ԲԴԽ նախկին նախագահ, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանին դատարանը մեղավոր ճանաչեց:
Հակակոռուպցիոն դատարանն այսօր, դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, հրապարակեց դատավճիռը՝ մեղավոր ճանաչելով Ռուբեն Վարդազարյանին և դատապարտելով ազատազրկման՝ 1 տարի 6 ամիս ժամկետով, ինչպես նաև՝ 2 տարի ժամկետով զրկելով պաշտոն զբաղեցնելու իրավունքից։
Հիշեցնենք, որ ՀՀ ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանին ՀՔԾ-ում մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 3-րդ մասով՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար ու որպես խափանման միջոց կիրառվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։
Վարդազարյանի դեմ քրեական գործ է հարուցվել՝ առանց նրա անձեռնմխելիության հաղթահարման՝ նախկին դատավոր, ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ, այժմ ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանի հաղորդման հիման վրա։
Նշենք, որ քրեական գործը դատարան է ուղարկվել 2021թ սեպտեմբեր ամսին, սակայն մեկ տարվա ընթացքում գործն այդպես էլ ապացույցների հետազոտման փուլին չէր հասել, գտնվում էր դատաքննության նախապատրաստման փուլում։
Այնուհետեւ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանը որոշում կայացրեց գործն ըստ ընդդատության Հակակոռուպցիոն դատարան ուղարկելու մասին և գործը դատավոր Վահե Դոլմազյանի վարույթում հայտնվեց:
Ռուբեն Վարդազարյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց՝ բողոքարկելու է դատավճիռը։
Անդրադառնալով դատավճռին՝ նշեց․ «Կանխատեսելի էր վերջին հատվածը, որը կարդաց։
Գործի քննությունը, դատաքննությունը, փաստական հանգամանքները եւ այն, ինչ որ հրապարակվեց՝ եզրափակիչ մասը, իրար հետ կապ չունեն, եւ երկրորդը՝ իրավաբանության հետ կապ չունեն։
Դեռ դատական ակտը չենք ստացել, ես չեմ պատկերացնում՝ ինչ է նախագահող դատավորը գրելու, մեր՝ պաշտպանական կողմի փաստարկները ոնց է հերքելու, ոնց է անցնելու դրանց վրայով»։
- Պարոն Վարդազարյան, սա քաղաքական պատվերով դատավճի՞ռ է։
- Դատավորը այստեղ ընդհանրապես կապ չունի, դատավորին ինչ ասել են՝ դա էլ արել է։ Դատավորին, որ թողնեին ազատ, նա կամ գործը վարույթ չէր ընդունի կամ կընդուներ ու կկարճեր։ Իմ հայտարարությունը, որը շատ չէին հավանել քաղաքական իշխանությունները, եւ իմ այն արձագանքը, որը տվել էի «Վնգստացող դատավորներ» արտահայտությանը, սա բերեց անձնական դաշտում վրեժխնդրության։
- Վերաքննիչից ի՞նչ ակնկալիք ունեք։
- Ներպետական ատյաններից ակնկալիք չունեմ, որովհետեւ բոլորն էլ պայմանով նշանակվել են հակակոռուպցիոն դատարանների համակարգում` Նշանակվում եք, ստանում եք ստանդարտից ավելի աշխատավարձ, բայց կատարում եք մեր քաղաքական կամքը։ Սա ամենաիսկական կոռուպցիան է դատական համակարգում, շատերին թվում է՝ կոռուպցիան կաշառքն է, որը նույնպես դատապարտելի է եւ անթույլատրելի է, կաշառքի դեմը կարելի է առնել խիստ հսկողությամբ, բայց այս քաղաքական կոռուպցիան․․․ Եթե կաշառքը վնասում է դատական իշխանության հեղինակությունը, ապա սա կոտրում է դատական իշխանության ողնաշարը։
- Պարոն Վարդազարյան, եթե ձեր տրամաբանությամբ նայենք, քանի որ դուք հույս չունեք ներպետական ատյաններից, կստացվի, որ եթե դստավճիռն անցնի բոլոր ատյաններով և ուժի մեջ մտնի, ապա որոշ ժամանակ հետո Դուք բանտ եք գնալու։
- Ինչո՞վ եմ ես ավելի լավ տղա Սամվել Կարապետյանից, երկու սրբազանից, Արմեն Աշոտյանից...Մամիկոն Ասլանյանից, Վազգեն Սաղաթելյանից, Նարեկ Սամսոնյանից, մնացածները թող ինձ ներեն․․․իհարկե, գնալու եմ, իհարկե, ես իմ պատիժը կկրեմ, բայց հետոն է շատ կարեւոր, հետոն շատ պայծառ եւ լուսավոր է լինելու:
- ՄԻԵ՞Դ-ում նկատի ունեք:
- Նաեւ՝ ՄԻԵԴ-ում։ Հետագայում երբ իշխանափոխություն կլինի նաեւ Հակակոռուպցիոն դատարանում, նաեւ նորոգված վերանորոգված, վերակառուցված դատական իշխանությունում, երբ շիտակ դատարաններ կլինեն, որը կստեղծի նոր իշխանությունը, ես էլ իրենց օգնական կլինեմ այդ հարցում։