Մշակույթ

Ում անունն է կրում հայտնի Հայկազյան համալսարանը

Ում անունն է կրում հայտնի Հայկազյան համալսարանը

1921 թվականի հուլիսի 7-ին Մեզերեի ամերիկյան հոսպիտալում վախճանվեց մի մարդ, որի անունը տասնամյակներ անց կդառնա հայկական անկոտրում ոգու խորհրդանիշ։ Խոսքը տիֆից մահացած բժիշկ Արմենակ Հայկազյանի մասին է, որը վարակվել էր այդ մահաբեր հիվանդությամբ՝ գաղթի ժամանակ։ Նրա գերեզմանը կորսվել է հազարավոր գերեզմանների կողքին, սակայն հիշատակը վառ է, քանի որ հայտնի համալսարանը կրում է նրա անունն ու ցայսօր շարունակում է իր կարեւոր առաքելությունը։

Հայկազյան համալսարանի պատմությունը սկսվում է ոչ թե 1955 թվականի հանդիսավոր բացման արարողությամբ, այլ՝ հարյուրամյա վաղեմության ողբերգությամբ։ Հասկանալու համար Հայկազյան համալսարանի էությունն ու ոգին, պետք է նախ անդրադարձ կատարել պատմությանը` այն տարիներին, երբ հայկական մշակույթի գոյության հարցն իսկ մազից էր կախված։ Արմենակ Հայկազյանը ծնվել է 1870 թվականին՝ Կիլիկիայի հնագույն Հաճըն քաղաքում։ 19 տարեկանում ստացել է բակալավրի կոչում` Այնթապի թուրքական քոլեջում, որտեղ միաժամանակ դասավանդել է թվաբանություն՝ ցածր դասարանցիներին։ Դա այն ժամանակն էր, երբ հայ երիտասարդությունն ագահորեն յուրացնում էր գիտելիքներ՝ հասկանալով, որ կրթությունը միակ ճանապարհն է՝ օսմանյան լծի տակ գտնվող հայ ժողովրդի գոյապահպանման համար։ Արմենակ Հայկազյանի ճանապարհն անցել է նախ Մարաշի հոգեւոր ճեմարանով, ապա հասել օվկիանոսից այն կողմ՝ Ամերիկա։ Չիկագոյի համալսարանում նա սովորել է սեմական լեզուներ եւ համեմատական կրոնագիտություն, Հարթֆորդի աստվածաբանական ճեմարանում յուրացրել է հին մերձավորարեւելյան լեզուներ։ Յելի համալսարանում պաշտպանել է դոկտորական ատենախոսություն՝ Սուրբ Գրական գրականության եւ սեմական լեզուների թեմայով։ Թեման Սոփոնիայի մարգարեության տեքստն էր։ 1899 թվականին վերադառնալով Թուրքիա՝ ղեկավարել է Կոնիայի Առաքելական ինստիտուտը, կրթական մի հաստատություն, որը նրա ղեկավարությամբ դարձել է քոլեջ։ Այստեղ պատրաստում էին ուսուցիչներ եւ քարոզիչներ` հայկական մտավորականության ապագա սերուցքին։ Ինստիտուտը ծաղկում էր, ուսանողների թիվը` աճում, եւ թվում էր, թե հայերի լուսավորության ապագան դրվում է ամուր հիմքերի վրա։ Սակայն պատմությունն այլ կերպ ընթացավ։

1915 թվականից սկսվում է ցեղասպանությունը, մայիսի 9-ին Հայկազյանն ընտանիքի հետ աքսորվում է Կոնիայից։ Ինստիտուտը փակվում է։ Ուսանողները ցիրուցան են լինում։ Պատերազմն ավարտվում է, Օսմանյան կայսրությունը փլուզվում է, եւ Հայկազյանը 19 թվականին վերաբացում է ինտիտուտը։ Սակայն վերաբացված կրթական հաստատության կյանքը երկար չի տեւում։ Քեմալականները, որ «նոր Թուրքիայի» համար էին պայքարում, հակված չէին «բնիկ թուրքական հողում» հաշտվել ազգային փոքրամասնությունների գոյության հետ։ 21 թվականի մայիսի 22-ին Հայկազյանը ձերբակալվում է։ Նրան մեղադրում են հակապետական գործունեության մեջ։ Դա սովորական մեղադրանք էր բոլոր նրանց համար, ովքեր «նոր Թուրքիայում» շարունակում էին հայ լինել։ Աքսորի ճանապարհը դեպի Հարփութ 50-ամյա գիտնականի համար դարձավ Գողգոթայի ճանապարհ։ Գերբեռնված վագոնում, որտեղ էլի հայ եւ հույն աքսորականներ կային, նա վարակվում է տիֆով։ Թուրքական իշխանությունները, վախենալով համաճարակից, հրաժարվում են սկզբում Հայկազյանին տեղափոխել ամերիկյան հոսպիտալ։ Միայն այն ժամանակ, երբ նա 50 ոսկյա լիրա է վճարում, որն այն ժամանակների համար ահռելի մեծ գումար էր, թույլատրում են, որ հիվանդանոցային բուժում ստանա։

Հոսպիտալի այն ժամանակվա ղեկավար բժիշկ Մարկ Վորդն իր օրագրում գրել է․ «Մենք մեր բոլոր ուժերով պայքարեցինք նրա կյանքի համար, սակայն փրկել չկարողացանք․ նա մահացավ հուլիսի 7-ին»։ Արմենակ Հայկազյանը հուղարկավորվել է Խարփութի հայկական եկեղեցու գերեզմանոցում։ Ընտանիքը, կինը՝ Մաթիլդան, եւ հինգ դուստրերն այդ ժամանակ Նյու Յորքում էին արդեն։ Նա կարողացել էր ընտանիքին ապահով վայր հասցնել 1920-ի փետրվարին։ Ավագ դուստրը՝ Մերին, ամուսնացել էր գործարար Ավագ Մեխակյանի հետ, որը, պարզվեց, ժառանգել էր ոչ միայն աներոջ ունեցվածքը, այլ նաեւ՝ հայկական կրթության վերածնունդն ապահովելու երազանքը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image