաֆիոզ կազմակերպություններ են/ որովհետեւ տարբերություն չեմ տեսնում «մասնակցային դպրոցի» եւ իրական թմրանյութեր դպրոցներում տարածողների մեջ, ուղղակի իրենք այդ թույնը դասագրքի անվան տակ են հրամցնում մեր երեխաներին»:
2 տարի առաջ 7-րդ դասարանի «Հայոց պատմության» սկանդալային դասագրքի շուրջ ողջ պատմագիտական համայանքը ձայն բարձրացրեց` պահանջելով այն հանել դպրոցներից, այս դեպքում իրենից բացի, կա՞ն այլ դժգոհություններ մասնագիտական դաշտից. «Մասնագիտական շրջանակների մեծ մասը, այսօր կամ դասավանդում է բուհերում կամ պաշտոնյա է ակադեմիական համակարգում, իրենք ծառայում են շինծու կրկեսի միջոցով բերված անձանց: 7 տարի շարունակ ես ասում եմ` ովքեր ծառայում են, նրանք սպասարկող են: Ինձ համար գիտնական չի կարող լինել այն մարդը, որը ազատ չէ իր մտքերով, դիրքորոշմամբ ու սկզբունքայնությամբ: Գիտնականի առաջին կոչումը հենց դա է, երբ չեն կարող քեզ լռեցնել: Ես էլ կարող էի հանգիստ ապրել եւ ասել` իմ երեխան այդ դասագրքերով չի սովորում, բայց ես ունեմ եւ քաղաքացիական գիտակցում եւ մասնագետ գիտնականի կոչում»:
Արված գրառումներից հետո իրեն զանգահարել է դասագրքի համահեղինակներից մեկը եւ բացատրություններ պահանջել իրեն վիրավորելու համար. «Կապ չունի, թե դու դասագրքի որ մասն ես գրել, եթե քո անունը դասագրքի վրա է, դու կիսում ես մնացած մասերի պատասխանատվությունը եւս եւ ձեր հեղինակային իրավունքի նշանը դասագրքի վրա է, ուստի դուք պատասխանատու եք եւ գոնե 7 հեղինակներից մեկը պետք է սրբագրեր դասագիրքը: Խիղճներդ մեռնի, մեկը չունե՞ր 2 ժամ, որ գոնե մեկ աչքով սրբագրեր ակնհայտ տեխնիկական սխալները: Իսկ վիզուալ նյութը միշտ կաղում է, միշտ սխալներ կան, մինչդեռ տեսողական նյութ օգտագործելու մոտեցումը դասագրքում շատ կարեւոր բան է, քանի որ երեխային պատմությունը տեքստով չես մատուցում: Տեսողական նյութը նորից ինտերնետից քաշած հոգնած նկարներ, որոնք ճշգրտված չեն, նաեւ` վիճելի են: Օրինակ ինչո՞ւ պետք է մեկ գործչի նկարը դրվի 3 անգամ ավելի մեծ, բայց կարեւոր մի իրադարձության նկար դրվի 3 անգամ փոքր: Կամ ինչպե՞ս ես որոշում ու «Մշակույթ» բաժնում միայն մի ժամանակակից գրողի նկար դնում, ի՞նչ սկզբունքով ես ընտրում ու դնում այդ մեկինը եւ չես դնում մնացածներինը»:
Հայկ Դեմոյանի կարծիքով, դասագրքում ակնհայտ է նաեւ քաղաքական լոյալության դրսեւորումը. «Դասագրքի վերջում Նիկոլ Փաշինյանը 3 տեղ է երեւում, որպես թավշա հեղափոխություն իրականացրած ազգափրկիչ, սա ամենասարսափելի, ամենաայլասերված մասն է դասագրքի, որովհետեւ գիտականության սկզբունքով երբ նայում ենք, ոչ մի թավշյա հեղափոխություն էլ չի եղել, այլ եղել է շինծու, բեմադրված, նախօրոք պայմանավորված եւ արտաքին ուժերի կողմից թելադրված գործողություն, ինչը դասագրքում չի արձանագրվել: Դասագրքում արձանագրվել է այն, ինչ այսօր իշխանություններն են ուզում մեզ պարտադրել, որ մենք լինենք կատարյալ անասուններ եւ հավատանք իրենց պատումներին, չհիշենք, որ իրենց ամեն ինչ ավիրել