Պատկերացնո՞ւմ եք, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը նախորդ օրն ինձ վատություն արեց: Մասնագիտական առումով բառիս բուն իմաստով վատություն: Այն հոգևորականը, ում մի ժամանակ ամենից շատ եմ հարգել: Առնվազն մինչև Բագրատ Սրբազանի ի հայտ գալն ինձ համար: Բայց ի տարբերություն Բագրատ Սրբազանի՝ Միքայել Սրբազանի մասին ոչինչ կամ համարյա ոչինչ չեմ գրել: Դա, ինչպես ասում են, իմ ներքին գործն էր, ներքին հարգանքը: Ինչևէ, պատճառն այն է, որ նախորդ գիշերը ՀԱԵ ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Հովնան (արքեպիսկոպոս) Տերտերյանի «հրամայականին» պատասխանի ցրցանն էի արել. այո, այդ կոչումը հենց փակագծերում: Նույնիսկ համացանցում որոնում տալով՝ գտել էի 2004-ի մայիսի 1-ի դրա հարցազրույցը Հ1-ի Պետրոսի հետ: Ու, անկեղծ ասած, այն տանելի էի գտել՝ չնայած ինձ, որպես ընդդիմադիր հրապարակախոսի, այնքան էլ դուր չէր եկել Միքայել Սրբազանի վերաբերյալ հատվածը: Որում, ի դեպ, Պետրոսը չի տալիս վերջինիս անունը:
Բայց քանի որ Միքայել Սրբազանն արդեն պատասխանել էր Հովնան (Արքեպիսկոպոս) Տերտերյանին, ու շատ ավելի լավ, քան կարող էի անել ես, նախապես ծրագրվածը փոզմիշ եղավ: Կարծում եմ, որ դա բավարար պատճառ է ոչ միայն այդ հարցին, այլև ընդհանրապես հայոց եկեղեցուն այսօր չանդրադառնալու: Ու որոշեցի կրկին անդրադառնալ այնպիսի ոլորտի, որով մարդիկ սովորաբար հետաքրքրվում են՝ երբ հասնում են որոշակի տարիքի: Խոսքը թոշակային տարիքի մասին է ու հատկապես «65+»-ի: Ժամանակին կարդացել եմ, որ մարդկության միայն 8%-ն է հասնում այդ տարիքին: Բայց քանի որ ծերացման գործընթացն ավելի լայն ծավալ է ստացել, կարծում եմ, որ հասած կլինի 10%-ի: Այսինքն, 800 միլիոն մարդ ողջ աշխարհում այսօր անցել է 65 տարեկանի սահմանագիծը:
Եվ այն հարցը, թե ինչ վերաբերմունք է ցուցաբերվում իշխանության կամ հասարակության կողմից այդ տարիքն անցած անձանց նկատմամբ, ցույց է տալիս հասարակության բարոյական կերպարը: Որովհետև, ինչպես հայտնի է, ամեն ժողովուրդ արժանի է տվյալ պահին իր ունեցած իշխանությանը: Իսկ իշխանությունն, ի դեմս «մեծարգո» վարչապետ Փաշինյան Նիկոլի ու նրա ստեղծած կուսակցության, արհամարհած ունի իր քաղաքացիների այդ հատվածին: Միայն այդ դեպքում նրա ուղեղում կարող էր ծագել այն պնդումը, թե ի՞նչ պետք է անի թոշակառուն իր 20 հազար դրամի հետ, եթե այն ավելացվեր թոշակին: Հետաքրքիր է, որ նույն ուղեղում չի ծագել այն հարցը, թե ինչ պետք է անեն ինքը, իր նշանակած նախարարներն ու փոխնախարարներն լրացուցիչ միլիոնավոր դրամները: Ի դեպ, այդ 20 հազարով կփակվեր կոմունալ ծախսերի մի մասը, քանի որ դրանք ներառված չեն ծախսային վերադարձի (քաշ բակ) ծրագրում: Ինչի արդյունքում ջուրն է գցվում 20 տոկսանոց վերադարձը՝ եթե այլ եկամուտ թոշակառուն չունի:
Ենթադրաբար, «մեծարգո» վարչապետն իր միլիոնավոր դրամների պարգևատրումը ստացել է 2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում, որպես վարչապետ, երկնքից աստղեր վայր բերելու համար: Որովհետև այլ պատճառ չեմ գտնում, որպեսզի «մեծարգոն» ուրիշի ձեռքով ինքն իրեն շուրջ 10 միլիոն դրամի պարգևատրում դուրս գրեր: Եթե աստղերը կապ չունեն, ապա դա վստահաբար կապված է նախորդ տարվա մայիսին ադրբեջանցի Փաշազադեի հրահանգով Վեհափառի կամ որ նույնն է՝ հայոց եկեղեցու դեմ իր նախաձեռնած պատերազմին: Ու որպես դրա շարունակություն՝ հունիսի կեսին գործարար, բարերար Սամվել Կարապետյանի ձերբակալման ու կալանքի հետ: Չնայած իր փոխարեն ավելի ադեկվատ մեկը կգիտակցեր, որ նախորդ տարվա մայիս ու հունիս ամիսները ոչ թե հաջողության առհավատչյա են, այլ անձնական իշխանության վերջի սկիզբը: Ինչպես ժողովուրդն է ասում, խորամանկ աղվեսը երկու ոտքով է ընկնում թակարդը: Իսկ ինքը, ուզենք թե չուզենք, պետք է ընդունենք, որ քաղաքական խարդավանքներում ձեռք է բերել խորամանկ աղվեսի բոլոր հատկանիշները: