Հարցազրույց

Վանաձորի պարագայում կարողացան, Գյումրիում չի լինում

Վանաձորի պարագայում կարողացան, Գյումրիում չի լինում

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի ուզում Գյումրիում գնալ ավագանու արտահերթ ընտրությունների, քանի որ լավ գիտեն, որ իրենց վարկանիշը սարսափելի ցածր է՝ «Հրապարակի» հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Շիրակի պետական համալսարանի դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանը։ «Գումարած դրան՝ որքան էլ գործ ունենան կիսագրագետ մասսաների հետ, այդ նույն մասսան պահանջելու է արդյունք, հարցնելու է՝ ի՞նչ է արել ձեր թեկնածուն Գյումրու համար, իսկ ՔՊ թեկնածուն ոչ մի բան էլ չի արել»,- ասում է նա։ 

- Արդեն քանի օր է՝ ՔՊ-ականները հայտարարում են, որ Գյումրիում կառավարման ճգնաժամ է, եւ փակուղուց միակ ելքն օրենքի փոփոխությունն է, սակայն չեն ասում, թե որ օրենքն են փոխելու։ Ձեր կարծիքով, ի՞նչ են նրանք պատրաստվում անել, ի՞նչ օրենսդրական փոփոխության մասին է խոսքը, թե՞ դա ուղղակի տակից դուրս գալու տարբերակ է՝ ընտրությունը հետաձգելու համար։ 

- Ոչ, իրենք իրոք ուզում են «ՏԻՄ-ի մասին» օրենքում փոփոխություններ մտցնել, որպեսզի կարողանան Գյումրու պարագայում էլ համայնքապետի ԺՊ նշանակել, ինչպես արեցին Վանաձորի պարագայում։ Այդ նույն ձեւաչափով, փոքր-ինչ ավելի այլանդակ ձեւով ուզում են օրենքն ըստ իրենց քիմքի վիրահատության ենթարկել, որպեսզի կարողանան ԺՊ նշանակել։ Ի՞նչ են անելու՝ ոչ մի տվյալ չի հրապարակվում, եւ այն, ինչ մենք իմանում ենք, տեղեկանում ենք զուտ օդում շրջող խոսակցություններից։ Այնուամենայնիվ, մենք փաստ ունենք, որ Նիկոլն ի վիճակի է ոչ միայն ՏԻՄ օրենքը փոխել, այլեւ ցանկացած օրենք իր քիմքին հարմարեցնել։ Մարդը Սահմանադրություն է փոխում, Անկախության հռչակագրին է կպչում, այս պարագայում ես բացարձակ չեմ զարմանա, եթե նա փոխի ՏԻՄ օրենքը։ 

- Ինչո՞ւ Վանաձորում կարողացան, իսկ Գյումրիում չեն կարողանա։ 

- Որովհետեւ, եթե Վանաձորում ավագանին հավաքվում էր, Մամիկոն Ասլանյանի ավագանիները գնում էին, նստում էին նիստերի, իսկ Գյումրիում հետաքրքիր անակնկալ մատուցեցին ՔՊ-ին։ Բալասանյան դաշինքի ավագանիները բոլորով դուրս եկան, բացի դրանից` նաեւ հաջորդ համարները մանդատից հրաժարվեցին, եւ փաստացի մենք ունենք հիմա իրավիճակ, երբ որ Բալասանյան դաշինքի անդամները մանդատները վայր դրեցին, իսկ մյուսներն ուղղակի չեն ներկայանում նիստերի, որպեսզի թույլ չտան Նիկոլին՝ իր ուզած սցենարով առաջ գնալ Գյումրիում, ինչպես արեցին Վանաձորի պարագայում եւ «Ակա» մականունով ինչ-որ մեկին բերեցին, կարգեցին քաղաքապետ։ Վանաձորի պարագայում կարողացան, Գյումրիում նման բան չի լինում։ 

- Շատ էր խոսվում, որ գյումրեցիները, որոնք աշխատում են քաղաքապետարանի ենթակայության հաստատություններում, չեն կարողանում ստանալ իրենց աշխատավարձերը։ Հիմա ինչ-որ ձեւով լուծել են, վարչապետի միջամտությամբ։ Իհարկե, լավ է, որ մարդիկ փողերը ստացան, բայց որքանո՞վ էր սա օրինական։ Ի վերջո, ո՞վ ստորագրեց աշխատավարձերի թերթիկները։ 

