Քաղաքագետ Մանվել Սարգսյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարտիմեկյան ուղերձում կարեւորում է պետության անունից ներողություն խնդրելը, ինչը նախկինում չի եղել։
«Նոր իրավիճակ է, նոր մոտեցումներ են, անսովոր է։ Ամեն ինչ կախված է այն բանից, թե հանրությունն ինչպես կարձագանքի նոր երեւույթներին։ Տասը տարի շարունակ ՀԱԿ-ն էր ղեկավարում Մարտի 1-ի երթը, շատերը չէին միանում, որովհետեւ դա ընկալվում էր որպես կուսակցական երթ։ Հիմա առաջին անգամ այդ երթը կազմակերպեց կառավարությունը։
Կա միտում, որ կլինեն մարդիկ, որոնք չեն ընդունի կառավարության երթը։ Շատերի համար անսովոր էր, որ կոնկրետ մարդիկ, օլիգարխներ էին մեղադրվում Մարտի 1-ի ոճրագործության համար, հիմա նրանց մասին չի խոսվում։ Կան շատ անորոշություններ։ Այդ հարցերի պատասխանն էլ պետք է տրվի, ի վերջո»,- ասաց քաղաքագետը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իշխանության գալուց կարճ ժամանակ անց հայտարարեց, որ պետք է լինի ժողովրդի եւ իրավապահ համակարգի հաշտեցում։ Նկատվո՞ւմ է այդ հաշտեցման միտումն այսօր։
«Նոր իրավիճակում նոր երեւույթներ կարող են լինել։ Ոստիկանները կարող են ծաղիկներով մասնակցել երթին, բայց հանրությունը պետք է ընդունի՞, չէ՞։ Ամեն ինչ կախված է դատաքննությունից։ Երբ մեղավորները պատժվում են, դրանից հետո հանրության կողմից ցանկացած նոր քայլ ընդունելի է։ Այդ ամենը երեւում է նաեւ սոցիալական ցանցերում»,- ասաց Մանվել Սարգսյանը։