Մենք խրված ենք լռության ճահճի մեջ:
Նորություն չէ, ոչ էլ նոր իմացանք այդ:
Կա մարդու մի յուրահատուկ տեսակ։
Նա ոչ չար է, ոչ էլ բարի։ Նա պարզապես… լուռ է։
Այնքան լուռ, որ նրա լռությունն աղմկում է։
Նա ամեն ինչ տեսնում է։
Տեսնում է՝ ինչպես է պետությունը ճաք տալիս։
Տեսնում է՝ ինչպես է երկրի ղեկը վստահվել մի մարդու, որը ղեկը շփոթել է հեռախոսի կոճակի հետ:
Տեսնում է՝ ինչպես է կործանումը դառնում առօրյա, իսկ նվաստացումը՝ բնականոն երևույթ։
Տեսնում է։ Բայց... չի տեսնում։
Կարդում է։ Բայց ...չի ընկալում:
Գիտի։ Բայց «չգիտի»։
Նա ցավագին հոգով գրված հոդվածը կկարդա մինչև վերջ։
Հետո կմտածի. «Ճիշտ է գրված»։ Բայց կվախենա սրտիկ դնելուց։
Որովհետև հանկարծ… ինչ-որ մեկը կտեսնի։
Իսկ տեսնելը վտանգավոր է։ Մտածելն էլ։
Նա իշխանությունից չի օգտվում, բայց իշխանությունից վախենում է։
Նա ոչինչ չի շահում, բայց ինչ որ բան կորցնելու սարսափ ունի։
Նա միշտ պատրաստ է ապրել վատ, միայն թե ապրելու անորոշությունը մշտական ու կայուն լինի։
Նա երբեք առաջինը չի խոսում։
Նա խոսում է միայն այն ժամանակ, երբ արդեն վտանգն անցած է, «եղանակն» անվտանգ է։ Երբ արդեն ուշ է։ Երբ արդեն ամեն ինչ ասված ու արված է ուրիշների կողմից։ Երբ արդեն պատասխանատվություն չկա։
Նա սիրում է ասել. «Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում»։
Բայց չի հասկանում՝ քաղաքականությունն է զբաղվում իրենով։ Ամեն օր։ Ամեն ժամ։
Նա չի պաշտպանում բռնապետին։
Նա իր գորշ լռությամբ պարզապես թույլ է տալիս, որ բռնապետը գոյություն ունենա։
Իսկ դա ավելի արդյունավետ է, քան ցանկացած քարոզ։
Քաջնազարները չեն ծնվում դատարկ տեղում։
Նրանք ծնվում են լռության մեջ:
Նրանք մեծանում են անտարբերության կաթով։
Նրանց ուժը գալիս է ոչ թե իրենց խիզախությունից, այլ ուրիշների վախից։
Եվ հետո այս նույն լուռ մարդը զարմանում է. «Բա ո՞նց եղավ, որ երկիրը էս վիճակին հասավ»։
Ոնց եղա՞վ․ Քո լռությամբ եղավ։
Քո չդրած «հավանությամբ»։
Քո չգրված բառով։
Քո «դիրքում» չկանգնելով։
Դու գուցե ազնիվ ես։
Բայց ազնվությունը երբ չի խոսում, դառնում է անօգուտ։ Դառնում է բեռ։ Դառնում է հող՝ ուրիշի իշխանության համար։
Ես արհամարհում եմ վախկոտ մարդուն։
Ոչ թե որ նա վախենում է, այլ որովհետև հաշտվել է իր վախի հետ։
Նա այլևս չի ուզում հաղթահարել նվաստացուցիչ վախը։
Նա ուզում է հարմար տեղավորվել և ճոճվել իր վախի ցանցաճոճում։
Սա առողջ վիճակ չէ։ Սա հիվանդություն է։ Հիվանդություն, որի անունը՝ քաղաքացիական անզորություն է։ Ճշմարիտ Քաղաքացու դավաճանություն:
Երբ մտածող մարդը շրջվում է ու տեսնում այս լճացած զանգվածը (որոնց մեջ նաև կտեսնեք մշակույթի գործիչների, ինտելիգենցիայի հայտնի ներկայացուցիչների)։
Նա ամաչում է մարդ կոչվելուց։
Եթե դու քեզ ճանաչեցիր այս տողերում՝լավ է, դեռ շանս կա։
Որովհետև ամենասարսափելին ոչ թե կործանվող պետությունն է,
այլ մարդը, ով կործանումը տեսնում է և ընտրում է հարմար լռությունը։
ԳԱԳԻԿ ԱՆՏՈՆՅԱՆ