Իրավունք

«Հրապարակ»․ Եթե հանցանք կատարած լիներ, կասեր` այդ տեսանյութում ես չեմ

«Հրապարակ»․ Եթե հանցանք կատարած լիներ, կասեր` այդ տեսանյութում ես չեմ

Մոտ 2 շաբաթ առաջ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի գործով նիստից անմիջապես հետո, հենց դատարանի բակից ձերբակալեցին նրա եղբորը` Գոռ Համբարձումյանին, որը Դավիթ Համբարձումյանի գործով եւս մեղադրյալ է։

Այդ ժամանակ Քննչական կոմիտեից մեզ փոխանցել էին հետեւյալը․ «Քրեական վարույթի նախաքննության ընթացքում Գ. Հ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 204-րդ հոդվածի 1-ին մասով (անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելը), 457-րդ հոդվածի 2-րդ մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը), 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախությունը) եւ 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը): Վերջինս ձերբակալվել է»:

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Քննչական կոմիտեն 10 օրում ափալ-թափալ գործը քննել, ավարտել է, հայտարարել է նախաքննության ավարտ եւ ուղարկել հսկող դատախազին, վերջինս էլ հաստատել է Համբարձումյանի մեղադրականը։ Գործով, բացի Գոռ Համբարձումյանից, անցնում է նաեւ 5 անձ, որոնց բոլորի նկատմամբ, բացի մեկից, կիրառվել է խափանման միջոց կալանավորում։

Համբարձումյանի պաշտպան Գայանե Պապոյանը մեզ հետ զրույցում հաստատեց այս տեղեկությունը՝ նշելով, որ առաջին ատյանի դատարանն արձանագրել է՝ «հիմնավոր կասկածն ամրապնդման կարիք ունի»։ Այնուամենայնիվ, դատարանը նրան կալանավորել է «փողերի լվացման» դրվագով: «4 հոդվածով էր մեղադրանք առաջադրվել, 3-ով դատարանն արձանագրել է հիմնավոր կասկածի բացակայությունը, իսկ 4-րդը, որը փողերի լվացումն է, այսինքն՝ իր քարտին գումար է նստել, մենք դա հստակ ներկայացրել ենք, թե ինչ գումար է, դատարանը ցիտել է, որ այդ մասով պետք է հստակ քննություն արվի, որպեսզի ստուգվի՝ Գոռ Համբարձումյանի ներկայացրած փաստարկն իրականությանը համապատասխանո՞ւմ է, թե՞ ոչ, ու վերջ: 3 հոդվածով արձանագրվել էր հիմնավոր կասկածի բացակայությունը, բայց իրենք նախաքննության ավարտ են հայտարարել։ Ամբողջությամբ անհիմն եւ ապօրինի է»։

Պապոյանի խոսքով՝ այդ 4-րդ դրվագով ահա թե խոսքն ինչի մասին է. Համբարձումյանի հաշվին «նստել է» 2 միլիոն 413 հազար դրամ, որը բանկոմատներից մեկից կանխիկացրել է եւ, ըստ էության, հայտնվել այս պատմության մեջ․ «Իրեն պարտք են եղել, փոխանցել են այդ գումարը, տրամաբանորեն, ինքը չի կարող իմանալ՝ այդ անձնավորությունը, որը փոխանցել է գումարը, որտեղից նրան։ Բանկոմատի տեսանյութն են վերցրել, որ գումարը կանխիկացնում է, մինչեւ Գոռ Համբարձումյանին կանչելը, այլ մարդկանց կանչել են, ասել են՝ ճանաչո՞ւմ եք այս մարդուն, որը կանխիկացում է կատարում, ասել են՝ չէ, չենք ճանաչում, կանչել են Գոռ Համբարձումյանին, ասել են՝ ճանաչո՞ւմ եք այս մարդուն, ասում է՝ իհարկե, ես եմ։ Այսինքն՝ մարդը եթե ուզենար հանցավոր սխեմա գծել, նախ չէր ուզենա, որ իր հաշվին նստեր գումարը, եւ չէր գնա, նախաքննական մարմնին ասեր՝ ես եմ, երբ տեսանյութը շատ վատ որակի է։ Նախաքննական մարմինը չի կարողացել պարզել, Մասիսից տարբեր մարդկանց են կանչել, այդ թվում՝ Գոռ Համբարձումյանին ճանաչող մարդկանց, բայց ոչ մեկը չի ճանաչել, որովհետեւ շատ վատ որակի տեսանյութ է։ Ասում են՝ քանի որ դու կանխիկացրել ես այդ գումարը, դու ես այս ամենը կազմակերպել»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image