ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն օրերս հյուրընկալվել էր Հայկական համալսարանում, զրուցել ուսանողների հետ: Մեզ անծանոթ այս համալսարանը, պարզվում է` հիմնադրվել է 2021 թվականին՝ «Հայկական նախագիծ» գիտակրթական հասարակական կազմակերպության կողմից, որի համահիմնադիրներն են քաղաքագետ Էդգար Էլբակյանը, քաղտնտեսագետ Հրանտ Միքայելյանը, տարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Իգիթյանը, արեւելագետ Սերգեյ Մելքոնյանը, արեւելագետ Վարուժան Գեղամյանը։ Կազմակերպությունն իր առաքելությունն է հռչակել՝ զարգացնել հայաստանյան մարդկային կապիտալը՝ նպաստելով ազգային քաղաքացիական հասարակության ձեւավորմանն ու Հայաստանի պետականության ամրապնդմանը։
Հանդիպման նախաձեռնողը եղել է ՀԿ-ն։ «Հայկական համալսարանի շրջանակներում նախաձեռնել ենք հանդիպումների շարք՝ արցախյան առաջին պատերազմի ռազմաքաղաքական ղեկավարության հետ, առաջին նմանատիպ հանդիպումը չէր, եւ լիահույս եմ, որ վերջինը չի լինելու»,- մեզ հետ զրույցում ասաց Էդգար Էլբակյանը՝ տեղեկացնելով, որ նախորդ հյուրն էլ եղել է արցախյան գործիչ Բորիս Առուշանյանը, որն առաջին պատերազմի ժամանակ զբաղեցրել է ԼՂՀ նախարարների խորհրդի նախագահի առաջին տեղակալի պաշտոնը, այսինքն՝ եղել է Արցախի այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանի տեղակալը: Այս խորագրի ներքո զրույցը շարունակական է լինելու, սակայն Էլբակյանը չբացահայտեց, թե ով է լինելու հաջորդ հյուրը․ «Թեպետ մենք՝ դասախոսներս, ունկնդիրներին պատմում ենք ղարաբաղյան շարժման եւ հաղթական պատերազմի մասին, բայց, հաշվի առնելով թեմայի գերկարեւորությունը, դե ֆակտո իշխանությունների կողմից նպատակ է դրված ջնջել Հայոց պատմության այն դրվագները, որոնք հակասում են Թուրքիայի եւ Ադրբեջանի շահերին, այդ թվում՝ արցախյան առաջին պատերազմի մասին է խոսքը։ Ասվածը չափազանցություն չէ, այդ մասին է վկայում այն, որ պետական գերատեսչության կայքերից վաղուց հեռացրել են արցախյան առաջին պատերազմի ժամանակագրությունը, ջնջված են Արցախի պետական կայքերը, որը տնօրինվում էր ՀՀ ԱԱԾ-ի կողմից։ Սա հետեւողական քաղաքականություն է, մենք ցանկանում ենք սրան դիմադարձել եւ վառ պահել արցախյան առաջին պատերազմի մասին պատմությունները` ոչ թե պարզապես դասախոսական ձեւաչափով, այլ ցույց տալով մեր ունկնդիրներին եւ շրջանավարտներին՝ հասու դառնալու դրանց, այսպես կոչված, առաջին ձեռքից»։
Էլբակյանը նշեց նաեւ․ «Հայկական համալսարանը ոչ ֆորմալ կրթական հարթակ է, որտեղ միախառնված է ազգային եւ ժամանակակից գիտելիքը»։ Կրթությունը համալսարանում անվճար է։ Այս պահի դրությամբ համալսարանն ունի շուրջ 230 շրջանավարտ եւ ընթացիկ սովորող շուրջ 70 ունկնդիր։ Նշենք, որ թեմայից դուրս Քոչարյանին այնտեղ նաեւ ընդդիմության համախմբման մասին էին հարցրել, որին նա պատասխանել էր․ «Նայած՝ մենք ինչ ենք հասկանում համախմբվելու տակ։ Եթե հասկանում ենք, թե ինչքան ընդդիմադիր կա, բոլորին հավաքել, ասել՝ բոլորդ միասին եք, այդպես չի լինելու։ Մենք մեզ չխաբենք։ Կոնկրետ նպատակի շուրջ, այո, ես տեսնում եմ, որ հնարավոր է համախմբվել»: