Քաղաքականություն

Բոլշևիկյան վարքագծի հերթական դրսևորումը

Բոլշևիկյան վարքագծի հերթական դրսևորումը

Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Մեսրոպյան Մեսրոպն աննախադեպ բան է հայտնել լրագրողներին: Իրեն, իբրև թե, «փողոցում քաղաքացիներ են մոտեցել և երախտագիտություն հայտնել այն բանի համար, որ ՀԷՑ ընկերությունը ժամանակավոր կառավարման հանձնվելուց հետո իրենք ամսական սկսել են վճարել 3000-5000 դրամով պակաս»։ Բայց եթե հաշվի առնենք, որ 2025-2026-ի ձմռան առաջին երկու ամիսները շատ ավելի ցրտաշունչ էին, քան 2024-2025-ինը, ոնց որ թե դա այնքան էլ հավաստի չի հնչում: Որովհետև շատ ավելի ցուրտ եղանակին, բնականաբար, ավելի շատ հոսանք է ծախսվում՝ հատկապես եթե բնակարանը ջեռուցվում է էլեկտրաէներգիայով: Կամ էլ ՀԷՑ ՓԲԸ-ի սեփականատիրոջ նշանակած ղեկավարությունը (արդեն նախկինը) աննորմալ ծավալի հավելագրումներ է կատարել՝ լրացուցիչ կիլովատեր բարդելով «հպարտ» քաղաքացիների ուսերին: Այն աստիճանի աննորմալ, որ ավելի ցուրտ ժամանակ իրենք 3-5000 դրամով պակաս են վճարել: Ու այդ քաղաքացիները, չգիտես ինչու, չեն բողոքել իրենց հոգեհարազատ իշխանությանը, այլ ընդամենը երախտագիտություն են հայտնել դրա վերանալու կապացությամբ:  

Որպեսզի Հրապարակի ընթերցողները պատկերացնեն, թե ինչպիսի անձնավորություն է ՀԾԿՀ նախագահը, հիշեցնեմ անցյալ տարի ՓԲԸ-ի դեմ նախաձեռնված պատերազմից մեկ դրվագ: Վերջինս պաշտոնապես հայտարարել էր ընկերության՝ 2018-2024 թթ.-ի տվյալների բազայի կորստի մասին: Ու դրա հիման վրա մի ողջ կոնսպիրոլոգիական տեսություն մշակվեց ընդդեմ սեփականատեր Սամվել Կարապետյանի: Բայց պարզվեց, որ տեղեկատվությունը հին էր ու ըստ այդմ՝ կեղծ: Քանի որ նախկին ղեկավարության կողմից հայտարարվեց, որ դա տեղի էր ունեցել տարեսկզբին ու անմիջապես հարցը լուծվել էր: Հունվարի 2-ին, ինչ-ինչ ծրագրային խնդիրներով պայմանավորված, բազան անհայտացել էր, իսկ ամսի 5-ին արդեն վերականգնվել էր: Բայց պարոն Մեսրոպյանն ամիսներ անց ենթագիտակցաբար «մոռացել» էր հիշատակել վերականգնման մասին: Ի դեպ, դա հաստատվել էր Փաստերի ստուգման հարթակի լրագրողի կողմից, ով իր դիմումի հիման վրա ստացել էր 2018-2024 թթ.-ի իրեն հետաքրքրող ողջ ինֆորմացիան: 

Թեմայից մի փոքր շեղվելով ասեմ, որ ամենօրյա կտրվածքով լրատվական մի շարք կայքեր դիտարկելով՝ ես ժամանակ առ ժամանակ ստիպված եմ կարդալ կամ լսել այդ պարոնին: Բայց եթե փողոցում հանդիպեմ նրան՝ հաստատ չեմ ճանաչի: Ինչը նորմալ է, քանի որ այդ անձը դուրս է իմ շրջապատից: Եվ, ըստ այդմ, չեմ պատկերացնում, այդ պարոնի հիշատակած քաղաքացիներն ինչպես են հաղթահարել այդ բարդությունը: Եթե, իհարկե, դրանք վերջինիս մերձ շրջապատից չեն: Կամ էլ գոյություն ունեն ոչ թե իրականում, այլ նիկոլական «իրական» Հայաստանում:
Անցնենք ՀԷՑ ՓԲԸ-ն հանրային գերակա շահ ճանաչելու մտադրությանը, ինչն, ըստ ՀԾԿՀ նախագահի, կյանքի կկոչվի՝ եթե սեփականատիրոջ հետ վաճառքի համաձայնություն ձեռք չբերվի: Տրամաբանությունը հուշում է, որ ինչ-որ բան՝ առարկա կամ երևույթ, կարող է ճանաչվել հանրային գերակա շահ, եթե դա պետք է փոխարինվի մեկ այլ բանով: Ասենք, Երևանի փոքր կենտրոնի սեփական տները քանդվեցին, որպեսզի կառուցվեր երկու կողմից նորակառույցներով շրջապատված Հյուսիսային պողոտան: Որտեղ, ի դեպ, իր հյուրերին զբոսնելու է տանում վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյան Նիկոլը: Իսկ այս դեպքում մենք ունենք ոչ թե նման երևույթ, այլ ներդրողից սեփականություն խլելու բոլշևիկյան վարքագիծ: Եվ իրենց սիրած միջազգային հանրությանն էլ ուղերձներ հղելու, որ «ժողովրդավարության բաստիոնում» մասնավոր սեփականությունը չի դիտարկվում որպես «սուրբ կով»: Բայց եթե որևէ ներդրող համարձակվի մուտք գործել Հայաստան, ապա պաշտպանված կլինի հենց վարչապետի կողմից: Իհարկե, մինչև այն պահը՝ երբ նա չի կորցնի վերջինիս մոտ ունեցած վստահությունը: Չնայած այդ հանգամանքը, բնականաբար, չի բարձրաձայվելու: 
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image