Քաղաքականություն

Երևանը քանդում են…

Երևանը քանդում են…

Երևանը, դրած, տոտալ քանդում են: Փողոց չկա, որտեղ այս պահին «շինարարական» աշխատանքներ չընթանան: Ինչքան քանդող տեխնիկա ունեն՝ հանել են փողոց ու քանդում են, քանդում են, քանդում են: Մի փողոց չավարտած՝ մյուսն են քանդում: Ով երկու հնդիկ ունի և մի տրակտոր, բոլորին շինթույլտվություն են տվել ու ասել են՝ քանդեք: Անտանելի փոշի է, շինարարական ոչ մի նորմ չի գործում, տրանսպորտային խցանումներից առանց այն էլ խեղդվող քաղաքը դարձել է դժոխք: Շոգն էլ մի կողմից:

Էկոնոմիկայի նախարար պարոն Պապոյան, տեսե՞լ ես ինչ է կատարվում նախարարությանդ հարող փողոցում: Մայթերը, որ իբր սարքել էիք, ինչո՞ւ եք նորից քանդում… Փողոցը, որ մեկ անգամ քանդել-լցրել էիք, կարկատել, ինչո՞ւ եք նորից քանդում: Շուրջը օֆիսներ են, մարդիկ չեն կարողանում գործի հասնել՝ սա ի՞նչ վիճակ է:

Թեև ծիրան տշող Պապոյանին ասում եմ, որ ի՞նչ անեմ: Շինթույլտվություն տվողը Պապոյանը հո չի՞: Հրեն, Ադոնցի նորակառույց թաղամասում էլ են քանդում: Տասնյակ բարձրահարկեր են կառուցել, թվում էր՝ վերջ, շուտով կսկսեն շրջակայքը բարեկարգել, մարդիկ կազատվեն փոշուց ու կեղտից: Բայց մեկը եկել, էքսկավատորները հանել է փողոց ու քանդում է՝ կոյուղի են անցկացնում… Բա շուտ մտածեիք, շենքերի հետ այդ կոյուղին էլ անցկացնեիք, ջրագիծն էլ մալուխներն էլ: Հիմա ամեն ինչի համար ջոկ եք քանդում, այ անաստված ներ:

Աճառյան փողոցո՞ւմ ինչ է կատարվում: Ամեն գիշեր մի տեղ ճանապարհը լայնակի փորում են, ինչ-որ լար գցում, ավազով ծածկում ու «ցվրվում»: Ավազը նստում է, փողոցի ամբողջ լայնքով փոս է գոյանում, մեքենաները չեն կարողանում անցնել՝ խցանում, փոշի, կեղըտ, խայտառակություն: Մայթերի մասին էլ չեմ խոսում: Տարիներով մալուխներն իջեցրիք գետնի տակ, լուսավորության նոր սյուներ շարեցիք… Ինչո՞ւ են հին սյուները դեռ տնկված, ինչո՞ւ են մալուխները օդի մեջ: Օրական մի էլեկտրասյան տակ փորում եք… Ինչ է, վերջ չունի՞ այդ ամենը, թե՞ սխալ-մխալ միացումներ եք տվել ու հիմա գլուխ չեք հանում ձեր արածից: Մասնագետ չկա բա… Ասում եմ՝ ով երկու հնդիկ ունի և մեկ տրակտոր, շինթույլտվություն են տվել, ասել են՝ առ էս փողը, գնա այսինչ տեղը քանդիր: Ազատության պողոտա, Պռոշյան, Տիգրան Մեծ, Ծարավ աղբյուր, Մհեր Մկրտչյան… Նույն վիճակն է:

Ամբողջ քաղաքը բեռնատար մեքենաներով է լցված: Ոչ ժամ կա, ոչ պատարագ, ոչ հատուկ անցագիր, ոչ բան… Ծուխ, սոլյարկա, յուղ… Կրիայի արագությամբ շարժվող քաղաքային տրանսպորտն էլ իր հերթին է ծանրացնում վիճակը: Դե եկ ու մի քրֆիր այս ամենի հեղինակին, այս ամենը թույլ տվողին, այս ամենի վրա փող լվացողին, պետության փողը լափողին, աշխատանքի ու տնտեսական ակտիվության իմիտացիա ստեղծողին: Էս «հայվան» խալխն էլ մտածում է, թե սրանք գործ են անում: Ի՞նչ գործ, բալամ, ընտրություններից առաջ լիքը անկապ շինթույլտվություն են տվել, փող, ընտրակաշառք: Ով չի ալարել, դիմել է, ասել են՝ հարց չկա, մեզ կընտրես՝ կգնաս ուզածդ տեղը կքանդես: Եվ քանդում են Երևանը, ու վերջը չի երևում:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image