«Հրապարակի» զրուցակիցը Լիբանանի «Զարթօնք» հայկական օրաթերթի գլխավոր խմբագիր, հասարակական գործիչ Սևակ Հակոբյանն է։
- Միայն կիրակի օրը Իսրայելի՝ Լիբանանին հասցված հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 100 մարդ, վիրավորվել 350 -ը: Չնայած Իսրայելը պնդում է, որ թիրախում «Հըզբոլլահ»-ի թիրախներն են, փաստ է, որ հարյուրավոր խաղաղ բնակիչներ են զոհվում, հրթիռակոծության տակ է Բեյութը, Լիբանանի այլ բնակավայրեր: Ո՞ւր է տանում այս ամենը:
- Իսրայելն իր գործելաոճով, մեկ անգամ ևս փաստում է, որ ինքն ահաբեկչական պետություն է, մյուս կողմից՝ դարձյալ պարզ է դառնում «միջազգային ընտանիք» կոչվածի հին-նոր «երկու չափ` երկու կշիռ» պահվածքը և ՄԱԿ-ի անզօրությունը: Զավեշտը նրանում է, որ Լիբանանը սկզբունքով ինքնիշխան երկիր է ու ՄԱԿ-ի հիմնադիր անդամ: Այսուհանդերձ, իր գերիշխանությունն իր իսկ տարածքի վրա արդեն տասնամյակներ ի վեր խախտվում է և, ցավոք, ոչ միայն Իսրայելի կողմից: Արաբաիսրայելական հակամարտության մէջ Լիբանանը միշտ եղել է տկար օղակը, ի դեպ, նաև այն պատճառով, որ սահմանամերձ է Իսրայել/Պաղեստինին: Միաժամանակ, լիբանանյան իշխանություններն իրենք էլ պատասխանատու են այս խայտառակ վիճակի համար: Օրինակ, սեպտեմբերի 30-ին Իսրայելը ռմբակոծել է լիբանանյան զանազան շրջանները հատկապես՝ երկրի հարավը, պատճառաբանելով, որ իր գործողությունները միտում ունեն չեզոքացնել «Հըզբոլլահ»-ը, որ միջազգայնորեն ճանաչված է որպես ահաբեկչական կազմակերպություն: Սա նաև միջազգային հանդուրժողականության պատճառով է` Իսրայելի գործողությունների նկատմամբ: Մինչդեռ եթե Լիբանանն իր օրինական բանակը տեղակայի սահմանին, Իսրայելի սանձարձակ վերաբերմունքը կարող է որոշ փոփոխության ենթարկվել: Գաղտնիք չէ, որ լիբանանյան բանակը չունի համապատասխան ռազմական կարողություններ՝ դիմադրելու Իսրայելի բանակին, սակայն օրինական բանակի ներկայությունը բարոյական պարտավորության տակ կդնի իսրայելական կողմին, կստիպի նվազ սանձարձակ գործել: Իսկ թե ինչո՞ւ է Լիբանանի բանակն անդամալուծված, ապա պետք է ասել, որ Լիբանանն ու նրա բնակչությունը վերջին ավելի քան 50 տարիներին միշտ էլ եղել են նախ պաղեստինյան կազմակերպությունների, ավելի ուշ՝ Սիրիայի, ապա «Հըզբոլլահ»-ի ու բնականաբար Իրանի գերին, որոնք իրենց քաղաքական խաղարկումներն են արել Լիբանանի հողի վրա և Լիբանանի հաշվին:
Իսկ այս ամենն ո՞ւր է տանում կամ մինչեւ երբ պիտի շարունակվի, ապա ես ասում եմ, որ Լիբանանն ու տարածաշրջանը միշտ այս վիճակի մեջ են գտնվելու այնքան ժամանակ, քանի դեռ արդար լուծում չկա Պաղեստինյան դատին, որի հանդեպ Իսրայելը մինչև օրս չունի արդար մոտեցում և առաջնորդվում է ցեղապաշտական ագրեսիվ և ոճրային գործելաձեւով:
- Նեթանյահուի վերջին հայտարարությունը, թերևս, պատերազմի «անոնս» է և Մերձավոր Արևելքում ուժերի հարաբերակցության փոփոխության հայտ: Իսրայելի վարչապետը պնդում է, որ իր երկրի թշնամիներն ու դաշնակիցները Իսրայելին տեսնում են նախկին կարգավիճակում՝ ուժեղ և վճռական: Նրա խոսքով պատերազմելու են 7 ճակատով՝ Եմեն, Գազայի հատված և այլն, չբացառելով Լիբանան ներխուժումը:
