Ուղիղ 2 տարի առաջ ԿԳՄՍ նախարարությունը քննարկման դրեց մի նախագիծ, որով առաջարկեց Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային, փորձարարական «Գոյ» կենտրոնը լուծարել, վարչական մասը կրճատել, իսկ ստեղծագործական կազմը միավորել Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի հետ՝ որպես «էքսպերիմենտալ թատերական խմբակ»: «Գոյ» թատրոնի այս 2 տարվա գոյամարտի ընթացքում շատ «ջրեր հոսեցին»՝ դատական հայցեր, նստացույցեր, բացօթյա ներկայացումներ, տեղեկատվական արշավներ, սակայն այդպես էլ «Գոյ» թատրոնի դռները չբացվեցին ո՛չ հանդիսատեսի, ո՛չ էլ թատրոնի դերասանների առաջ։
Ավելին՝ ռեժիսոր, «Գոյ» թատրոնի կառավարման խորհրդի նախագահ Սարգիս Արզումանյանը նոր ահազանգ հնչեցրեց․ ջնջում են «Գոյ» թատրոնի պատմությունը․
«Սա արդեն պարզապես թատրոնի տարածքի կամ ղեկավարության խնդիր չէ. սա մշակութային ջարդ է, որն ուղղված է ոչ միայն «Գոյ» թատրոնի, այլեւ ողջ հայ մշակույթի դեմ։ Երբ մենք ներս մտանք (28.10.2024թ.) «Գոյ» թատրոն՝ մեր ակցիան իրականացնելու համար, տեսանք սարսափելի պատկեր. պատերից պոկել էին մեր պատմության տարիների հիշողությունները՝ ներկայացումների աֆիշները, մեր անցյալի բոլոր հետքերը։ Սա նման է այն երեւույթին, երբ պատմության ընթացքում բռնազավթիչները ոչնչացնում էին ազգերի մշակութային հուշարձանները՝ իրենց գերակայությունը հաստատելու համար։ Արդյո՞ք սա ձեզ չի հիշեցնում այլ ժամանակներ, երբ փորձ էր արվում ջնջել հայկականությունը, երբ մեր վանքերի պատերին գրվածն աղավաղում էին, մեր գրքերը՝ այրում, մեր մշակութային ինքնությունը՝ ջնջում։ Այժմ նույնը կատարվում է «Գոյ» թատրոնի հետ, բայց արդեն սեփական մշակույթի ներսում՝ սեփական մարդկանց ձեռքով։ Սունդուկյան թատրոնի ղեկավարությունը գործում է այնպես, ինչպես գործում էին այն բռնակալները, որոնք փորձում էին ոչնչացնել մեր մշակութային ժառանգությունը՝ վստահ լինելով, որ պատմությունը սկսվում եւ ավարտվում է իրենցով։ «Գոյ» թատրոնի դռնից պոկել «Գոյ թատրոն» գրվածը, նշանակում է կոտրել թատերական մշակույթի ողնաշարը»։
Ս․ Արզումանյանի կարծիքով, սա լոկ «Գոյ» թատրոնի խնդիր չէ. սա մեր հասարակության, մեր մշակույթի եւ մեր արժանապատվության հարցն է։ «Ժողովուրդ, սա 1915-ին եկեղեցիների ավերում չէ, սա 2025-ին թատրոնի պատմության ոչնչացում է։ Եվ ես համոզված եմ, որ այս ամիսների ընթացքում իրենք շարունակում են իրենց բարբարոս գործողությունների շարքը»,- նշել էր նա ու տեղեկացրել, որ թատրոնից հեռացրել են նաեւ աթոռները։
Սակայն Սունդուկյան թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը շտապել էր պարզաբանել, որ ինքը կապ չունի թատրոնի դահլիճից հեռացված նստելատեղերի հետ, ավելին՝ «Գոյ» թատրոն այլեւս գոյություն չունի։
Ս․ Արզումանյանի կարծիքով, Վարդան Մկրտչյանի այս մեկնաբանությունը ոչ այլ ինչ է, քան փախուստ պատասխանատվությունից․ «Եթե Վարդանը կապ չունի, ապա ո՞վ է տվել այդ որոշումը։ Ո՞ւմ հսկողության տակ է այժմ «Գոյ» թատրոնի տարածքը։ Չէ՞ որ Սունդուկյան թատրոնը վերահսկում է այն։ Եթե դու տնօրեն ես եւ չգիտես, թե ինչ է կատարվում քո ենթակայության տակ գտնվող տարածքում, ապա կա՛մ խաբում ես, կա՛մ անընդունակ ղեկավար ես, կա՛մ՝ երկուսն էլ միասին։ Ոչնչացնողների սիրելի ռազմավարությունը ժխտելն է զոհի գոյությունը։ Այն, ինչ այլեւս չես կարող վերահսկել, պետք է անվանես «չկա»։ Սա վտանգավոր հռետորաբանություն է։ Այն, ինչը ոչնչացնելուց հետո հերքում են, իրականում ամենակենսունակն է։ Եթե «Գոյ» թատրոնը գոյություն չունի, ապա ինչո՞ւ են նրա անունը ջնջում պատերից, ինչո՞ւ են նրա աթոռները հեռացնում, ինչո՞ւ են նրա անցյալի հետքերը վերացնում։ Վարդանն իր հայտարարության մեջ ակնարկում է «սպառնալիքների» մասին, ինչը բացահայտ ինքն իրեն զոհի տեղ դնելու մանիպուլյատիվ քայլ է։ Սա դասական ռազմավարություն է․ նախ՝ ապօրինաբար խլում են տարածքը, հետո ոչնչացնում են անցյալը։ Եվ երբ մարդիկ պահանջում են իրենց իրավունքը, նրանց հայտարարում են «սպառնացողներ»»։
Արզումանյանի կարծիքով, ամբողջ այս իրավիճակում իրական զոհերը «Գոյ» թատրոնի արվեստագետներն ու հանդիսատեսն են, այդուհանդերձ, պատասխան են պահանջում նաեւ Վարդան Մկրտչյանից․ «Վարդան Մկրտչյան, դու կա՛մ ստում ես, կա՛մ քո թատրոնում ոչինչ չես վերահսկում, բայց երկու դեպքում էլ դու արդեն կորցրել ես դեմքդ։ Եթե «Գոյ» թատրոնը «չկա», ապա ինչո՞ւ ես այդքան ուժ ներդնում՝ ջնջելու նրա պատմությունը։ «Գոյ» թատրոնը կա, եղել է, եւ դու չես կարող այն վերացնել։ Թատրոնը պատերից պոկվող աֆիշները չեն։ Թատրոնը փակվող դռները չեն։ Թատրոնը անգամ աթոռները չեն։ Թատրոնը մենք ենք։ Եվ մենք վերադառնալու ենք։ Դու չես կարողանա ջնջել այն, ինչը մենք նորից կստեղծենք»։
Ի դեպ, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, անդրադառնալով «Գոյի» խնդրին, այսպես է արձագանքել. «Վերջին մեր խոսակցությունը եղել է հետեւյալը՝ մեր դռները միշտ բաց են: Դա ասելով՝ ես խոսում եմ Սունդուկյանի անվան թատրոնի շենքի մասին: Առարկայական ձեւով այն դահլիճը, որտեղ «Գոյը» տարիներ շարունակ իրականացրել է իր գործունեությունը, իրենց առաջարկել ենք տարեկան 120-ից ավելի օրեր, որպեսզի «Գոյը» խաղա իր ներկայացումները, ներկայացնի իր գործունեությունն իր հանդիսատեսին: Սա եղել է առաջարկ, որին պատասխան չի տրվել։ «Գոյը» եւ Սունդուկյան թատրոնն իրավաբանորեն միացնելու դեպքում պետք է իրենց առանձնահատկությունները պահպանեն: Ե՛վ Սունդուկյան թատրոնը՝ որպես ակադեմիական թատրոն, ե՛ւ «Գոյը»՝ որպես փորձարարական յուրահատուկ թատրոն: Եթե իրավաբանական հարթակը նույնն է, դա չի նշանակում, որ թատրոնի բովանդակությունը փոխվում է»։