Հարցազրույց

«Հրապարակ»․ Հարուստներն էլ ավելի են հարստացել, եւ սրա հաշվին է տնտեսական աճ գրանցվել

«Հրապարակ»․ Հարուստներն էլ ավելի են հարստացել, եւ սրա հաշվին է տնտեսական աճ գրանցվել

Մինչ իշխանական քարոզիչները «խաղաղության խաչմերուկի» շրջանակներում Հայաստանի տնտեսության վերելքի ու զարգացման նոր հնարավորությունների վերաբերյալ առասպելներ են հյուսում, միջազգային հայտնի ֆինանսական կառույցներից մեկը՝ ի դեմս Համաշխարհային բանկի, առաջիկա տարիներին Հայաստանի տնտեսական աճի տեմպի դանդաղում է կանխատեսում։ Այս տարվա համար գնահատվող 5.2 տոկոս աճի փոխարեն՝ հաջորդ տարվա ակնկալիքը 4.9 տոկոս է։ 2027թ. համար էլ սպասումները 4.7 տոկոսի սահմաններում են։ «Հրապարակի» զրուցակիցն է տնտեսագետ Աղասի Թավադյանը:

- 2025-ի արդյունքներով, տնտեսական աճի հնարավոր սցենարների վերաբերյալ հարցին ԿԲ նախագահը հայտարարեց, որ ունենք բարձր տնտեսական աճ՝ 5.2%, եւ ցածր գնաճ. Ըստ Ձեզ, ինչպիսի՞ տնտեսական աճ ենք ունեցել 2025 թվականին:

- Եթե տնտեսական աճին նայենք դինամիկայի մեջ, ապա 2022 թվականին Հայաստանում գրանցվել է 12.6% տնտեսական աճ, 23 թվականին՝ 8,7%, 24-ին՝ 5,9, 25-ին, ըստ ԿԲ-ի՝ 5.2%: Դատելով ժամանակացույցից՝ աճը սառում է, տարեցտարի ավելի քիչ աճ է գրանցվում Հայաստանում՝ հաշվի առնելով այլ ֆակտորներ, օրինակ՝ հարկերի բարձրացման հետ, որոնք ավելի են սառեցնում տնտեսությունը, այնքան էլ դրական տենդենց չի կարելի համարել: Ինչ վերաբերում է գնաճին, ապա, այո, գնաճը Կենտրոնական բանկի կողմից սահմանված 3 պլյուս-մինուս 1, այսինքն՝ 2-4%-ի սանդղակում է, սակայն այստեղ էլ կան խնդիրներ: Հանրապետությունում հիմնականում գնաճը գրանցվում է պարենային գների մեջ, իսկ պարենային գներն ամենամեծ ազդեցությունն ունեն ցածր եւ միջին եկամուտներ ունեցողների վրա: Ցածր եկամուտներ ունեցողի սպառողական զամբյուղի մոտ 60%-ը պարենային ապրանքներն են, որոնք վերջին տարիներին բավականին զգալի աճ են գրանցել՝ համեմատած բազային գնաճի հետ: Այս պարագայում ցածր եկամուտ ունեցողներն ավելի կորուստ են կրում գնաճից, հաշվի առնենք, որ թոշակներն էլ չեն ավելանում:

- Վարչապետն ասում էր` եթե թոշակառուների թոշակը 10 հազար դրամով բարձրացնենք, ի՞նչ կանի թոշակառուն․ չի իմանա՝ ոնց ծախսի այդ գումարը: 2026 թվականի հունվարի 1-ից հետվճարի սահմանաչափը 12 տոկոսի փոխարեն սահմանվեց 20 տոկոս: Կարծում եք՝ թոշակառուի բեռը կթեթեւանա՞, այն պարագայում, երբ ամեն ամիս 10 կամ 20 դրամով թանկանում են պարենային ապրանքները:

- 20 տոկոս վերադարձը գործում է միայն քարտերով գնելու դեպքում։ Սա մի քանի նպատակ ունի, առաջին հերթին՝ ստվերի կրճատումը եւ թոշակառուների գործառնությունից գոյացած ավելի շատ տվյալներ հավաքագրելը, սակայն այստեղ մի քանի խնդիր կա: Պարզ խնդրից սկսենք, որ թոշակառուները կարող են չիմանալ՝ ինչպես քարտերից օգտվել։ Երկրորդը․ շատ են մարդիկ, ովքեր բանկային համակարգում սեւ ցուցակի մեջ են եւ չեն կարող օգտվել պարզապես քարտային համակարգից, որովհետեւ հարկադիրը գալու է եւ տանի գումարը: Սակայն մի տեղ պետք է համաձայնել վարչապետի հետ` կա զգայնության շեմ: Այն մարդու համար, որն ապրում է աղքատության շեմին, էական չէ՝ թոշակը 2 հազար դրա՞մ է բարձրանում, թե՞ 10 հազար, որովհետեւ մինչեւ այդ զգայնության շեմը չհաղթահարվի, ինքը լիարժեք չի զգա, որ իր թոշակը բավարարում է ապրուստի համար: Սակայն, մյուս կողմից էլ, դա արդարացում չի կարող լինել, եւ, այսպես, թե այնպես, պիտի բարձրացնենք թոշակները, գոնե մինիմալ գնաճին համապատասխան, որպեսզի կարողանանք ձգտել այդ զգայնության կետին:

- Փաշինյանը հայտարարել էր, որ 2018 թվականից ի վեր ՀՀ տնտեսությունն աճել է ավելի քան 50 տոկոսով, ՀՆԱ-ն ավելի քան կրկնապատկվել է․ եթե 2017 թ․ 1 շնչին բաժին ընկնող տարեկան ՀՆԱ-ն 3 հազար 872 դոլար էր, ապա 2025 թ․՝ գրեթե 9 հազար 400 դոլար։ Ի՞նչ կասեք այս մասին:

- Սկսենք հայտարարությունից եւ տեսնենք, թե որտեղ է շան գլուխը թաղված, որովհետեւ իրականում Հայաստանում այդպիսի աճ է գրանցվել: Որպեսզի հասկանանք, թե որտեղ է խնդիրը, մի քանի զուգահեռ անցկացնենք՝ պարզ օրինակով․ եթե 2018 թ․ Հայաստանում 5 անձ պայմանականորեն աշխատում էր 1, 2, 3, 4 եւ 5 դրամ եւ միջինը ստանում էր 3 դրամ, այժմ նույն 5 անձը պայմանականորեն վաստակում է 1, 2, 3, 4 եւ 10 դրամ, ինչը միջին աշխատավարձը դարձրել է 4 դրամ։ Այնպես է ստացվում, որ հարուստներն էլ ավելի են հարստացել, եւ սրա հաշվին տնտեսական աճ է գրանցվել: Տնտեսական աճը նայենք ըստ բաղադրիչների՝ հիմնականում ՏՏ եւ բանկային ոլորտներն այս տարիների ընթացքում աճել են 3 անգամ, իսկ մյուս ոլորտներն այնպիսի աճ են գրանցել, որը համահունչ է գնաճին: Գյուղատնտեսությունը միակ բացառությունն է, որտեղ 2018 թվականից 10% աճը կրճատվել է, բարձիթողի վիճակում է: Եթե նայենք, թե որտեղից է գեներացվում այդ փողը, ապա կտեսնենք, որ, օրինակ, աշխատավարձի ֆոնդն այս պահին, որը զգալի աճ է գրանցել 2018 թվականից սկսած, 80%-ը գեներացվում է Երեւան քաղաքում, նույնն էլ՝ գրանցված առեւտրի 80%-ը: Ռուսաստանից եկած մեծ քանակի փողերի եւ այլ ֆակտորների հաշվին 2022 թ. ունեինք 12% տնտեսական աճ, որը բարձրացրեց աշխատավարձերը հիմնականում բանկային ոլորտում: Ռուսաստանից եկած ՏՏ մասնագետների շնորհիվ այդ ոլորտն աճեց, եւ այդ աճը տեղի ունեցավ Երեւանում եւ Երեւանի կենտրոնում, իսկ քաղաքից դուրս՝ մարզերում, վիճակը նույնն է: Այսինքն՝ մենք ունենք մի աճ, որ տեսնում ենք թղթի վրա, սակայն միջին եւ ցածր եկամուտներ ստացող քաղաքացին զգալի տարբերություն չի զգում, որովհետեւ աճը հիմնականում բաժին է ընկել հարուստներին:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image