- Իսրայելը նոր չէ, որ պատերազմական վիճակի մեջ է իր շրջապատի, հարևանների հետ: Տարածաշրջանն անհանգիստ է Իսրայելի հիմնադրման առաջին իսկ օրից: 1948-ից ի վեր տեղի են ունեցել մի քանի արաբաիսրայելական պատերազմներ: Արեւմուտքը միշտ էլ նեցուկ է եղել Իսրայելին, որովհետև հրեական լոբբին միշտ հաջողել է հրեական սփյուռք երկրների, պետությունների կամքն ու բյուջեն ի նպաստ իր երկրին ծառայեցնել, մինչդեռ արաբական աշխարհի անմիաբանությունն իր հերթին պատճառ է հանդիսացել Իսրայելի գերակայության: Իսրայելը միշտ էլ ներխուժել է Լիբանան, ամենածանրակշիռը 1982-ին էր, երբ գրավեց Լիբանանի մայրաքաղաք Բեյրութը, սակայն բռնազավթումները երկար չեն տևել՝ շնորհիվ լիբանանյան դիմադրության, որն առաջին տարիներին համալիբանանյան էր՝ մինչև «Հըզբոլլահ»-ն իր մենաշնորհին վերածեց՝ ունենալով Իրանի զորակցությունը: Իրանն էլ իր հերթին, փոխանակ ուղղակի առճակատման մեջ մտնելու Իսրայելի հետ, այդ գործը վստահել է իր արբանյակ կամ հոգեզավակ հանդիսացող «Հըզբոլլահ»-ին:
Ինչ վերաբերում է այսօրվա ներխուժման հավանականությանը, ես հավատում եմ, որ նման բան կամ չպետք է տեղի ունենա (որովհետեւ միշտ էլ նման ներխուժումներից այրվել են Իսրայելի մատները), կամ տեղի կունենա շատ սահմանափակ առաքելությամբ՝ գուցե Լիբանանի հարավային շրջանների և Իսրայելի սահմանի միջև անվտանգության գոտի ստեղծելու համար:
- Իսրայելի վերջին ակնառու «հաջողությունները» կապված են շաբաթներ առաջ Իրանում՝ «ՀԱՄԱՍ»-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեյի սպանության և սեպտեմբերի 27-ին՝ Բեյրութում «Հըզբոլլահ»-ի գլխավոր քարտուղար Հասան Նասրալայի վերացման հետ: Սա կարո՞ղ է հրեական պետությանն օժտել լրացուցիչ առավելություններով՝ դիցուք բանակցային գործընթացում դիրքերն ամրապնդելու տեսքով:
- Քաղաքականության մեջ բնական է, որ նման հակամարտությունները տեղի են ունենում նաեւ բանակցային դիրքերն ամրապնդելու համար: Ինչպես Իսրայելի դեպքում, նույնը վերաբերում է նաև Իրանին, որն իր պահանջների դիրքերից «ՀԱՄԱՍ»-ին, հուսիթներին, կամ «Հըզբոլլահ»-ին շարժելով՝ Արևմուտքի հետ իր հաշիվներն է մաքրում, միշտ ձգտելով ի նպաստ իրեն կարգավորել առկա կամ ապագա բանակցություններն Արևմուտքի հետ:
Այսօր պարզ է, որ Իսրայելին հաջողվեց արհեստավարժությամբ հասնել որոշ հաջողությունների, նամանավանդ՝ քաղաքական սպանությունների տեսքով: Այս մեկը մեծ հարված է թե՛ «ՀԱՄԱՍ»-ին, թե՛ «Հըզբոլլահ»-ին: Սակայն պատմությունը փաստել է, որ հարվածից շշմած կողմը վերստին վերագտել է ինքն իրեն ու շարունակել է պայքարը: Օրինակի համար, առաջին անգամը չէ, որ սպանվում է «Հըզբոլլահ»-ի առաջնորդը: 1990-ականների սկզբին սպանվեց «Հըզբոլլահ»-ի այդ ժամանակվա առաջնորդ՝ Աբբաս Մուսաուին, սակայն Նասրալլայի ընտրությամբ, նշյալ կողմն ավելի կազմակերպվեց և դրանից հետո 30 տարի շարունակեց իր հակաիսրայելյան պայքարը: Նույնը կարող է նորից տեղի ունենալ կամ՝ ոչ, մինչև Իսրայելը և իր թիկունքին կանգնող կողմերը տակավին չեն ըմբռնել, որ իրենց պատերազմը միայն ռազմական կարողությունների դեմ չէ, այլև իրենց անծանոթ գաղափարախոսության, որն ավելի զորավոր է, քան որևէ ռազմական ուժ: Հետևաբար, ինչպես արդեն ասացի՝ Իսրայել – Պաղեստին հարցի արդար լուծում է պետք, հակառակ պարագայում՝ այս հակամարտությունը հավերժ կտեւի եւ սերունդներ պիտի գան հաջորդելու իրենց նախորդողներին, քանի որ գետնի վրա թափված արյունը միշտ տաք է մնում:
