«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում քննարկվել է Հայաստանի նոր Սահմանադրության նախագծի տեքստը։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտնել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
Նա նշել է, որ քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև այն հարցին, թե երբ և ինչ ձևաչափով պետք է կյանքի կոչվի նախընտրական շրջանում ստանձնած հանձնառությունը՝ կապված Սահմանադրության նախագծի հրապարակման հետ։
Գալյանի խոսքով՝ ներկայումս սպասում են որոշ գործընկերների կողմից ներկայացվելիք կարծիքներին, որոնց ամփոփումից հետո անհրաժեշտ կլինի ևս մեկ-երկու շաբաթ՝ բոլոր դիտարկումները հավաքելու և ամբողջացնելու համար։ Դրանից հետո նախատեսվում է ևս մեկ կամ մի քանի քննարկում, որից հետո վերջնական որոշում կկայացվի հրապարակման վերաբերյալ։
Նախարարը ընդգծել է, որ Սահմանադրության տեքստը մինչ այժմ չի հրապարակվել, և դրա հրապարակման հարցը կախված է վերջնական որոշումից։ Նրա խոսքով՝ եթե որոշվի հրապարակել, ապա այն կհրապարակվի համապատասխան պահին։
« Մեկ կամ երկու քննարկում և կորոշենք՝ պատրաստ ենք հրապարակել, թե ոչ։
Մենք որոշել ենք չհրապարակել Սահմանադրության տեքստը, չենք հրապարակել, կորոշենք հրապարակել՝ կհրապարակենք»,- ասել է նա: