Հայաստանի կալանավայրերում բացակայում են տարրական մասնագիտացված ծառայությունները, որոնք տանելի կդարձնեին հիվանդ եւ հաշմանդամ կալանավորների կյանքը, նվազագույն չափով արժանապատիվ կեցություն կապահովեին նրանց համար: Խոսքը խնամքի ծառայությունների մասին է: Փաստաբան Արա Ղազարյանը պատմում է, որ «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում պահվող պաշտպանյալ է ունեցել, որը 4 ամիս լողացած չի եղել:
«Այդ անձն ի վիճակի չէր տեղաշարժվել, աստիճաններով բարձրանալ երկրորդ հարկ, որ լոգանք ընդուներ: Նրա վրայից հոտ էր գալիս, ստիպված անձեռոցիկով էր մարմինը սրբում, իսկ կալանավայրում ասում էին՝ կարեւոր չէ, դեղորայքը ստանում է` վերջ, հերիք է, բայց մարդը պետք է կարողանա նվազագույն արժանապատիվ պայմաններն ունենալ, դրա համար միայն բուժում ստանալը չէ, այլեւ մասնագիտացված խնամքի ծառայություններ են պետք, որոնք չկան ոչ մի կալանավայրում, եւ այս հարցը պաշտոնյաների օրակարգից դուրս է»,- ասում է փաստաբանը:
Արա Ղազարյանի պաշտպանյալներից մեկը՝ նախկին իրավապահ Ս. Գրիգորյանը, շաքարային դիաբետ ունի, ծանր վիճակում է: Նրա խնամքն իրականացնում է կինը: «Վարդաշեն» ՔԿՀ-ում, ինչպես նաեւ բոլոր մյուս կալանավայրերում, մասնագիտացված խնամքի ծառայություն գոյություն չունի: Արա Ղազարյանը գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ պահանջելով իր պաշտպանյալին ազատել կալանքից, քանի որ նրա առողջական վիճակն անհամատեղելի է կալանքի հետ: Գործն անցել է կոմունիկացման փուլը: Ղազարյանն ու նրա պաշտպանյալը սպասում են ՄԻԵԴ վճռին: «Կալանքը նրան հակացուցված է, սակայն կալանքից չեն ազատում, եւ նրա առողջական վիճակն անընդհատ վատթարանում է: Սա հավասարազոր է խոշտանգման»,- ասում է փաստաբանը:
Դատապարտյալ Ս. Գրիգորյանը 10 տարուց ավելի է, ինչ բանտում է: Դատապարտվել է կենցաղային հողի վրա կատարած սպանության համար: Այժմ 60-ն անց տարիքում է, տարեցտարի շաքարային դիաբետը սաստկանում է: «Դիաբետ ունեցողը պետք է կարողանա ամեն օր իր շաքարը ստուգել, որ որոշի, թե որքան պետք է դեղեր ընդունի, բայց նա չունի չափիչ գործիքներ, աչքաչափով է դա անում»,- ասում է Արա Ղազարյանը:
Եվ սա դեռ համեմատաբար բարեկեցիկ համարվող «Վարդաշենն» է, որտեղ պահվում են նախկին իրավապահներն ու արտասահմանցի դատապարտյալները:
«Կալանավայրերում ունենք սահմանափակ քանակությամբ բժիշկներ, բայց չունենք կալանավորներին խնամող անձնակազմ: Սա խոր համակարգային խնդիր է, որ կալանավայրը չունի խնամքի մասնագիտացված ծառայություններ, բայց այդ մարդկանց, միեւնույն է` անազատության մեջ է պահում, արդյունքում նրանք ենթարկվում են անմարդկային վերաբերմունքի: Մեզանում համարվում է, որ քանի դեռ կալանավորը բուժումը ստանում է` լավ է, բայց մարդը կարող է բուժումը ստանալ, ասենք, դեղորայքային, բայց ամեն օր ենթարկվել անմարդկային վերաբերմունքի, որովհետեւ չի կարող ինքն իրեն խնամել: Եթե չունես նման ծառայություններ, պետք է մարդուն կալանքի չվերցնես: Ես կալանավորներ գիտեմ, որոնք անգամ հաց ուտել չեն կարողանում ինքնուրույն»,- նշում է Արա Ղազարյանը: