Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի տնօրեն Ստեփան Սաֆարյանը, անդրադառնալով մարտի 29-ին Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո կայանալիք Փաշինյան-Ալիեւ հանդիպմանը, նշեց, որ նախորդ հանդիպումները եղել են նախապատրաստական եւ հաղորդակցության վերականգնման նպատակով, որոնք ուղղված են եղել կողմերի՝ միմյանց ճանաչելուն։ Այժմ, իհարկե, ըստ նրա, կան փակուղիներ, որոնցից մեկը բանակցային ձեւաչափի վերականգնմանն է վերաբերում։
«Ես կարծում եմ, որ այդ փակուղին կշարունակվի նաեւ առաջիկա հանդիպման ընթացքում, որովհետեւ կան հակառակ կեցվածքներ ղարաբաղյան կողմին բանակցությունների ձեւաչափում ներգրավելու վերաբերյալ։ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ ինքն Արցախի անունից չունի բանակցելու մանդատ։ Հետեւաբար կա՛մ պետք է ապահովվի Արցախի ներկայությունը, կա՛մ այդ նախապատրաստական հանդիպումները պետք է շարունակվեն այնքան, որ բանակցություններն արդյունք տան»,- ասաց Ստեփան Սաֆարյանը։
Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը հիշեցնում է, որ 1998-99 թվականներից սկսած Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ձեւաչափը խաթարվել էր, եղել է փակուղային եւ ոչ մի տեղ տանող։
«Հիմա խոսքը հակամարտությանը վերաբերող իրական ձեւաչափին վերադառնալու մասին է։ Այդ իմաստով, այո՛, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարող լուծվել բանակցային գործընթացում, որտեղ որոշվելու է Ղարաբաղի ճակատագիրը՝ առանց Ղարաբաղի»,- նշեց քաղաքագետը։
Ըստ նրա՝ Փաշինյան-Ալիեւ հանդիպումն օգտակար կլինի որպես երկխոսություն, կարող ենք ակնկալել երկխոսության շարունակականություն։