Հարցազրույց

«Հրապարակ»․ Անկախ նրանից, թե ով կարող է լինել մանկապիղծ, դա ահավոր մեղադրանք է

«Հրապարակ»․ Անկախ նրանից, թե ով կարող է լինել մանկապիղծ, դա ահավոր մեղադրանք է

Օրեր առաջ Հանրային խորհրդի նախագահը ներկայացրել է 2025 թ. գործունեության տարեկան հաշվետվությունը: «Հանրային խորհրդի մասին» օրենքի համաձայն՝ ՀԽ նախագահը յուրաքանչյուր տարի՝ մինչեւ փետրվարի 15-ը հաշվետվություն է ներկայացնում կառավարությանը։ Այս հաշվետվությունը կառավարության գովքից է բաղկացած` նշվել է, որ ՀՀ կառավարությունը ՀԽ-ին հնարավորություն է տվել իրազեկվել պետության ներքին կյանքին եւ արտաքին հարաբերություններին առնչվող տեղեկատվությանը, ՀԽ նախաձեռնած հանդիպումներն անցկացվել են գերատեսչական բարձր մակարդակի մասնակցությամբ, տարբեր ոլորտների քաղաքական պատասխանատուների (նախարարներ, տեղակալներ) եւ օրենսդիրների ընդգրկմամբ։ Գրված է, որ 2025թ. հանդիպումներն ընդգրկել են հանրային կյանքի զգայուն եւ հրատապ խնդիրներ, իրականացվել են շրջայցեր ռազմավարական նշանակության օբյեկտներ, եւ նման լոլոներ: Սակայն այս կառույցը ստեղծվել է այն նպատակով, որ քննարկվեն հանրային կարեւորության հարցեր, հանրության ձայնը հասցնեն կառավարությանը, այլ ոչ թե իշխանության մաս դառնան:

Զրուցել ենք ռեժիսոր, ՀԽ անդամ Ռուբեն Բաբայանի հետ:

- Ի՞նչ հաշվետվություն է կազմել Արա Խզմալյանը: 

- Տարբեր թեմաների մասին, որոնց Հանրային խորհուրդն անդրադարձել է: Գնումների մասին, բանակի մասին, իմ ոլորտի հետ կապված եւս` գիտության, մշակույթի, սպորտի հետ կապված` նախարարի հետ: Օրենքի նախագիծ էլ կա` իրական Հայաստանի մասին, որն իդրաֆտ համակարգում է, ինչը վերաբերում է պատերազմի քարոզչությանը եւ այլն: Ունեցանք լուրջ քննարկում շահագրգռված կողմերի հետ, որին մասնակցում էին ոչ միայն խորհրդի անդամները, այլեւ` շահագրգիռ այլ անձինք, մշակութային գործիչներ: Ցանկացած ոլորտի մասին քննարկման ժամանակ լինում են հրավիրյալ անձինք:

- Օրինակ` բանակի հետ կապված ի՞նչ է գրվել, ի՞նչ քննարկումներ են եղել:

- Բանակի հետ կապված մի քանի հարցեր կային: Օրինակ` այսօրվա վիճակի հետ կապված, այցելություններ էին կազմակերպվել պաշտպանական դիրքեր, ինչպես նաեւ՝ խոսվել է զենք ձեռք բերելու մասին, հետագայում նաեւ, երբ Հնդկաստանի պաշտպանության նախարարը ժամանեց Հայաստան, հանրայնացվեց, սակայն մենք երկու ամիս առաջ էինք դա մեր աչքերով տեսել: Պատգամավոր Հայկ Սարգսյանը մի նախագիծ էր ներկայացրել` որոշակի գումարի դիմաց բանակից ազատվելու մասին, մենք նաեւ այդ հարցին շատ լուրջ անդրադարձանք: Ես այցելել եմ զորամասեր, կանանց գունդ եւ այլն:

- Օրինակ` ԱԺ նախագահը ռուսական ԶԼՄ-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Հայ առաքելական եկեղեցում կան մանկապիղծ հոգեւորականներ: Իշխանությունները տեւական ժամանակ պայքարում էին, որ Եպիսկոպոսաց ժողով տեղի չունենար` կաթողիկոսի ելքը Հայաստանից փակեցին: Այս հարցերը չե՞ն հետաքրքրում Հանրային խորհրդին:

- Ես կարծում եմ, որ այդ հարցերը գտնվում են իրավապահների տիրույթում: Խոսքը բավականին ծանր մեղադրանքի մասին է: Անկախ նրանից, թե ով կարող է լինել մանկապիղծ, դա ահավոր մեղադրանք է: Իրավական լուծումներ են հարկավոր: Ինչ վերաբերում է եպիսկոպոսական ժողովներին, այդ հարցերն ինձ շատ քիչ են հետաքրքրում:

- Իրավապահներն ակնհայտորեն միջամտում են Եկեղեցու կյանքին, հոգեւոր կյանքի վերաբերյալ շատերս կարող ենք հետաքրքրություն չունենալ, խնդիրը դա չէ, այլ այն է, որ դատարանները հլու-հնազանդ կատարում են գործադիրի հրամանները: Այստեղ խնդիր չե՞ք տեսնում:

- Դե, մենք ունենք հնարավորություն` մեր դատարանների որոշումները բողոքարկելու ավելի բարձր ատյաններում: Կաթողիկոսի հետ կապված որոշումը քննչական է: Եթե Հայաստանի դատարանները խախտումներ են անում, ապա դրա համար կան միջազգային դատարաններ: Կան նախադեպեր, երբ Եվրոպական դատարանում բողոքարկում են, ոչ միայն նոր վճիռ է կայացվում, այլեւ` գումարի տեսքով են փոխհատուցում: Դա շատ նորմալ ընթացք է:

- Բայց սրանք առանցքային հարցեր են, եւ մարդիկ մեղադրում են Հանրային խորհրդին` պրոիշխանական լինելու մեջ, ստացվում է, որ դուք քննարկում եք բացառապես պրոիշխանական հարցեր:

- Հանրային խորհուրդն ունի տարբեր հանձնաժողովներ: Ինչ ասեմ, ես այնպես չէ, որ գյուղատնտեսությունից մինչեւ գինեկոլոգիա՝ ամեն ինչից հասկանում եմ:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image