- Քաղաքապետը չկա, փոխքաղաքապետերը չկան, աշխատավարձ չէր բաժանվում։ Գյումրիում մի քանի հազար մարդ, որոնք աշխատում էին քաղաքապետարանում եւ քաղաքապետարանին ենթակա հիմնարկներում, աշխատավարձ չէին ստացել։ Տեսեք, թե ինչ արեցին՝ Կարեն Սարուխանյան-Էմմա Պալյան գյումրեցի զույգը հարցը բարձրացրեց կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ։ Գրում են, չէ՞, «մեր խոսքը գործ է»։ Բայց, ըստ «Գանձապետական համակարգի մասին» ՀՀ օրենքի, ՀՀ վարչապետն իրավունք չունի աշխատավարձ տալ։ Ավելին՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 192-րդ  հոդվածի 1-ին կետում գրված է, որ համապատասխան ամսվա աշխատավարձը տրվում է մինչեւ նոյեմբերի 15-ը։ Եթե գործատուն աշխատավարձը չի տալիս, ուրեմն ենթարկվում է մեծ տուգանքների, ինչպես նաեւ՝ աշխատողը, որը մինչեւ համապատասխան ամսվա 15-ը չի ստացել աշխատավարձ, կարող է դիմել դատարան։ Գյումրիում աշխատավարձերը տրվեցին նոյեմբերի 14-ին, բայց ՔՊ-ականները բոլորին ներկայացրին սա որպես իրենց ձեռքբերում, այն պարագայում, երբ մինչեւ ամսի 15-ն աշխատավարձ տալը աշխատանքային օրենսդրության պահանջ է։ Այո, մարդը մեղավոր չէ, որ դու չունես քաղաքապետ, բայց դու մեկ այլ ձեւաչափով դա արա, ոչ թե գովազդվի, թե դու ես արել։ Դու չես արել, դու քո պարտականությունն ես կատարել։ 

- Խոսակցություններ կան, որ քաղաքապետի տեղակալ Ջանոյանին համոզում են, որ հետ գա, սակայն նա չի ցանկանում ՔՊ-ի հետ աշխատել, եւ այժմ ՔՊ-ն որոշել է ստիպել Բալասանյանին, որ համոզի Ջանոյանին՝ ստանձնել պաշտոնը, իսկ որպես Բալասանյանի վրա ազդելու գործիք ՝ընտրվել է նրա որդուն, որը տնային կալանքի տակ էր, բերդ տանելը։ 

- Շատ հնարավոր եմ գտնում, որ այդ խոսակցությունները ճշմարտություն են։ 

- ՔՊ թեկնածու Կարեն Սարուխանյանը «Հրապարակի» հետ զրույցում հերքել է դա՝ ասելով, որ անգամ եթե Ջանոյանն ազատվի կալանքից, չի կարող ստանձնել պաշտոնը, քանի որ նրան պաշտոնանկ է արել քաղաքապետը, իսկ հիմա քաղաքապետ չկա։ 

- Ե՞վ։ Նախկին քաղաքապետը Ջանոյանի լիազորությունները կասեցրել է օրենքի ուժով, որովհետեւ կալանքի տակ գտնվող պաշտոնյան չի կարող իր լիազորությունները կիրառել, հիմա եթե մարդը հետ է գալիս, եւ նույն Քննչական կոմիտեն վերացնում է կալանքի որոշումը, օրենքի ուժով նրա լիազորությունները վերականգնվում են։ Այո, իրոք կարծում եմ՝ իրենք Ջանոյանին փորձում են դուրս բերել տնային կալանքից, եւ, այո՝ վարկածներից մեկը հենց դա է։ Այստեղ ուրիշ հարց էլ կա․ ինչի՞ համար են մեղադրում Ջանոյանին։ Ես՝ ինքս, Սամվել Բալասանյանին երբեք չեմ պաշտպանում կամ գովերգում, բայց ճիշտը մնում է մեկը՝ Ջանոյանը Գյումրիում ձեռք է բերել հողատարածք, որն աճուրդի էր հանվել ՊՆ-ի կողմից։ Այսինքն՝ ՊՆ-ն ճի՞շտ է արել, որ իր տարածքը հանել է վաճառքի, իսկ Ջանոյանը հանցագործ է, որ այն գնե՞լ է։ Այսինքն, պետությունն իր բալանսից տարածքը հանում է վաճառքի` հանցագործ չէ, իսկ գնորդը հանցագործ է։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image