քանդելու, մեր հայկական ինքնության հիմնասյունները սասանելու եւ Արցախը տալու համար էին բերել: Հիշեք, թե ինչպես Կրեմլից զանգահարեցին ու դասագրքում փոփոխություն արեցին, դու ի՞նչ կարգի ինքնիշխան չես, գործակալ ես, որ քեզ կարող են մատով թափ տալ եւ արդեն հրապարակված դասագիրքը վերահրատարկես մի բառի համար` պետությանը վնաս տալով: Մենք ունենք օրինաչափություն, ինչը ռեցեդիվիզմ է կոչվում, իսկ ռեցեդիվիստ բազմակի անգամ վտանագավոր հանցագործներին են անվանում: Հիմա եթե ԿԳՄՍՆ-ն եւ «Մասնակցային դպրոցը» 3-րդ անգամ նույն «թույնն» է տալիս` դպրոց ներմուծելու համար եւ դա գովազդվում է նախարարի ու վարչապետի կողմից, ուրեմն մենք գործ ունենք ռեցեդիվիստների` բազմահանցագործների հետ»:
Թե որո՞նք են լինելու իր քայլերը 72 ժամ անց, Հ. Դեմոյանն ասում է. «Ես միամտորեն դեռ կարծում եմ, որ գոնե մեկը ԱԱԾ-ից կամ քննչականից ինձ կզանգահարի, որովհետեւ սա այն դեպքն է, որ ես չպետք է պաշտոնապես դիմեմ, իրենք պետք է ինձ արդեն անհանգստացնեին, որովհետեւ սա արդեն 3 ահազանգն է` 3-րդ գիրքն է, վերջին 3 տարիների ընթացքում: Նորմալ երկրում ինձ պետք է հրավիրեին ինչ որ տեղ լսեին իմ կարծիքը եւ շտապեցնեին այս 3-րդ դասագրքի հետ կապված իմ գրախոսականը, որպեսզի այդ 3 գրախոսությունների հանրագումարով իրենք քրեական գործեր հարուցեին Նիկոլ Փաշինյանի, Ժաննա Անդրեասյանի, «Մասնակցային դպրոցից»` Վահրամ Սողոմոնյանի հանդեպ եւ պարզեին, այստեղ հատուկ դիվերսիոն միտում կա՞, որ 3 անգամ այսպիսի խոտան են մատուցում դպրոցին: Եթե մեկ շաբաթվա մեջ չեղավ ոչ մի արձագանք ես իմ բոլոր գրախոսականները մեկտեղելու եմ եւ էլի միամիտ քայլ եմ կատարելու, ապագա սերունդների համար ձեւակերպելու եմ մի փաստաթուղթ` դատական հայց ներկայացնելու համար, հաղորդում կտամ հանցագործությունների մասին, որտեղ բացի Սմբատ Հովհաննիսյանից, կավելանա եւս 7 հոգու անուն, դրա համար եմ հնարավորություն տվել 7 հոգուն արդեն 48 ժամվա ընթացքում դուրս գալ թավշյա հեղափոխությունը գովազդող, ակնհայտ պատմակեղծարարություն պարունակող խոտան դասագրքի վրա իրենց անունը տարածելուց»:
Մշակույթ
Հատուկ դիվերսիոն միտում կա՞, որ 3 անգամ այսպիսի խոտան եք մատուցում դպրոցին
Ամենաընթերցված
Ասեց՝ կոկորդդ կկտրեմ ու խփեց․ ՔՊ-ականները ծեծի են...
Երեկ երեկոյան ժամը 20։00-ի սահմանում Արթիկում, հենց համայնքապետարանի շենքի առջեւ, ՔՊ-ականները, այդ թ...
Ինչքան են վճարել Ռազմիկ Ամյանին` հրապարակում երգել...
Այսօր իշխանական լրատվամիջոցներն անդրադարձել էին «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքի ավարտին կայանալիք համե...
Գագիկ Ծառուկյանը դատի է տվել Փաշինյանին
«Հրապարակ»-ին հայտնի դարձավ, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը քաղաքացիական հայց է ներկայացրել ՀՀ վար...
«Հրապարակ»․ Սասուն Միքայելյանի որդիները տեռոր են ա...
Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ-ի` Կոտայքում անցկացրած քարոզարշավից հետո ԵԿՄ նախագահ, ՔՊ պատգամավորության թեկն...
×
❮
❯