- Իրանի նախագահը սպառնում է հաշվեհարդար տեսնել Թել Ավիվից՝ Նասրալայի սպանության և այլ հանցագործությունների համար: Միաժամանակ երկրի ԱԳՆ-ն հայտարարում է, թե Լիբանանն ի զորու է պաշտպանել ինքն իրեն և այնտեղ իրանական լրացուցիչ ուժեր ուղարկելու կարիք չկա: Ի վերջո, Թեհրանը կներքաշվի՞ Իսրայելի հետ լայն պատերազմի մեջ:
- Իրանի սպառնալիքների ոճը միշտ էլ խիստ լինելով հանդերձ, նույն ուժգնությամբ բնավ արտացոլված չէ հակազդեցության գետնի վրա: Հետևաբար, կարծում եմ, որ այս անգամ էլ ոչ սպասված ուժգնությամբ պիտի լինի, այնքան ժամանակ, քանի դեռ Իրանի երկխոսությունները շարունակվում են Արևմուտքի և հատկապես ԱՄՆ-ի հետ:
- Չմոռանանք նաև Թուրքիայի դերակատարության մասին, որի հարաբերությունները Թել Ավիվի հետ, մեղմ ասած, բարեկամական չեն: Միջազգային փորձագետները հավանական են համարում նաև Թուրքիա-Իսրայել ռազմական առճակատումը:
- Եկեք շատ չհավատանք Թուրքիա-Իսրայել թշնամությանը: Ճիշտ է, երկու պետություններն էլ տարածաշրջանի մեջ հակասական մեծ խաղացողներ են, սակայն այս երկուսի «թշնամությունը» միշտ էլ համակարգված է եղել ու չի հատել լոզունգային սահմանագիծը:
- Մեծ հաշվով, ինչո՞վ եք պայմանավորում Իսրայելի՝ վերջին շրջանում ցուցադրած ակտիվությունը սահմանի տարբեր հատվածներում, երբ զուգահեռաբար աճում է միջազգային հանրության ճնշումը, դեէսկալացիայի կոչերը, դապատարտող հայտարարությունները և այլն:
- Մեծ պետությունները միշտ էլ կոչեր են արձակում և պատվիրակություններ են ուղարկում, երբ հակամարտության մեջ լուրջ բան անելու տրամադրություն չունեն: Հետևաբար, ըստ իս, պետք չէ հակամարտությունների սրացման դեմ հնչած կոչերը լուրջ ընդունել, երբ նույն այդ կոչն արձակող կողմերը շարունակում են զինել հակամարտության այս կամ այն կողմին: Կարիք չկա պատմության մեջ շատ հեռուներ գնալու: Ունենք նմանօրինակ զուգահեռներ թե՛ նախորդ դարասկզբին Հայոց Ցեղասպանության օրերի և թե՛ Արցախի մերօրյա ողբերգության հետ կապված: Արեւմտյան, այսպես կոչված, կոչերը ինչո՞վ արգելեցին թյուրքական կամ ադրբեջանական կողմերին՝ չգործադրելու մարդկության դեմ գործած ոճիրները:
- Այս մեծ ու վտանգավոր խաղից Հայաստանը մտահոգվելու առիթ ունի՞: Եթե այո, ի՞նչ չափով և ի՞նչ հետևություններով:
- Դժբախտաբար, Հայաստանն ու հայաստանցին քարտեզագիտության մեջ այնքան էլ փայլուն չէ: Մինչ կարծում է, թե Եվրոպայի մաս է կազմում, մոռանում է, որ մեր Հայրենիքը գտնվում է Մերձավոր Արևելքի՝ հետևաբար նրա խնդիրների կիզակենտրոնի մեջ և, հետևաբար, այնտեղ ինչ էլ պատահի, անմիջապես կարող է կապ ունենալ մեզ հետ: Ինչ վերաբերում է Հայաստանի այսօրվա իշխանություններին, ապա լավ կլինի, որ «Հըզբոլլահ»-ի այսօրվա արհավիրքներից դասեր քաղեն, որովհետև ես չեմ հավատում, որ Իսրայելը կկարողանա այսքան հաջողությունների հասնել առանց «Հըզբոլլահ»-ի հովանավորող կողմի ուղղակի կամ անուղղակի մասնակցության: Իսկ եթե ավելի պարզ ասեմ, ապա շեշտեմ, որ տվյալ իշխանությանը «գնողը» կարող է մի օր էլ «ծախել» այն:
- Ավելի պա՞րզ:
- Ինչպես Իրանն է հովանավորում «Հըզբոլլահ»-ին և բացառված չէ, որ մի օր էլ կարող է հրաժարվել նրանից, այդպես էլ 2018-ին Հայաստանում իշխանության եկածները մի ծրագրի մաս են կազմում, որը տեղական չէ, այլ՝ դրսից թելադրված: Ահավասիկ, այդպես էլ նրանք, որոնք «գնել են» ՀՀ իշխանություններին կամ վերջիններս են զինվորագրվել այդ ծրագրին, կարող են «ծախել» սրանց: